Գաղտնիության էլեմենտներ չկան, հրապարակում եմ. Հայկ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի օրինակով

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը, երբ ներկայացնում էր իր օրինագիծը, գաղտնիության տարրեր պարունակող տվյալներ է հայտնել: Մասնավորապես, նա հայտարարել է.

«Առնվազն վերջին 15 տարվա ընթացքում ամեն տարի ունեցել ենք ավելի քիչ թվով զորակոչիկ, ժամկետային զինծառայող, քան նախորդ տարի: 2010 թվականին 44 հազար ժամկետային զինծառայող է եղել ՀՀ-ում, սակայն 9 տարվա ընթացքում մոտ 44 տոկոսով նվազել է այդ թիվը՝ 44 հազարից դառնալով 24 հազար»:

«ՀՀ պետական գաղտնիքի մասին» օրենքը սահմանում է պետական գաղտնիքին դասվող տեղեկությունները՝ ըստ բնագավառների:

Հոդված 8-ում ռազմական բնագավառին վերաբերող տեղեկությունների մասով, մասնավորապես, նշվում է, որ պետական գաղտնիքի շարքին են դասվում, օրինակ, «Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին» տվյալները:

Կարդացեք նաև

Ի դեպ, Հայկ Սարգսյանն ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է և մասնակցել է ու, հնարավոր է, դեռ մասնակցելու է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստերին: Այսինքն, նա ռազմական բնույթի գաղտնիք պարունակող լուրջ տեղեկությունների կրող է, ով, ինչպես երևում է, գաղտնիության սկզբունքի պահպանման հետ կապված խնդիր ունի, չի կարողանում պահել դրանք:

Իհարկե, սա առաջին դեպքը չէ, երբ իշխանական այս պատգամավորը, հուրախություն թշնամու, ՀՀ զինված ուժերին առնչվող հայտարարություններ է անում:

2022 թվականի դեկտեմբերին, երբ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում բանակում օրենսդրական բարեփոխումներն էին քննարկվում, մասնավորապես, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, Հայկ Սարգսյանն անհրաժեշտ էր համարել հրապարակավ բարձրաձայնել. 

«Բանակում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնց մասին, լարված իրավիճակի բերումով, պատերազմական իրավիճակի բերումով՝ չենք խոսում, որ թուրքը չիմանա, չուրախանա, բայց այդ խնդիրները կան: Եվ դրանց մասին, կարծում եմ, պետք է կամաց-կամաց սկսենք խոսել ու հասկանալ՝ ինչպես ենք դրա դեմ պայքարում: Օրինակ, շատ է տարածված զինծառայողների շրջանում վիճակախաղերով զբաղվելը, խմելը, թմրանյութեր օգտագործելը և այլ խախտումներ, զանցանքներ կամ հանցանքներ, որոնք առկա են ինչ-ինչ մակարդակներում: ՊՆ-ն ի՞նչ է անում՝ վիճակախաղերի դեմ բանակում պայքարելու համար, ես կուզենամ իմանալ: Ես գիտեմ, որ որոշակի աշխատանքներ գնում են, բայց պետք է սրա մասին բարձրաձայնել և այս ամբիոնն օգտագործել»:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել էր, որ խնդիրների մասին պետք է շատ խոսել՝ միաժամանակ շեշտելով.

«Իհարկե, խնդիրներն ունենում են 2 մաս՝ հրապարակային և փակ: Պարոն Քոչարյանը կարող է նախաձեռնել փակ քննարկում, որին ես միշտ պատրաստակամ եմ գալ և պատասխանել ձեր հարցերին»:

Ըստ էության, ՀՀ պաշտպանության նախարարն իշխանական պատգամավորին հասկացրել էր, որ իր թվարկած խնդիրները փակ քննարկման առարկա են, և դրանք չպետք է հրապարակավ մանրամասնել:

Իհարկե, Սուրեն Պապիկյանի այս դիտողությունից հետո Հայկ Սարգսյանն ԱԺ ամբիոնից շարունակել է նույնատիպ հայտարարություններ անել, և երեկ էլ, փաստորեն, գաղտնիության տարրեր պարունակող տեղեկություններ հրապարակեց ժամկետային զինծառայողների հետ կապված, այն դեպքում, երբ Պաշտպանության նախարարությունը մեր հարցումներից մեկին ի պատասխան՝ հրապարակման ենթակա չէր համարել ՀՀ ՌՈՒ հաստատություններ ընդունվածների թիվը, կոնկրետ թվեր չէր նշել նաև օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններ դիմածների վերաբերյալ: Մյուս կողմից, մի առիթով Պաշտպանության նախարարությունն էր գաղտնիության հետ կապված խախտում թույլ տվել։

2022 թվականի մարտի 31-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ N ավիաբազա: Հաղորդագրությանը կից լուսանկարներ էին հրապարակվել, որոնց միջոցով, ըստ փորձագետների, անգամ ոչ մասնագետները կարող էին հեշտությամբ որոշել ռազմական նշված անգարի գեոլոկացիան, իսկ այսպիսի անգարները Հայաստանում շատ չեն:

Պաշտպանության նախարարության դեպքում, սակայն, նման ցայտուն դեպքեր, ըստ էության, շատ չեն եղել: Իսկ ՀՀ վարչապետ և գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի դեպքում գաղտնիության տարրեր պարունակող տեղեկությունների հրապարակման փաստերը շատ են՝ և՛ 44-օրյա պատերազմից առաջ, և՛ պատերազմի ընթացքում, և՛ դրանից հետո, որոնց 168.am-ը մանրամասն անդրադարձել է։ 

Ի դեպ, այս տարվա օգոստոսի 26-ին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը բանակային խաղերի վերաբերյալ տեսանյութ էր հրապարակել։ 

Փաշինյանը Տավուշի մարզում ներկա էր գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին, որի շրջանակում առանձին-առանձին մոտեցել էր խաղերի մասնակիցներին՝ ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն և ՊՆ-ն ներկայացնող:

Մասնավորապես, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներից մեկը չէր թաքցրել, որ ծառայում է հատուկ նշանակության գնդում, և իր տվյալները, ազգանունը հայտնում է՝ առանց դեմքը փակելու, իսկ Փաշինյանի աշխատակազմը ոչ միայն այս ամենը նկարահանել էր, այլև հրապարակել՝ առանց զինծառայողի դեմքը փակելու:

Սա անթույլատրելի և վտանգավոր է՝ հաշվի առնելով հատուկ նշանակության զինծառայողների ծառայության բնույթը և պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, երբ ադրբեջանական կողմը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում Ադրբեջանի դեմ գործողություններ իրականացրած քաղաքացիական և ոչ քաղաքացիական անձանց, առևանգում, գերեվարում, թիրախավորում:

Ի դեպ, Փաշինյանի տեսանյութում չէին փակվել նաև ԱԱԾ ծառայողների դեմքերը:

Իսկ այն, որ Փաշինյանի աշխատակազմի արածն անթույլատրելի էր, ըստ էության, ավելի ուշ փաստել էր նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը. բանակային խաղերի փակման արարողության մասին հաղորդագրությանը կից լուսանկարներում փակ էին ԱԱԾ ծառայողների և հատուկ առաջադրանք կատարողների դեմքերը, կամ չէին էլ հրապարակվել:

Իսկ թե արդյոք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերթական անգամ կփորձի՞ Հայկ Սարգսյանի գաղտնազերծումների դեմն առնել, բայց այս անգամ ավելի գործուն քայլերով, ցույց կտա ժամանակը:

Ի դեպ, եթե Նիկոլ Փաշինյանը որոշ դեպքերում ընդունել է, որ իր հրապարակած տեղեկությունները գաղտնիության էլեմենտներ են պարունակում, բայց հարկ է համարում հրապարակել, ապա Հայկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը չի ընդունել, որ ռազմական գաղտնիք է բացահայտում:

Տեսանյութեր

Լրահոս