Քաղաքական էլիտան բյուջեի հաշվին հարստություն է կուտակում
Իշխանության գալուց հետո, երբեմնի սուրճի փող չունեցող քպ-ականների կյանքը գլխիվայր շրջվեց։ Նրանք ոչ միայն իշխանության, այլև փողի ու հարստության, բնակարանների ու առանձնատների, թանկարժեք մեքենաների ու գույքի տեր դարձան։
Պետության հաշվին միլիոններ են վաստակում ու վայելում կյանքը։ Իսկ շարքային քաղաքացին, որի կյանքը բարելավելու համար էին իբր եկել իշխանության, շարունակում է ապրել նույն չարքաշ կյանքով՝ հազիվ ծայրը ծայրին հասցնելով։
Նախկիններին էին մեղադրում պետության ունեցվածքը յուրացնելու, բյուջեն թալանելու մեջ, իրենք անցան բոլոր սահմանները։ Քիչ է՝ պետության հաշվին բարձր աշխատավարձեր են ստանում ու օգտվում իշխանության ընձեռած բարիքներից՝ հնարավոր ու անհնարին միջոցներով պետությունից վերցնում են, ինչ կարող են։
Պարգևավճարների մասին նույնիսկ արդեն անիմաստ է խոսելը։ Այսօր էլ, երբ երկրում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, երբ իրենց մեղքով Արցախից տեղահանված մեր բազմահազար հայրենակիցներ կարիքի մեջ են, ապրելու տարրական պայմաններ չունեն, չեն վարանում պարգևավճարներ բաժանել։ Բարձր աշխատավարձերով չեն բավարարվում։
Իշխանության գալուց հետո, քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, գրեթե բոլորը՝ մեկ մարդու նման, բնակարան են ձեռք բերել։ Նույնիսկ նրանք, ովքեր ունեցել են՝ իշխանության գալուց հետո նորերն են գնել։
Եվ դա արել են, առանց բացառության, պետության հետ կիսովի։ Բացի այն, որ պետական բյուջեից բարձր աշխատավարձեր են ստանում, նաև բյուջե վճարած հարկեր են հետ քաշում։
Խոսքը տարեկան միլիոնավոր դրամների մասին է, որոնք հետ են ստանում բյուջեից՝ եկամտային հարկի անվան տակ։ Որքան բարձր է աշխատավարձը, այնքան վերադարձվող եկամտային հարկի գումարներն ավելի մեծ են։
Իշխանության քաղաքական էլիտան, որը բարձր պաշտոններ է զբաղեցնում, բարձր աշխատավարձեր ու դեռ պարգևավճարներ է ստանում, պետական բյուջեից վերադարձվող եկամտային հարկի գումարների հաշվին կարող է ամբողջությամբ փակել ձեռք բերվող բնակարանի հիփոթեքի տոկոսը։ Ավելին՝ հիփոթեքի համաչափ վճարման պարագայում, առաջին տասը տարում ընդհանրապես կարող են որևէ վճարում չկատարել։
Այնպես են արել, որ պետական բյուջեն վճարի իրենց փոխարեն. Բյուջեից վերադարձվող եկամտային հարկը լիուլի բավարար է դրա համար։
Ահա ասպես են բնակարանների տեր դարձել՝ բյուջեի հաշվին։ Արդարացում են գտել, իբր հիփոթեքով են բնակարան ձեռք բերել։ Էլ չեն ասում, որ այդ բնակարանների գնի մի զգալի մասը վճարում է պետությունը՝ պետական գանձարանից։
Այն, որ միլիոնավոր դրամների աշխատավարձեր են ստանում, տարեկան միլիոնավոր դրամներ էլ ստանում են եկամտային հարկի վերադարձից։ Այդ գումարները փաստացի աշխատավարձի մեջ չեն երևում, բայց փոքր եկամուտներ չեն։ Ամսական 300-400 հազար, որոշների դեպքում՝ մինչև 500 հազար դրամ։
Շատերը կերազեին այսքան աշխատավարձ ստանալ, իսկ իշխանության բարձունքներում տաքուկ տեղավորված քպ-ական պաշտոնյաները, այդ թվում՝ պատգամավորները, միայն այդքան հետ են ստանում պետական բյուջեից եկամտային հարկի հետվերադարձի տեսքով։
Հավասարությունից ու արդարությունից են խոսում։ Այնինչ՝ ցածր եկամուտներ ունեցողները, որոնք չեն կարողանում օգտվել հիփոթեքով բնակարան ձեռք բերելու հնարավորությունից, որովհետև եկամուտները չեն բավարարում, ստիպված են աշխատավարձի 20 տոկոսը՝ որպես եկամտային հարկ, վճարել պետական բյուջե, իսկ բարձր եկամուտներ ստացողները, այդ թվում՝ իշխանության քաղաքական էլիտան ու պետական բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք այս ընթացքում հասցրել են հիփոթեքով բնակարան գնել, ըստ էության, ազատված են եկամտային հարկի վճարումից, ձևական են վճարում, վճարում են ու երեք ամիս հետո նույնքան գումար հետ են ստանում պետական բյուջեից։
Ո՞րն է սրա արդարությունը։
Հիփոթեքով բնակարան ձեռք բերելու հնարավորություն չունեցող ու ցածր աշխատավարձ ստացող աշխատողը հարկերի ու այլ պարտադիր վճարների տեսքով աշխատավարձի գրեթե 26-27 տոկոսն է վճարում պետական բյուջե, իսկ հիփոթեքով բնակարան գնած, բարձր աշխատավարձ ու պարգևավճար ստացող քաղաքական էլիտան՝ ընդամենը 6-7 տոկոսը։ Մնացած 20 տոկոսը, որը եկամտային հարկն է, հետ է ստանում։
Սրա համար էլ բոլորը, մեկ մարդուն նման, բնակարան են գնում ու պետության հաշվին բնակարանի տեր դառնում։
Այդ հնարավորությունը նրանց տվել է իշխանությունը, իրենք իրենց են տվել։
Դա բյուջեի կամ պետության եկամուտների ուղղակի թալան է, կլինի օրենքով, թե առանց օրենքի։
Կարող էին, չէ՞, օրենքը փոխել, բայց չեն փոխել։ Թողել են, որպեսզի առատորեն օգտվեն դրանից։
Իհարկե, այդ «արտոնությունից» ուրիշներն էլ են օգտվում. օգտվում են նրանք, ովքեր բարձր եկամուտներ ունեն։ Ու թվում է, թե արդարացված կլիներ, եթե քաղաքական էլիտան ու մյուս բարձր եկամուտներ ունեցողներն իրենց բնակարանների հարցերը լուծեին սեփական եկամուտների հաշվին։ Փոխարենը՝ ցածր եկամուտներ ունեցողները կարողանային օգտվել պետական օժանդակությունից ու եկամտային հարկի վերադարձից։ Բայց սոցիալական արդարության ու ժողովրդավարության վերաբերյալ ժամերով ճառեր ասող այս իշխանությունը ճիշտ հակառակն է արել։ Այնպես է արել, որ բարձր աշխատավարձ ստացողներն օգտվեն, իսկ ցածր աշխատավարձ ստացողները՝ ոչ։
Որպեսզի այս մարդիկ բնակարանի տեր դառնան կամ թարմացնեն իրենց բնակարանները՝ պետությունը տարեկան միլիոնավոր դոլարներ է վճարում բյուջեից։ Համավճարի ձևով մասնակցում է քաղաքական էլիտայի ու իշխանության ներկայացուցիչների համար բնակարանների ձեռքբերմանը։
Խոսքը հսկայական գումարների մասին է, որոնք ամեն տարի տասնյակ միլիոնավոր դոլարներով ավելանում են։
Միայն այս տարվա առաջին ինն ամիսներին պետությունը 37,5 մլրդ դրամ է վճարել հիփոթեքային վարկի եկամտային հարկի հետվերադարձի համար։
Նախորդ տարվա համեմատ այն ավելացել է գրեթե 38 տոկոսով կամ 14,2 միլիարդով, որը այսօրվա փոխարժեքով համարժեք է ավելի քան 35 մլն դոլարի։
Իսկ բյուջեից վերադարձված ընդհանուր գումարը կազմել է գրեթե 100 մլն դոլար։
Սա դեռ՝ ինն ամսում։ Մինչև տարեվերջ այն կարող է հասնել 50 մլրդ դրամի կամ 125 մլն դոլարի։
Այդքան գումար միայն այս տարի պետությունը կվճարի, որպեսզի քպ-ական քաղաքական էլիտան ու իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները, նաև նրանք, ովքեր բարձր եկամուտներ են ստանում և կարող են իրենց թույլ տալ հիփոթեքով բնակարան գնել, բնակարանի տեր դառնան։ Մինչդեռ, այդ գումարները կարող էին մնալ բյուջեում ու ծառայել բազմաթիվ, այդ թվում՝ սոցիալական ու պաշտպանական խնդիրների լուծմանը։ Ի վերջո՝ 125 միլիոն դոլարը, որը հաջորդ տարի ևս առնվազն 35-40 միլիոնով կավելանա, լուրջ գումար է ցանկացած առաջնահերթ խնդիր լուծելու համար։
Բայց իշխանությունները նախընտրել են այդ գումարները ծառայեցնել սեփական բարեկեցությանը։ Համարել են, որ մյուս խնդիրները, որոնք շատ ավելի կարևոր են ու առաջնահերթ, կարող են սպասել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ