Հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի կիրառման աստիճանական սահմանափակումը ճանապարհին է. մասնագետների կարծիքները հակասական են

Կառավարությունն առաջարկում է ըստ մար­զերի և ըստ տարիների աստիճա­նա­բար կրճատել հիփո­թե­քային վարկի սպա­սարկ­­ման համար ֆիզի­կա­­կան անձի կող­մից վճարված տոկոս­ների գումար­­ների չափով եկամտային հարկի վերա­դարձ­ման համակարգի կիրառության շրջա­նակը։

Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրել էր  Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մանրամասնելով. «Նախագծով առաջարկվում է սահմանել, որ 2027 թվականի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո՝ եթե գույքը գտնվում է այլ մարզերում»:

Այս նախագծում առկա որոշ դրույթներ, սակայն, Նիկոլ Փաշինյանը խնդրահարույց էր համարել և առաջարկել նախագիծը հանել օրակարգից, լրամշակել ու կրկին ներկայացնել կառավարության քննարկմանը։

Հիշեցնենք` Երևան քաղաքի առաջին գոտում 2022 թվականի հուլիսի 1-ից  այլևս չի գործում հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի հնարավորությունը։ 2025 թվականի հունվարի 1-ից այդ համակարգը չի գործի ամբողջ Երևանում։ Այս տարվա հունիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝  հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձը 2027 կամ 2028 թվականից կփակվի նաև երևանամերձ մարզերի համար։

Կարդացեք նաև

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանի գնահատմամբ՝ կառավարության այս նախաձեռնությունը բացասական հետևանք կունենա կառուցապատման ոլորտի համար:

168.amի հետ զրույցում Արմեն Սաքապետոյանը նկատեց՝ քանի որ մարզերում դեռևս քիչ է կառուցապատումը, այսինքն՝ շուկան դեռևս լիարժեք չի տեղափոխվել մարզեր, մարզերում այդ ազդեցությունը գնահատել դեռ չի կարող, սակայն Երևան քաղաքում ծրագրի կասեցումը կբերի խնդիրների:

«Կառավարությունն այս փոփոխությունն իրականացրել է տարածքային համաչափ զարգացման տրամաբանության տեսանկյունից, սակայն ակնհայտ է մի բան՝ այդ խնդիրը, որը դրվել է, չի լուծվի, որովհետև շատ քիչ կառուցապատողներ են հայտնի, որոնք Երևանի շառավղից 30 կամ 50 կմ-ի վրա են կառուցապատում իրականացրել: Այս օրենքի փոփոխությամբ կառուցապատումն ընդամենը կտեղափոխվի Բագրևանդ փողոցի մի մայթից՝ մյուս մայթը»,- շեշտեց մասնագետը:

Ըստ նրա, երբ 2025 թվականից արդեն եկամտահարկի հետվերադարձի  համակարգն ամբողջությամբ դադարի գործել Երևան քաղաքում, մենք կունենանք ոչ թե մարզերի համաչափ զարգացում, այլ Երևանի մեծացում՝ իր բոլոր հետևանքներով:

«Այսինքն՝ Երևանից հանելը չի բերի այն էֆեկտին, որ կառուցապատողը գնա, օրինակ, Վայքում, Բերդում կամ Ամասիայում կառուցապատում իրականացնի»,- հավելեց նա:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ, սակայն, այս ծրագրի հիմնական շահառուներն են դարձել բանկային համակարգը և կառուցապատողները, հետևաբար, այն պետք է սահմանափակել, իսկ դրան ուղղված գումարները հատկացնել ուղղակի շինարարությանը:

168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ տնտեսագետը հիշեցրեց, որ ծրագրի մեկնարկի (2015 թ.) նպատակը շինարարության ոլորտի խրախուսումն էր. «Այդ ժամանակ բնակարաններ էին կառուցվել և բնակարանների իրացման հետ կապված խնդիրներ կային: Այս ծրագիրը սկզբնական շրջանում նույնիսկ սահմանափակումներ չուներ, և մարդիկ կարող էին անգամ 100-200 միլիոն դրամանոց տներ գնել, հետագայում՝ շեմը նվազեցրին և դարձրին 55 միլիոն, ապա նաև սահմանափակեցին՝ այն մարդկանց թիվը, որոնք կարող էին օգտվել ծրագրից (նրանք, որոնք բնակարան ունեին, որոնք արդեն օգտվում էին այդ ծրագրից, և այլն)»:

Սուրեն Պարսյանը նկատեց, որ այս սահմանափակումները կիրառվում էին, որովհետև այդ ծրագրից սկսել էին օգտվել բարձր եկամուտ ստացող անձինք՝ մինչդեռ, ըստ սոցիալական նշանակության, այն պետք է ծառայեր միջին կամ ցածր խավի ներակայացուցիչների:

«Վերջին տարիների ընթացքում այս ծրագրի նկատմամբ պահանջարկը կտրուկ ավելացավ՝ պայմանավորված բանկային ու պետական քաղաքականությամբ: Պետությունը՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի, սկսեց աջուձախ շինթույլտվություններ տրամադրել, և սրա արդյունքում 350-ից ավելի շինհրապարակներ առաջացան Հայաստանում: Այդ բնակարանների իրացման համար բանկերը սկսեցին հիփոթեքային վարկեր առաջարկել ավելի մեղմ պայմաններով. ապա նաև՝ սկսեցին ավելի մեղմ դիտարկել մարդկանց եկամուտների չափը (շատ հաճախ ուշադրություն էին դարձնում ոչ թե մարդկանց օրինական եկամուտներին, այլ սև եկամուտներին),- հավելեց նա՝ պարզաբանելով,- Այսինքն՝ բանկային համակարգը սկսեց փչել այս շինարարական փուչիկը, քանի որ ինքը հիմնական օգտվողն էր. միայն այս տարի բանկերը եկամտային հարկի վերադարձի  համակարգից մոտավորապես 80 միլիարդ դրամ գումար են ստացել»:

Մասնագետը շեշտեց՝ ծրագիրը հասցեականության խնդիր ունի, քանի որ դրանից օգտվում են ոչ թե ֆիզիկական անձինք, այլ բանկերը: Նա համոզված է՝ բանկերի ստացած շահույթով՝ կառավարությունն ինքը կարող էր շենքեր կառուցել և նվիրել սոցիալապես անապահով ընտանիքներին, կամ՝ ինքնարժեքով տրամադրել տարբեր խավերի՝ գիտնականներին,  բժիշկներին, շինարարներին:

«Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովն էլ կարծում է, որ այս որոշումների առաջին փուլի կիրառմամբ արդեն իսկ կան կոնկրետ հետևանքներ:

«Այս պահի դրությամբ Կենտրոն, Արաբկիր համայնքներում այդ ծրագիրն արդեն իսկ չի գործում, և վերջին ամիսների թվերը եթե համեմատում ենք նախորդ տարիների հետ, ապա առաջնային շուկայում գործարքներն էականորեն նվազել են,- 168.am-ի դիտարկումներին ի պատասխան՝ մանրամասնեց անշարժ գույքի շուկայի մասնագետը և հավելեց,- Եվ եթե ամբողջ հանրապետության տարածքում դա չեղարկվի, այդ ոլորտում միանշանակ անկում ենք ունենալու»:

Անդրանիկ Հարությունովը տեղի չի համարում այս իրավիճակի համար հաճախ օգտագործվող «շինարարական փուչիկ» ձևակերպումը՝ նկատելով, որ թե՛ Երևանում, թե՛ մարզերում կա բնակֆոնդի հսկայական պահանջարկ, հետևաբար՝ գործընթացը բնական է:

«Իսկ առաջնային շուկայում այդ շարժը հիմնականում ապահովում էր եկամտահարկի վերադարձի օրենքը, ինչը մեծ ազդեցություն ուներ տնտեսության վրա, քանի որ կառուցապատման ոլորտի հետ փոխկապակցված բազմաթիվ ոլորտներ կան: Այս ոլորտում փոփոխությունը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու և ազդելու է բոլորի վրա»,- ամփոփեց նա:

Տեսանյութեր

Լրահոս