Բաժիններ՝

Գիտնականները զգուշացնում են սպիտակուցներով հարուստ սննդակարգի վտանգների մասին

Վիսկոնսինի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ սպիտակուցներով հարուստ սննդակարգին հետևելը կարող է վնասել նյութափոխանակություը և մեծացնել շաքարախտի վտանգը: Հետազոտության արդյունքները, ըստ shantnews-ի՝ հրապարակվել են eLife ամսագրում։

Սպիտակուցը մարմնի հիմնական շինանյութն է: Այն անհրաժեշտ է մկանների ծավալը պահպանելու, վնասվածները վերականգնելու և մեռած հյուսվածքները փոխարինելու բոլոր օրգաններում (օրինակ՝ մազեր, եղունգներ և մաշկ), արյան կարմիր բջիջներ արտադրելու և կարգավորելու մի շարք հորմոնների բնականոն գործունեությունը: Այս սննդարար նյութը պարունակվում է այնպիսի մթերքների մեջ, ինչպիսիք են ձուն, միսը, կաթնաշոռը և հատիկաընդեղենը:

Այնուամենայնիվ, նստակյաց կենսակերպ ունեցող մարդկանց մոտ սպիտակուցի ավելցուկը կարող է հանգեցնել շաքարախտի և առաջացնել ճարպային զանգվածի ավելացման: Այս վարկածը ստուգելու համար գիտնականները մկների միջոցով փորձ են անցկացրել: Կրծողները բաժանվել են երկու խմբի՝ առաջինը հետևել է բարձր սպիտակուցային սննդակարգին , երկրորդը՝ ցածր սպիտակուցային սննդակարգին: Բացի դրանից, առաջին խմբի մկները վարժություններ են կատարել՝ շաբաթական երեք անգամ բեռով սայլ են քաշել։

Երեք ամիս անց պարզվել է, որ այն մկները, որոնք բարձր սպիտակուցային սննդակարգով են եղել, ավելորդ ճարպային զանգված են ձեռք բերել։ Միևնույն ժամանակ, կրծողների մոտ վատացել է ինսուլինի նկատմամբ զգայունությունը, ինչը բնորոշ է շաքարային դիաբետին:

Հետազոտության հեղինակները նշել են, որ այն մարդկանց համար, ովքեր չեն զբաղվում սպորտով կամ ֆիթնեսով, սպիտակուցներով հարուստ դիետան ավելի վնասակար կլինի: Շաքարախտի վտանգը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում բարձրացնել մարզումների ծանրաբեռնվածությունը կամ նվազեցնել սպիտակուցի ընդունումը:

Տեսանյութեր

Լրահոս