Ատեստավորումը Տնտեսագիտության ինստիտուտում իրավիճակը թեժացրել է․ աշխատակիցները նախատեսում են դիմել իրավասու ատյաններին
Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ գիտաշխատողները շեշտում են՝ գիտական կադրերի ատեստավորումը պետք է լինի հավասար պայմանների և գիտական արդյունավետության գնահատման համատեքստում, մինչդեռ, այս առումով առկա են մտահոգություններ։
Դեռ շաբաթներ առաջ այս մտահոգությունները տեղ էին գտել մամուլում, սակայն 168․am-ի խմբագրություն ահազանգած գիտաշխատողները, որոնք դեռևս ցանկանում են անանուն մնալ, նշում են՝ իրենց բարձրաձայնած խնդիրները շարունակում են անլուծելի մնալ, իսկ դրանք վերաբերում են ոչ միայն անհատական տարակարգերին, այլև այն սկզբունքներին, որոնցով պետք է գնահատվեն գիտական աշխատանքի արդյունքները, ապահովվեն հավասար հնարավորություններ և հիմնավորվի պետական ֆինանսավորման արդյունավետությունը։
Ատեստավորման իրավական հիմքը և մտահոգության պատճառը
ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» N 2298 որոշման հավելվածով սահմանվել են տարբեր տարակարգեր հայցող գիտաշխատողների նվազագույն քանակական չափանիշները։ Կարգը նախատեսում է համընդհանուր և/կամ համապետական ատեստավորում հինգ տարին մեկ անգամ։
Քանի որ նախորդ ատեստավորումը տեղի էր ունեցել 2021 թվականի սեպտեմբերին, հաջորդը նախատեսվել էր 2026 թվականի սեպտեմբերին՝ գիտական կադրերին թողնելով նոր չափանիշներին պատրաստվելու ժամանակ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 2677-Ա/2 հրամանի հավելվածում նշվում է, որ. «Հաջորդ համապետական ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին Որոշմամբ սահմանված նոր նվազագույն չափանիշներին, ինչպես նաև Կազմակերպության առանձնահատկություններով պայմանավորված իրենց կողմից սահմանված լրացուցիչ չափանիշներին համապատասխան, որի արդյունքները հիմք են հանդիսանալու Կազմակերպությանը հատկացվող ֆինանսավորման վերանայման համար»։
Հրամանը կազմակերպությանը հնարավորություն է տվել իր առանձնահատկություններից բխող լրացուցիչ չափանիշներ սահմանել։ Մտահոգությունը ծագել է հենց այդ չափանիշների բովանդակության և դրանց հրապարակման ժամկետի պատճառով։
Մեզ դիմած գիտաշխատողները նշեցին, որ դեռ 2025 թվականի դեկտեմբերի 2-ին գրավոր դիմում է ներկայացվել տնօրեն Մ. Մանուչարյանին՝ խնդրելով նախապես տրամադրել լրացուցիչ չափանիշները, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա համապատասխանել դրանց և բացառվի խտրական վերաբերմունքը․ դիմումը մնացել է անպատասխան, իսկ կիրառվելիք պահանջներից մեկի մասին նա տեղեկացել է միայն 2026 թվականի օգոստոսի 18-ին՝ սեպտեմբերի 18-ի ատեստավորումից մեկ ամիս առաջ։
Այս հարցը նաև ֆինանսավորման հետևանք ունի։
Նախորդ տարիներին նպատակային ցուցանիշների, մասնավորապես՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրապարակումների նախատեսված քանակի չապահովման պատճառով 2025–2026 թվականներին Ինստիտուտի պետական ֆինանսավորումը կրճատվել էր, իսկ 2026 թվականին որոշ գումար վերադարձվել էր պետական բյուջե։ Ուստի կազմակերպությունը պետք է շահագրգռված լինի բարձր որակավորում և ապացուցելի գիտական արդյունք ունեցող կադրերի առաջխաղացմամբ։
Ի՞նչը պետք է գնահատվի՝ գիտական արդյունքը, թե՞ համատեղ գործունեությունը․ նշում են մեզ դիմած գիտաշխատողները՝ պարզաբանելով․ «2026 թվականի առաջին կեսին գործող կանոնադրությամբ Ինստիտուտի հիմնական գործառույթներն էին գիտական հետազոտությունների իրականացումը՝ մակրոտնտեսական, ֆինանսական, իրական հատվածի և այլ ուղղություններով, ինչպես նաև գիտական կադրերի պատրաստումը։ Կրթական գործունեությունը որպես բուհական գործառույթ Ինստիտուտին վերապահված չէր, և այն չուներ համապատասխան լիցենզիա։ Հետևաբար՝ բացառապես Ինստիտուտում աշխատած գիտնականը չէր կարող այնտեղ ղեկավարել ավարտական աշխատանք կամ մագիստրոսական թեզ։
Այս պայմաններում գիտաշխատողի արդյունավետությունը տրամաբանական է գնահատել նրա գիտական արդյունքներով՝ հատկապես այն հրապարակումներով, որոնք ստացվել են պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաների շրջանակում։ Նման մոտեցումը հնարավորություն կտար կապել հատկացված միջոցները կոնկրետ արդյունքի հետ և տարբերակել Ինստիտուտի թեմաների շրջանակում ստեղծված հրապարակումներն այլ աշխատանքի արդյունքում ձևավորված գործունեության արդյունավետությունից։
Քննարկվող ներքին պահանջն «աշխատանքային խմբի ղեկավար» է համարում ոչ միայն բազային, թեմատիկ կամ նպատակային թեմաներ ղեկավարած անձանց, այլև որոշակի թվով ուսանողական աշխատանքներ ղեկավարած գիտաշխատողներին։
Պահանջը շարադրված է հետևյալ կերպ. «1. Աշխատանքային խմբի ղեկավար է համարվում այն անձը, ով հաշվարկային տարիներին ղեկավարել կամ ղեկավարում է․ ա) Բազային թեմայի դեպքում՝ առնվազն 5 աշխատակցից բաղկացած գիտական խումբ, և/կամ բ) Թեմատիկ և նպատակային թեմաների դեպքում՝ առնվազն 3 աշխատակցից բաղկացած գիտական խումբ, և/կամ գ) եղել է առնվազն 10 դիպլոմայինների և/կամ մագիստրոսական ատենախոսությունների ղեկավար (ղեկավար լինելու փաստը հաստատվում է ԲՈՒՀ-ի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից)»։ Վիճահարույց է հատկապես 1.գ կետը։
Այն Ինստիտուտից դուրս՝ բուհում իրականացվող համատեղ գործունեությունը փաստացի դարձնում է գիտական կազմակերպությունում ատեստավորման չափանիշ, թեև այդ գործունեությունը 2022–2026 թվականներին չի բխել Ինստիտուտի կանոնադրական հիմնական գործառույթներից։ Բացի այդ, 2025 թվականի սեպտեմբերի 11-ին ԱԺ-ի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 37-րդ կետում տրված գիտական աշխատողի սահմանման և N 2298 որոշման ընդհանուր դրույթների տրամաբանությամբ ատեստավորումը պետք է գնահատի գիտական կազմակերպությունում անձի մասնագիտական պատրաստվածությունը, գիտատեխնոլոգիական գործունեությունն ու ստացված գիտական արդյունքները։
Գիտական աշխատողը կարող է զբաղվել նաև գիտակրթական կամ գիտամանկավարժական գործունեությամբ, սակայն դա չի կարող պարտադիր պայման դառնալ այն անձի համար, որի պաշտոնը և կազմակերպության գործառույթները նման պարտավորություն չեն նախատեսել։ Նոր կանոնադրությունից բխող պարտականությունները կարող են գնահատվել ապագա հաշվարկային ժամանակահատվածում, բայց ոչ հետադարձ կերպով՝ 2022–2026 թվականների աշխատանքի նկատմամբ։ Խնդիրը վերաբերում է նաև աշխատանքի ազատ ընտրությանը։
ՀՀ Սահմանադրության Հոդված 57-րդի համաձայն, որը վերաբերում է աշխատանքի ընտրության ազատությանը և աշխատանքային իրավունքներին, հստակ սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք»։ Հետևաբար, գիտական կազմակերպությունում աշխատելը և բուհում չդասավանդելը անձի ազատ ընտրությունն է, իսկ այդ ընտրությունը չպետք է նրան անբարենպաստ դիրքում դնի։ Ավելին՝ մեկ ամսում առնվազն տասը ավարտական աշխատանք կամ մագիստրոսական թեզ ղեկավարելու պահանջին համապատասխանելը գործնականում անհնար է, քանի որ այդ գործընթացը ամիսներ է տևում»։
Հավասար պայմանների և ողջամիտ ժամկետի պահանջը
Ասում են՝ գիտաշխատողներից մեկը բազմիցս դիմել է գիտական թեմայի կամ խմբի ղեկավար դառնալու հարցով, սակայն գրավոր պատասխան չի ստացել, թեև իր միջազգային շտեմարաններում ինդեքսավորվող հրապարակումների քանակը գերազանցել է որոշ խմբերի ղեկավարների ցուցանիշը։
«Առաջարկում են 1.գ կետի փոխարեն աշխատանքային խմբի ղեկավարի կարգավիճակին համարժեք դիտարկել այն գիտաշխատողին, որը 2022–2026 թվականներին, որպես խմբի կատարող, պետական ֆինանսավորմամբ իրականացվող մեկ գիտահետազոտական թեմայի շրջանակում հեղինակել կամ համահեղինակել է առնվազն երեք միջազգային շտեմարաններում ինդեքսավորվող հրապարակում։ Այս տարբերակը ատեստավորման ժամանակ իրականում կշեշտադրեր գիտական արդյունքի կարևորությունը բյուջեից ստացաված միջոցների արդյունավետության տեսանկյունից»,- նշեցին մեր զրուցակիցները։
2026 թվականի օգոստոսին դարձյալ մի քանի աշխատակիցներ դիմել են տնօրենին՝ առաջարկելով վերանայել 1.գ կետը և ներքին պահանջների 3-րդ կետը․ իսկ սեպտեմբերի 4-ին ստացել են Ինստիտուտի փոխտնօրեն Լիանա Խաչատրյանի տեղեկացումը, որ 2026 թվականի գիտական կադրերի ատեստացիոն գործընթացը կազմակերպվում է սահմանված կարգով։
«Մեկ այլ գիտաշխատողի պարագայում քննարկվում է նաև ներքին պահանջների 3-րդ կետը. «Ատեստավորվող աշխատակցի համար ընդունելի են Հաշվարկային տարիներին հրապարակված միայն այն հոդվածները (այդ թվում՝ ՄԳՇ), որոնցում հեղինակը ներկայացրել է առավելագույնը 2 աշխատավայր (affiliation), և Ինստիտուտի հիմնական աշխատակիցը, որպես առաջին աշխատավայր, նշել է Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը»։
Այս սահմանափակման գիտական նպատակը պարզ չէ։ Եթե աշխատողի համատեղությունը չի հակասում ՀՀ աշխատանքային օրենսդրությանը, աշխատավայրերի քանակն ինքնին չի բնութագրում հրապարակման որակը կամ գիտական ներդրումը։ Չափանիշի մասին 2026 թվականի մարտին տեղեկացնելը ևս բավարար ժամանակ չի տալիս 2022–2026 թվականներին արդեն հրապարակված աշխատանքները փոխարինելու նոր հոդվածներով։ Հետադարձ կիրառվող չափանիշը հատկապես խնդրահարույց է այն դեպքում, երբ գիտաշխատողը մինչև դրա հրապարակումն արդեն ապահովել էր բարձր տարակարգի համար անհրաժեշտ հրապարակումների քանակը։
Ատեստավորման շուրջ անհանգստությունը ներառում է նաև տարակարգի հնարավոր իջեցումը՝ մինչև գիտաշխատող, ավագ լաբորանտ կամ լաբորանտ,- հավելեցին նրանք՝ նկատելով, որ խնդիրը նաև պետական ֆինանսների արդյունավետ օգտագործումն է,- Եթե ավագ գիտաշխատողի տարակարգը շնորհվի այն անձանց, որոնք գիտական աշխատանքի հիմնական չափանիշներով դրան չէին համապատասխանի և առավելությունը ստանան միայն Ինստիտուտից դուրս համատեղ գործունեության շնորհիվ, աշխատավարձերի տարբերությունը կարող է տարեկան կազմել մի քանի միլիոն դրամ, իսկ հինգ տարում՝ գերազանցել 10 միլիոն դրամը։
Ուստի ատեստավորման չափանիշները պետք է լինեն նախապես հայտնի, կիրառելի բոլորի նկատմամբ հավասարապես, բխեն կազմակերպության տվյալ ժամանակահատվածում գործող կանոնադրական գործառույթներից և տրամադրեն ողջամիտ ժամկետ՝ դրանց համապատասխանելու համար։ Գիտական կազմակերպությունում առաջխաղացման հիմքում պետք է լինի ոչ թե համատեղ աշխատանքի ձևական փաստը, այլ պետական ֆինանսավորմամբ ստացված, գիտական արդյունքը՝ իրականացված գիտական թեմաների շրջանակում։ Միայն այս մոտեցմամբ ատեստավորումը կարող է ծառայել գիտական որակի բարձրացմանը, աշխատակիցների իրավունքների պաշտպանությանը և պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը»։
168․am-ի հետ կապ հաստատած աշխատակիցները նշեցին՝ նախատեսում են դիմել իրավասու ատյաններին՝ մինչև ատեստավորումը չափանիշները վերանայելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արդյունքները դատական կարգով վիճարկելու համար։

