Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հարցում լավ ու վատ լուրեր կան․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ճանապարհին կան լավ և վատ լուրեր։ Այսօր Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ելույթի ժամանակ այս հայտարարությունն արեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ լավ լուրն այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Դա տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ բրյուսելյան եռակողմ հանդիպումների արդյունքում, որոնք արձանագրվել են Միշելի` մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։
Նա հիշեցրեց արձանագրված սկզբունքները՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը (Հայաստան՝ 29․800 քառակուսի կմ, Ադրբեջան՝ 86․600 քառակուսի կմ)։ Երկրորդ սկզբունքով Հայաստանի և Ադրբեջանի միջև որպես սահմանազատման քաղաքական հիմք համաձայնեցվել է 1991թ․ Ալմա Աթայի հռչակագիրը։
«Նաև կա ըմբռնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պատրաստ են ստանձնել իրավական պարտավորություն՝ ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշելու վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ սա է նաև պատճառը, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է փոխադարձաբար զորքեր չունենալ Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմանից այս ու այն կողմ։
Նրա խոսքով` այս ամենն Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների լավ լուրերն են։ Վարչապետը թվարկեց նաև վատ լուրերը՝ շարքը սկսելով նրանից, որ երկու երկրները դեռևս խոսում են դիվանագիտական տարբեր լեզուներով և հաճախ չեն հասկանում միմյանց։
Փաշինյանի կարծիքով՝ սրա համար կան նաև օբյեկտիվ պատճառներ՝ երկարատև հակամարտությունը, հազարավոր զոհեր, տասնյակ գերիներ, տասնամյակներով գերիշխող ատելության մթնոլորտն ու կասկածները։
Նա շեշտեց, որ չափազանց կասկածելի է այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»։
Ավելին` Հայաստանն այդպես է ներկայացվում դպրոցներում, համալսարաններում, ադրբեջանական լրատվամիջոցներով։
Սա Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում։ Վարչապետի խոսքով՝ սա է նաև խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից մեկը։ Հայաստանը չի հասկանում նաև տասնյակ գերիներին Հայաստանին հետևողականորեն չվերադարձնելու ադրբեջանական մոտեցումը։
Այնուամենյանիվ, ըստ Փաշինյանի, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և մտադիր է ակտիվացնել դիվանագիտական ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
Փաշինյանը նաև նաև նշեց, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է հասցեագրել էքսկլավ, անկլավների հարցերը։ «Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող էքսկլավ Արծվաշենը, օրինակ, ավելի քան 30 տարի գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո»,- ասաց նա։