ՌՈՒ հաստատություններ ընդունվածների թիվը գաղտնի՞ք է. ՊՆ որոշումների և օրենքի խախտված պահանջների մասին
Իշխանությունները, իրենց խոսքերով, բանակը որակյալ կադրերով ապահովելու և այն գրավիչ դարձնելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկան, որի համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական (ՌՈՒ) հաստատություններ ընդունված, այն ավարտած և սպայական ծառայություն անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվեն բնակարաններ:
Ռազմաուսումնական հաստատություն ընդունված քաղաքացիների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանվել է 20 տարի, որից ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ուսումնառությունն ավարտելուց հետո՝ որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն:
Ծրագիրը ենթադրում է զինծառայողներին անհատույց օգտագործման, իսկ համապատասխան պայմանների դեպքում՝ նաև սեփականության իրավունքով Երևան քաղաքում 3 սենյականոց (մինչև 90քմ) բնակարանի հատկացում՝ ՀՀ ՊՆ կողմից պատրաստի բնակարանների ձեռքբերման միջոցով։
Ըստ այդմ՝ 168.am-ը փորձեց ՀՀ պաշտպանության նախարարությունից ճշտել՝ 2021 և 2022 թվականներին որքա՞ն դիմորդ է ունեցել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, և առհասարակ՝ ռազմաուսումնական հաստատությունները:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց, որ գոյություն ունի ՊՆ համապատասխան որոշում, ըստ որի՝ ռազմաուսումնական հաստատություններ դիմած և ընդունված դիմորդների թիվը գաղտնի տվյալ է համարվում:
Մենք, իհարկե, երկու ձեռքով կողմ ենք, որ գաղտնիության տարրեր պարունակող տեղեկությունները սրբորեն պահպանվեն, հատկապես, երբ վերջին 4 տարիների ընթացքում բանակին առնչվող նման տեղեկություններ և թվեր հաճախ են հրապարակվել, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում:
Այս մասին 168.am-ը բաց աղբյուրների հիման վրա ուսումնասիրությունների շարք էր ներկայացրել:
Ինչ վերաբերում է դիմորդների թվին, ապա հարց է առաջանում՝ նախկինում, մինչ այս, այդ տեղեկությունները հայտնելով՝ արդյոք պետական գաղտնիքի օրե՞նք է խախտվել, ՊՆ որոշո՞ւմ է անտեսվել, քանի որ դիմորդների թիվն ամենայն մանրամասնությամբ և ըստ մասնագիտությունների հրապարակայնացվել է՝ ինչպես 2006-ին, 2016-ին, այնպես էլ՝ 2020-ին:
Ավելին, մոտ մեկ ամիս առաջ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել էր, որ 2011-ից հետո Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմել է 16 հոգի:
Գուցե սա իշխանափոխությունից հետո ընկած ժամանակաշրջանո՞ւմ է եղել, հնարավոր է:
Այս դեպքում, սակայն, խնդիրն այն է, որ իշխանական պատգամավորն անցած ժամանակահատվածում արձանագրված դիմորդների թիվ է հրապարակում, ավելին, հստակ հայտարարում է՝ ռազմական ուսումնական հաստատություններ դիմողները կտրուկ պակասել են: Արդյոք սա ՊՆ-ն չի՞ տեսել, թե՞ ՊՆ որոշումը չի տարածվում արտոնյալների վրա:
Ի վերջո, մեզ շատ հանգիստ կարող էին ՊՆ-ից նախորդ տարվա թիվն ասել, իսկ այս տարվա մասով ընդհանրական պատասխան տալ՝ նախորդի համեմատ նվազել է, կամ աճել:
Այստեղ, թերևս, տեղին է հիշել պատերազմի զոհերի թվի հետ կապված՝ ՊՆ ուղարկված հարցումների պատասխանները:
2021-ի հունվարին ՀՀ պաշտպանության նախարարությունը պետական ու ծառայողական գաղտնիք էր համարել ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը: Երբ 168.am-ն անդրադարձավ այս փաստին՝ հղում կատարելով ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին և հիշեցնելով, որ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ զոհերի թիվը գաղտնի չի պահվել, մեր և մյուս լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ պաշտպանական գերատեսչությունից սկսեցին ասել արդեն՝ «տվյալները ներկա դրությամբ ամբողջությամբ հստակեցված չեն, հետևաբար տեղեկատվության տրամադրումը գտնում ենք ոչ նպատակահարմար»:
Միգուցե դիմորդների թվի հրապարակման հետ կապված ևս այլ հանգամանքներ կա՞ն, գուցե դրանք այդքա՞ն էլ բավարար չեն՝ չնայած գայթակղիչ օրենսդրական նախաձեռնություններին: Հնարավոր է: Հնարավոր է նաև, որ ավելի ուշ զոհերի թվի օրինակով դիմորդների թիվը դադարի գաղտնիք պարունակող տեղեկություն համարվել:
Իսկ մինչ այդ մի քանի հիշեցում անենք՝ հաշվի առնելով, որ պատերազմի ծանր օրերին ՊՆ-ն տեսած չլինի:
2020, հոկտեմբերի 5, ռազմական դրություն- Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, դիմելով վերջին մեկ տարում զորացրված զինվորներին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Եվ իրավիճակը վերլուծելով՝ եկել եմ այն եզրակացության, որ այսօր մեր բանակի ամենամարտունակ հատվածը վերջին մեկ տարում զորացրված մեր տղաներն են, ես ուզում եմ կոչով դիմել, որ վերջին մեկ տարում բանակից զորացրված մեր տղաները այս պահից սկսած ներկայանան կենտրոնական հավաքակայան և զինվորագրվեն հայոց բանակին, զինվորագրվեն այս նոր Սարդարապատին, ես արդեն անհրաժեշտ հանձնարարականները տվել եմ։ Իհարկե, կա անվտանգության խնդիր, ես հիմա հրապարակային եմ խոսում, և հակառակորդը նույնպես տեսնում է դա․ իհարկե, դա որոշակի կազմակերպչական աշխատանքներ է պահանջում, բայց այդտեղ կկազմակերպեն, որ մեծ կուտակումներ չլինեն։ Ուզում եմ հրավիրել այդ մարդկանց ու անկեղծ ասել, որ իրենք չեն հրավիրվում մարտական ծառայություն անցկացնելու, այլ իրենք հրավիրվում են կենաց-մահու պայքարի, և ովքեր պահել են իրենց զինվորական հագուստները, թող ներկայանան զինվորական հագուստներով․․․ ձմեռային բաճկոն, եթե հանկարծ այլ մարդիկ ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, նաև այդ մարդկանց խնդրում եմ, որ իրենք որևէ ձևով ուղարկեն և կենտրոնացնեն զինվորական կենտրոնական հավաքակայան: Ես հավատում եմ, որ այսպիսի 10 հազար տղա կա այսօր ՀՀ-ում, և եթե նրանցից գոնե կեսը ներկայանա՝ այս կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»։
Արդյո՞ք Փաշինյանի վերոնշյալ հայտարարություններում չկան զորահավաքային ծավալման, զորակոչային պահեստազորի ստեղծման, նրանց պոտենցիալ թվաքանակի, ավելին, զորքերի ապահովվածության մասին տեղեկություններ: Մի՞թե ըստ այս տեղեկատվության՝ հակառակորդը պատկերացում չէր կազմելու մարդկային ռեսուրսների և թվաքանակի մասին:
Ի դեպ, այս համատեքստում հավելենք, որ 2020-ի նոյեմբերի 12-ի իր ուղերձում Փաշինյանը նշել էր, որ «ժամերի ընթացքում պետք է որոշում կայացվեր, հակառակ դեպքում կարող էր սկսվել մի պրոցես, որը կավարտվեր մեր 10 հազար, 20 հազար, 25 հազար զինվորների զոհվելով կամ գերեվարությամբ»:
Ընդ որում, նշվում էր, թե որ պաշտպանական շրջաններն իրար հետ վերցված կստացվեր այս թիվը: Սա, ըստ էության, տեղեկություն է ՊԲ-ի թվակազմի մասին:
«Պաշտպանության բանակի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ, ինչը նշանակում է, որ մեր ավելի քան 20 հազար զինվորներ և սպաներ կհայտնվեին հակառակորդի զորքերի կողմից օղակված վիճակում՝ անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջև: Այս պայմաններում, հասկանալիորեն, անխուսափելի կլիներ նաև Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետի»,- մանրամասնել էր Փաշինյանը:
Այս շարքը կարելի է շարունակել, եղել են դեպքեր, երբ Նիկոլ Փաշինյանն ինքն է ընդունել՝ «գաղտնիության էլեմենտներ կան, բայց ես հարկ եմ համարում հրապարակել»:
Իսկ բանակի, դիրքերի, դիրքապահ զինվորի և սպայի անվտանգության մասին մտածելը ճիշտ է և դրան դեմ ցանկացած քայլ պիտի արգելվի և կանխվի:
Սա ենթադրում է, որ հենց ինքը՝ պաշտպանության նախարարությունը, պետք է զգուշավորություն դրսևորի և չհրապարակի երկրի անվտանգությանը սպառնացող լուսանկարներ, ինչպես ՀՀ ՊՆ N ավիաբազայի կամ ռազմական անգարի դեպքում, երբ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել էին՝ ստուգելու՝ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղո՞ւմ են, թե՞ ոչ:
Ռազմական բնագավառին առնչվող պետական և ծառայողական գաղտնիք է համարվում հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի մասին տեղեկությունը, ինչպես նաև՝ ՀՀ տարածքում դաշնակից պետությունների և ՀՀ զինված ուժերի միավորումներին ու զորամասերի տեղաբաշխմանը, իսկական անվանումներին, կազմակերպչական կառուցվածքին, զինվածությանը և թվաքանակին վերաբերողները:
Կրկնում ենք՝ կողմ ենք, որ բանակի, դիրքերի, զինվորի, սպայի անվտանգությանը սպառնացող ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակումը արգելվի, բայց դեմ ենք, երբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքն արդիականացնելու անհրաժեշտության անվան տակ բոլորովին այլ նպատակներով սահմանափակումներ մտցնելու փորձեր են արվում՝ բանակը լրագրողներից և հասարակությունից առավել փակելու, ավելի ճիշտ՝ առկա բացերը:
Իսկ գուցե մտածենք ռազմական տեխնիկայի քողարկումների, այդ նպատակով ստորգետնյա բետոնե կայանատեղիներ ունենալու, այլ ժամանակակից միջոցներ ստեղծելու մասի՞ն…