Փաշինյանը քարտեզ հրապարակեց. ՀՀ պատմության մեջ առաջին անգամ Արցախը որևէ կերպ նշված չէր այդ քարտեզի վրա. Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համար մերժելի է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը, թե Արցախի պետական ինստիտուտները պահպանելն անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար: Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ սա ՀՀ գործող իշխանության կողմից տարվող ազգակործան քաղաքականության շարունակությունն է:
Ա. Մինասյանը համոզմունք հայտնեց, որ հաշվի առնելով Արցախի ամբողջական հայաթափման փաստը՝ այսօր պետք է խոսել ո՛չ թե 101.000, այլ 150.000 և ավելի արցախցիների մասին՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունների հետևանքով առաջացած իրական պատկերը:
«Միանշանակ է, որ պետական մի շարք ինստիտուտներ առաջին հերթին ժողովրդի սուբյեկտայնությունը մատնանշող ու նրա ներկայացուցչական բարձրագույն մարմինը՝ ԱԺ-ն, նախագահը, արտաքին քաղաքականությունը ներկայացնող գերատեսչությունը, Արցախի Հանրապետության բազմաթիվ այլ պետական հաստատությունները, իհարկե, պետք է գործեն, ու հավուր պատշաճի բարձրացնեն արցախահայության հավաքական ու անհատական խնդիրները: Իսկ թե ի՞նչ կարգավիճակով, իրավունքներով ու միջազգային երաշխիքներով կվերադառնան՝ դա որոշելու է Արցախի ժողովուրդը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նույն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ համոզմունք հայտնեց, որ ՀՀ իշխանությունների կողմից տարվող այս քաղաքականության նպատակն է՝ վերջնականապես փակել Արցախի հարցը:
«Փաշինյանը հրապարակեց քարտեզ: ՀՀ պատմության մեջ առաջին անգամ Արցախը որևէ կերպ նշված չէր այդ քարտեզի վրա: Եվ նրանք շատ լավ հասկանում են, որ եթե Արցախի ժողովուրդն այստեղ ապրի, քաղաքական ներկայացվածությունը պահի, ապա Արցախի հարցը կմնա օրակարգում: Հետևաբար՝ ամեն ինչ անելու են, որպեսզի դա տեղի չունենա՝ Արցախի պետական ինստիտուտների՝ Հայաստանում գործելու համար ոչ բարենպաստ պայմաններ ապահովելու միջոցով: Ակներևաբար, ՀՀ իշխանությունները ռիսկ են տեսնում ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչների գործունեության մեջ, բայց որ ադրբեջանցիները գրավել են ՀՀ ինքնիշխան տարածքից 250 քկմ տարածքն ու զվռնում են ՀՀ տարածքում, մահ ու ավեր են սփռում՝ իրենց համար ազգային անվտանգության վտանգ չէ»,- վրդովմունք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի ստեփանյան