«Արթիկ» ՔԿՀ–ում ազատազրկված անձինք ցուցաբերել են անհնազանդություն. ՔԿԾ
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձինք ցուցաբերել են անհնազանդություն, հայտնում է քրեակատարողական ծառայությունից։
Նշվում է, որ խցերից չթույլատրված առարկաների և սահմանված չափանիշներին չհամապատասխանող կահույքի դուրսբերման աշխատանքները և այլ իրավաչափ գործողություններն ազատազրկված անձանց մոտ առաջացնում էին դժգոհություններ, որոնք ուղեկցվում էին անօրինական պահանջներով։
«Հոկտեմբերի 24-ին ծառայողների կողմից վերոնշյալ հերթական գործողությունների իրականացման ընթացքում ազատազրկված անձինք խաթարել են հիմնարկի բնականոն աշխատանքը, ցուցաբերել են անհնազանդություն, անհարգալից վերաբերմունք և բացահայտ ագրեսիվ վարքագիծ՝ ֆիզիկական ուժ գործադրելով ծառայողների նկատմամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացնում են, որ քրեակատարողական ծառայողների կողմից տարված բացատրական և կանխարգելիչ աշխատանքների արդյունքում իրավիճակը կարգավորվել է։ Ներկայում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրավիճակը կայուն է և գտնվում է ամբողջական վերահսկողության ներքո։

