Մեծ քաղաքականություն՝ փոքր համայնքներում, կամ «գյուղի ակումբը»՝ Երևանում 

Առաջիկա ամիսներին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Դրանց, բնականաբար, լրջորեն պատրաստվում է իշխանությունը՝ սկսած համայնքներում քիչ թե շատ հեղինակություն ունեցողների հավաքագրումներից, մինչև հակաիշխանական տեղաբնակների նկատմամբ ճնշումներ։

ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև ընդդիմությունը՝ այս պահին դեռևս առանձին կուսակցությունների մակարդակով։

Առաջիկա ՏԻՄ ընտրությունները կայանալու են 2026 թ. ԱԺ ընտրություններից հետո ձևավորված նոր քաղաքական ստատուս-քվոյի պայմաններում։ Եթե ընդդիմադիր ուժերը հաշվի չնստեն այդ իրողության հետ և ՏԻՄ ընտրություններին իրենց մասնակցությունը կազմակերպեն «հին ձևերով», ինչի նշանները տեսանելի են, ապա մեծ է հավանականությունը, որ արձանագրվելու է քաղաքական դասավորության իմաստով ԱԺ ընտրություններից ավելի տխուր պատկեր։

Կարդացեք նաև

«Հին ձևերի» կամ նախկին փորձի ամենալուրջ մեթոդական սխալն այն է, որ ՏԻՄ ընտրությունները քաղաքական ուժերի կողմից դիտարկվում են բացառապես համայնքային պրիզմայով, ըստ այդմ էլ՝ փորձ է արվում գտնել այս կամ այն համայնքում «հարգված թեկնածու» ու քարոզարշավը կառուցել «համայնքային խնդիրների լուծման» խոստումներով։ Այդ մոտեցումը բխում է դեռևս իներցիայով քաղաքականությամբ զբաղվողների մոտ արմատացած կարծրատիպից, թե ՏԻՄ համակարգն ընդամենը տեղական, տարածքային խնդիրների լուծման հարթություն է։ Ֆորմալ առումով դա մեծ մասամբ ճիշտ է։ Բայց իրերի դրությունը միանգամայն այլ է, երբ ՏԻՄ համակարգը հանդես է գալիս՝ որպես երկրում հաստատված ավտորիտար, ուղղաձիգ իշխանության սպասարկու՝ ստորին մակարդակում։

Իսկ Հայաստանում ամեն ինչ հենց այդպես է, և առաջիկա ընտրություններն իշխանության համար ոչ թե լավ կամ վատ համայնքի ղեկավար ընտրելու առիթ են, այլ հենց ավտորիտար բուրգի ամրացման միջոցառում։

Իշխանության մոտիվացիան ՏԻՄ ընտրություններում 100 տոկոսանոց քաղաքական է, ինչը նշանակում է, որ ընդդիմությունը՝ դրան հակադրելով միայն «համայնքային խնդիրների լուծման» խոստումներ, գնալու է երաշխավորված պարտության՝ անկախ այս կամ այն համայնքում առաջադրվող թեկնածուի անձից։

Իրավիճակի նրբությունն այն է, որ իշխանությունը ևս քարոզչական մակարդակում ներկայանալու է «համայնքային խնդիրների լուծման» ոչ միայն խոստումներով, այլ նաև վերջին տարիներին բյուջեից կատարված անարդյունավետ, բայց մարդկանց համար տեսանելի ծախսերի (ասֆալտ, լուսավորություն և այլն) ներկայացմամբ։ Բայց խնդիրը ոչ միայն ու ոչ այնքան մակերեսային քարոզչությունն է, որքան ընտրություններին մասնակցության մոտիվացիան և դրան համապատասխան ռազմավարությունը։

Իշխանությունը ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է մեկ անձին ծառայող համակարգը նաև ներքևից սոսնձելու հստակ մղումով։

Ընդդիմությունը, հետևաբար, այդ ընտրություններին պետք է մասնակցի իշխանական մոնոլիտ համակարգն առնվազն թուլացնելու նպատակադրմամբ։ Դա կրկին չի նշանակում տեղական, համայնքային խնդիրների անտեսում։ Բայց հակառակն էլ չպետք է նշանակի քաղաքականության անտեսում ու ընտրություններին մասնակցություն պայմանական «գյուղի ակումբի» մակարդակով։

Մեծ քաղաքականության ու փոքր, տեղային խնդիրների միջև սահմանագիծը շատ նուրբ է, հաճախ անտեսանելի։ Բայց առանց մեծ, իրական քաղաքականությունը համայնքներ տանելու ու տեղական հարցերի լուծումը դրանց փոխկապակցելու, Հայաստանում հիմնարար փոփոխություններ հնարավոր չեն։

Առայժմ, սակայն, ցավոք, տեսանելի է հակառակը՝ «գյուղի ակումբի» դոմինանտությունը երևանյան քաղաքականությունում։

Դա այն է, ինչը մեծապես օգնելու է իշխանությանը՝ համայնքներում ավտորիտար բուրգն ամրացնելու գործում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930