«Եթե ադրբեջանական քաղաք չի ընկել, Ալիևը շարունակելու է, մինչև հայկական քաղաք ընկնի». ընդդիմադիր Փաշինյանի 2016-ի առաջարկների հետքերով
Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ճանապարհին կան լավ և վատ լուրեր:
Լավ լուրն այն է, որը տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ բրյուսելյան եռակողմ հանդիպումների արդյունքում, որոնք արձանագրվել են Միշելի` մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։
Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ուզում է ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը (Հայաստան՝ 29․800 քառակուսի կմ, Ադրբեջան՝ 86․600 քառակուսի կմ), և ոչինչ, որ ադրբեջանական կողմը շարունակում է կասկածի տակ դնել ՀՀ տարածքային ամբողջականությունը, անգամ Փաշինյանի՝ Խորհրդային հանրագիտարանից վերցված քկմ-ով: Երկրորդ՝ ըստ Փաշինյանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև որպես սահմանազատման քաղաքական հիմք՝ համաձայնեցվել է 1991թ․ Ալմա Աթայի հռչակագիրը։ Այստեղ էլ կան վիճելի, նաև՝ վտանգավոր պահեր ՀՀ-ի համար:
168.am-ը գրել էր, որ 1991-ին Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչի մասին հարցազրույցներից մեկում ասել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը (В 1991 году она не признала территориальную целостность Азербайджана, поскольку у Армении была поправка, в которой указывалось, что они признают территориальную целостность Армении вместе с Карабахом. Во-вторых, юридических оснований подписывать мирное соглашение не существует, согласно конституции Армении):
Իսկ 2022 թվականին Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում ՀՀ Արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մասնավորապես, ասել էր.
դա կարևորագույն փաստաթուղթ էր, այն ընդունվեց 1991թ. դեկտեմբերի 21-ին, դրանով արձանագրվեց ԽՍՀՄ փլուզումը, և այսօր միջազգայնորեն ընդունված է, որ Խորհրդային Միությունը փլուզվել է դեկտեմբերի 21-ին: Մեզ համար դա կարևոր է նաև, եթե մենք անդրադառնում ենք Արցախի հարցին, քանի որ Արցախի ինքնորոշման հանրաքվեն տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին: Այսինքն՝ հռչակագիրն ընդունելու պահին Արցախն արդեն անկախ էր: Արձանագրենք՝ սա մեզ համար կարևոր հանգամանք է: Երկրորդ՝ տարածքային ամբողջականությունը երբեք չի կարելի հակադրել ինքնորոշման իրավունքին: Դրա մասին է խոսում ՄԱԿ-ի կանոնադրությունը, որին հղում է արվում Պրահայի հայտարարությամբ, և դա համընդհանուր նորմ է. ավելին, եթե կա որևէ համաձայնագիր, որը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, ապա գործում է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Դա բարձրագույն իրավական ուժ ունի: Բայց նաև նշեմ, որ հենց հռչակագիրն ինքնին խոսում է ինքնորոշման իրավունքի մասին: Ավելին, երբ վավերացվում էր Ալմա Աթայի հռչակագիրը, այն ընդունվում է վերապահումով՝ կապված հենց Արցախի շահերի հետ»:
Այնուհետև Շավարշ Քոչարյանը շարունակել էր. «Ամբողջ խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը ստորագրել է, բայց չեն վավերացրել: Այսինքն՝ ինքը՝ Ադրբեջանը, Մութալիբովի ստորագրությունը համարել է առոչինչ: Իսկ ինչպե՞ս Ադրբեջանը դարձավ ԱՊՀ անդամ: Դա մի ֆանտաստիկ արագությամբ իրադարձություն էր: 1993 թվականի սեպտեմբերի 24-ին Ադրբեջանը դառնում է ԱՊՀ անդամ, նույն օրը Հեյդար Ալիևը ստորագրում է Ալմա Աթայի հռչակագիրը, այդ նույն օրը Բաքվում տեղի է ունենում իրենց Գերագույն Խորհրդի նիստը, որը վավերացնում է ոչ թե հռչակագիրը, այլ ընդամենն ԱՊՀ կանոնադրությունը: Եվ այդ նույն օրը ԱՊՀ ղեկավարների խորհուրդն ընդունում է Ադրբեջանի անդամակցության մասին որոշում: Սա շատ էական է հասկանալը: Ո՞ր սահմաններով է Ադրբեջանն անդամակցել ԱՊՀ-ին. այն սահմաններով, որով 1993 թվականին է եղել: Այսինքն՝ այն սահմաններով, որոնք գրեթե կային մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը»:
Այսինքն, այստեղ կան բազմաթիվ հարցեր, որոնք Նիկոլ Փաշինյանը կամ չի հասկանում, կամ դիտավորյալ անտեսում է:
Իսկ խաղաղության հաստատման ջատագով Հայաստանը միշտ է եղել՝ ընդունելով, որ ցանկացած դեպքում խաղաղ բանակցելը գերադասելի է, քան կրակելը, ուստի նախկին իշխանությունները ճկուն են մոտեցել Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցին՝ բանակցային գործընթացին չվնասելու առումով: Մյուս կողմից, Արցախի ինքնորոշման իրավունքը հայկական կողմը որպես առաջնահերթ պայման է առաջ քաշել բանակցություններում՝ անվտանգության գոտի հանդիսացող տարածքների դիմաց:
Ժողովրդի ինքնորոշումն ընդհանրապես չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին
2016-ին Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր.
«Մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց ժողովրդի ինքնորոշումն ընդհանրապես չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, որովհետև տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը` մայրաքաղաքին և ժողովրդին, որը բնակվում է իր պատմական հայրենիքում։ Եթե մենք անտեսում ենք ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում չպետք է դուրս գայինք Խորհրդային Միության կազմից, չէ՞ որ դա տեղի ունեցավ այդ սկզբունքի հիման վրա։ Ուստի այս սկզբունքները միմյանց չեն հակասում։
Երբ մենք ստացանք համանախագահների առաջարկը, հայկական կողմն ասաց, որ դա այն փաստաթուղթը չէ, որի մասին մենք երազել ենք, բայց մենք համաձայն ենք բանակցություններ վարել այդ սկզբունքների շրջանակում և այդ փաստաթղթի շուրջ։ Ադրբեջանը երկար ժամանակ չէր համաձայնում։ Միայն 2008թ. հունիսին ադրբեջանական կողմը տվեց իր համաձայնությունը, ի դեպ, դա նախագահ Ալիևի հետ իմ առաջին հանդիպումն էր: Սակայն Բաքու վերադառնալուց հետո նրանք հայտարարություն տարածեցին, որ նման փաստաթուղթ գոյություն չունի։ 2008թ. խորհրդարանական ընտրություններից հետո մենք հավաքվեցինք Մոսկվայում և Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ բանակցություններ վարեցինք ու ստորագրեցինք փաստաթուղթ, որն այս 25 տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված միակ փաստաթուղթն է։
Մենք հանդիպեցինք Մայնդորֆում և ստորագրեցինք փաստաթուղթ, որի համաձայն` Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միայն քաղաքական ճանապարհով։ Հետո բանակցային գործընթացը շարունակվեց, և մենք մի քանի անգամ մոտ էինք այն փաստաթուղթը ստորագրելուն, որտեղ բոլոր այդ սկզբունքները հստակ արտացոլված էին։ Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք վերցված են՝ որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված։ Թողնում ենք տարածքները, հեռանում: Բայց այնտեղ առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով»:
Մյուս կողմից, այս տարիներին հայկական զինված ուժերը կարողացել են ապահովել դիրքային բարելավումներ, իսկ պարտադրված պատերազմում կամ սադրանքների ժամանակ հակառակորդին պարտադրել խաղաղությունը, մնացածն արդեն դիվանագիտության անելիքն է եղել: Ինչպես Ապրիլյան պատերազմից հետո նշել էր Սերժ Սարգսյանը՝ «զինվորը հակառակորդին բան չունի ասելու. զինվորը հակառակորդին իր ասելիքն ասում է մարտի դաշտում»:
«Քանի դեռ ադրբեջանական քաղաք չի ընկել, Ալիևը շարունակելու է, մինչև հայկական քաղաք ընկնի»
Իսկ ի՞նչ էր նույն ժամանակ պահանջում «Լելե Թեփեի» կամ 800 հա-ի կորուստը շահարկող ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:
2016թ. ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 3-ին մի խումբ գործընկերների հետ մեկնել էր Ղարաբաղ, իսկ ապրիլի 5-ին «Հայկական ժամանակը»՝ խմբագիր Աննա Հակոբյանը, ներկայացրել էր Փաշինյանի հարցազրույցը, որտեղ նա նախ ասել էր, որ «2016 թվականի ապրիլի լույս 2-ի գիշերը Մարտակերտի շրջանից, Մատաղիս-Թալիշ հատվածից Ադրբեջանը լայնածավալ ներխուժման փորձ է իրականացրել, որը, սակայն, մեր Զինված ուժերի արագ արձագանքի արդյունքում կասեցվել է»:
«Նմանատիպ փորձ եղել է նաև հարավային շրջանում և այդ փորձը նույնպես կասեցվել է: Այսինքն, Իլհամ Ալիևը խնդիր է դրած եղել մտնել և Ղարաբաղում հնարավորինս մեծ տարածքներ գրավել: Այդ խնդիրը ադրբեջանցիները չեն կարողացել լուծել, բայց մեր այցի ժամանակ՝ ապրիլի 4-ին, Մատաղիս-Թալիշ հատվածում ռազմական գործողությունները մեծ ծավալով շարունակվում էին: Նաև Մարտակերտ քաղաքին էր հարվածներ հասցվում ադրբեջանական կողմից: Ընդհանուր առմամբ սա է գնահատականը. կարող ենք արձանագրել, որ 1994 թվականի զինադադարը այլևս չկա. պատերազմը վերսկսվել է»:
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում թշնամու և մեր դիրքերը տեղեկատվական և դիվանագիտական առումով, Փաշինյանը պատասխանել էր.
«Քանի որ ես տեղեկատվությանը ճանապարհներին լինելու պատճառով առանձնապես չեմ հետևել, կարող եմ ասել, թե ինչ տրամադրություն կա Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների շրջանում: Քաղաքացիների հետ մեր զրույցները ցույց են տալիս, որ նրանք կարծում են, որ, այսպես ասած, չափազանցված խաղաղասիրությունը բավական վնասակար երևույթ կարող է լինել, որովհետև հակառակորդը կարող է զգալ անպատժելիություն: Ալիևը պատերազմ է սկսել լայնածավալ տարածքային ագրեսիա իրականացնելու համար. բնականաբար հարց է ծագում՝ ո՞րն լինելու ելքը այս իրավիճակից: Առաջին ներխուժման փորձը մեր զինված ուժերը կասեցրին: Բայց այս կետի վրա կանգնելը ԼՂՀ քաղաքացիները կարծես այլևս չեն ընկալում որպես իրավիճակի հնարավոր լուծում: Իրավիճակի հնարավոր լուծումը, որը թույլ կտա երկարաժամկետ առումով զինադադարի հասնել, ըստ Ղարաբաղի բազմաթիվ քաղաքացիների, հետևյալն է. հայկական կողմը պետք է Ադրբեջանին լուրջ և շոշափելի տարածքային կորուստներ պատճառի:
Այսինքն, մեր խնդիրը, ըստ նրանց՝ չպիտի լինի կորսված դիրքերի վերականգնումը, կամ այսօրվա իրավիճակի արձանագրմամբ զինադադարի հաստատումը: Ենթադրենք՝ կորսված դիրքերը վերականգնեցինք կամ զինադադար հաստատեցինք առանց դրա. մեկ շաբաթ հետո Ադրբեջանը նորից նույն գործողությունն արեց, ի՞նչ պետք է անենք հետո: Սա լուծում չէ: Եվ ուրեմն լուծումը, ըստ Ղարաբաղում տիրող հասարակական կարծիքի, այն է, որ մենք պետք է Ադրբեջանին շոշափելի տարածքային կորուստներ պատճառենք: Նախորդ անգամ Ադրբեջանը զինադադարի գնաց տարածքների 20 տոկոսը կորցնելուց հետո, հիմա գուցե թե երկարաժամկետ զինադադարը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը ևս 10 կամ 20 կամ չգիտեմ քանի տոկոս տարածքներ կորցնի, այնպիսի տարածքներ, որի կորստի շոկից մի քանի տարի չսթափվի: Սա է մեր դիտարկմամբ՝ այսօր Ղարաբաղում տիրող հասարակական կարծիքը: Իսկ թե ինչքանով է այս ծրագրի իրականացումը հնարավոր քաղաքական, աշխարհաքաղաքական և ռազմական իմաստով, դա արդեն բոլորովին ուրիշ թեմա է, ուրիշ ֆորմատով քննարկման առարկա»:
Հակադարձմանը՝ «ըստ ձեզ՝ ինչի՞ կարող է վերածվել այս իրավիճակը և որքա՞ն կտևի», ընդդիմադիր Փաշինյանը նշել էր.
«Այն, ինչի կարող էր վերածվել, կարծում եմ՝ արդեն վերածվել է, այսինքն՝ վերածվել է պատերազմի: Մենք սա պետք է հստակ արձանագրենք. ԼՂՀ-ն գտնվում է լիարժեք պատերազմի մեջ: Իսկ թե ինչքան կտևի, արդեն ասացի. եթե մենք այս պահի իրավիճակի արձանագրումով հասնենք զինադադարի, դա կարող է տևել շատ կարճ, որովհետև մի քանի դիրքի գրավումը մեկ շաբաթ վայելելով՝ Ալիևը կարող է նոր բնագծեր նվաճելու ցանկություն ցուցաբերել: Նույնիսկ մեծ թվով ադրբեջանցի զինվորների զոհվելը չի կանգնեցնի պատերազմը, որովհետև մի քանի դիրքերի գրավումը Ալիևը ներկայացնում է որպես մեծագույն հաղթանակ, իսկ մեծագույն հաղթանակը ձեռք է բերվում ոչ փոքր թվով զոհերի գնով: Զինադադարը կարող է տևական լինել միայն այն դեպքում, երբ այս փուլում Ադրբեջանը շոշափելի և էական տարածքային կորուստներ կրի: Իմ կարծիքով, այս պատերազմը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂՀ-ն Ադրբեջանից ևս մեկ կամ երկու շրջան չի գրավել: Կամ՝ առնվազն պետք է ադրբեջանական քաղաք ընկնի, որպեսզի սա դադարի: Որովհետև եթե քաղաք չի ընկել, ուրեմն Ալիևն այնքան է շարունակելու, մինչև հայկական քաղաք ընկնի: Սրանից հետո էլ, ըստ ամենայնի, ավելի կոգևորվի: Որևէ այլ բան, որ այս իրավիճակում պետք է կանգնեցնի Ալիևին, անկեղծ ասած, չեմ տեսնում: Էլի եմ ասում, այլ խնդիր է, թե սա որքանով է իրականանալի քաղաքական, ռազմական, աշխարհաքաղաքական առումով: Դա արդեն լրիվ ուրիշ ֆորմատի քննարկման հարց է»:
Դիվանագիտությունը ցանկություն չէ
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արկածախնդիր. պահանջել է մի բան, որի հետևանքները չի պատկերացրել: Այն, ինչի ականատեսը եղանք 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում, հետո և մինչև հիմա: Սա կոչվում է արկածախնդրություն, դիվանագիտությունից հեռու լինել:
Իսկ ի՞նչ էր ասում դիվանագիտության մասին Սերժ Սարգսյանը 2016-ի դեկտեմբերին, երբ ԱԳՆ-ում մասնակցում էր տարեվերջյան հանդիպմանը:
«Դիվանագիտությունը ցանկություն չէ՛: Բանակցությունները ցանկությունների կատարում չե՛ն: Բանակցությունը, ես փորձառու դիվանագետ չեմ, բայց ամենայն հավանականությամբ, փոխզիջում գտնելու ունակություն է: Եվ ուզում եմ մեկ անգամ ևս ձեր ներկայությամբ ընդգծել, որովհետև ձեզնից ստույգ որևէ մեկը չգիտի, որ սկսած 2007 թվականից, որևէ այլ տարբերակ, քան Մադրիդյան սկզբունքներն են, որևէ տեղ չի քննարկվել: Ինչո՞ւ մենք, իմանալով բոլոր մանրամասները, որովհետև մենք ենք բանակցողները, մեր հանրությանը մանրամասների մասին տեղյակ չենք պահում: Առնվազն երկու պատճառով. դուք, լինելով փորձառու բանակցողներ, շատ լավ գիտեք, որ բանակցությունների գնալիս չես կարող քո ողջ, այսպես ասած, գործիքակազմն ու հնարամտությունները կամ քո տակտիկան, կամ ստրատեգիան բացահայտել, որովհետև ժամանակակից աշխարհում այդպես է՝ եթե մենք Երևանում երկու բառ ենք խոսում, այդ երկու բառը կայծակի արագությամբ արդեն և՛ Բաքվում, և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում, և՛ Փարիզում միանգամից դառնում է հանրային սեփականություն: Սա՝ մեկ: Եվ երկրորդ` բոլորին է հայտնի, որ սկզբունքային բանակցությունների ժամանակ գործում է հետևյալ սկզբունքը՝ ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ»,- ԱԳՆ-ում 2016-ի դեկտեմբերին նշել էր ՀՀ 3-րդ նախագահը:
Այսօր Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ելույթի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս խոսում են դիվանագիտական տարբեր լեզուներով և հաճախ չեն հասկանում միմյանց։
Ավելին, ըստ նրա, Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան», Հայաստանն այդպես է ներկայացվում դպրոցներում, համալսարաններում, ադրբեջանական լրատվամիջոցներով, տասնյակ հայ գերիներին Ադրբեջանը չի վերադարձնում, և այլն: Այսինքն, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է տեսնում Ադրբեջանը:
Ի դեպ, նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող հրազենային վիրավորում է ստացել:
Բայց Նիկոլ Փաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և առաջ քաշել զորքերի հետքաշման վտանգավոր առաջարկը մի երկրի, ով 2021-2022 թվականներին մոտ 140 քկմ տարածք է օկուպացրել և չի պատրաստվում դուրս գալ, փոխարենն Ադրբեջանը հետևողականորեն ՀՀ-ին տարածքային նորանոր պահանջներ է ներկայացնում, ընդ որում, հղում անելով հենց Նիկոլ Փաշինյանին: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս չի հիշում Ալիևին կանգնեցնելու՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի առաջարկները: