Պայքար՝ Էջմիածնի համար. եկեղեցական բարեփոխո՞ւմ, թե՞ եկեղեցու նկատմամբ աշխարհիկ իշխանության վերահսկողության հաստատման արշավ. Սերգեյ Մարկեդոնով
Ռուս քաղաքագոետ Սերգեյ Մարկեդոնովն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) դեմ սանձազերծված հարձակման հերթական ալիքին, որն այսօր դրսևորվեց Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ֆեյքերի ՊՈԱԿ-ի կազմած «զեկույցով»:
Ստորև ներկայացնում ենք Սերգեյ Մարկեդոնովի գրառումը՝
1. 2026 թվականի սեպտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնը զեկույց հրապարակեց (հայոց լեզվով՝ 74 էջ, անգլերեն տարբերակում՝ 68), որը նվիրված է այդ երկրում պետություն-եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակին:
Ներկայացված տեքստի ամբողջական վերնագիրն է՝ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և բարձրագույն հոգևորականության մի շարք ներկայացուցիչների գործողությունների հետևանքով Եկեղեցում ստեղծված ճգնաժամի և դրա հաղթահարման ուղիների մասին»:
2. Փոքր-ինչ քաղաքագիտական աղբյուրագիտություն:
Սկսենք «դրսի քննադատությունից»: Նախ՝ Հայաստանի կառավարությունը միանգամից, առանց երկար-բարակ մտածելու, Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) առաջնորդ Գարեգին Երկրորդին բնորոշում է որպես կրոնական կառույցի «դե ֆակտո գլուխ»: Իշխանությունները միանշանակորեն իրենց նպատակ են դնում հեռացնել գործող Կաթողիկոսին:
Երկրորդ՝ զեկույցին նախորդում է կարևոր պարզաբանում. «Սույն զեկույցի պատրաստումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2026–2031 թվականների ծրագրով և իրականացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ»:
Ժանրը հասկանալի է, մեր առջև ոչ թե գիտական հետազոտություն է, ոչ թե լրագրողական քննություն, այլ քաղաքականապես նշանակալի փաստաթուղթ: Դրանում «նպատակները հստակ են, խնդիրները՝ որոշված»: Այս տեսքով ՀԱԵ-ն չի բավարարում հայաստանյան իշխանություններին:
3. Արտաքինից անցնում ենք աղբյուրի «ներքին քննադատությանը»:
Զեկույցում ձևակերպված են պահանջների 16 խմբեր: Դրանց թվում են՝ կուսակրոնության ուխտի խախտումները և կարգապահական պատասխանատվության բացակայությունը, առանձին հոգևորականների հալածանքն ու կարգալույծ արվելը, ֆինանսների անթափանցիկությունը, ազգակցական կապերով նշանակումները, եկեղեցական գործունեության քաղաքականացումը և ենթադրյալ արտաքին ազդեցությունը, ինչպես նաև մի շարք այլ մեղադրանքներ:
Ներկայացված նյութի «կառուցողական մասում» (սա զեկույցի 3-րդ բաժինն է՝ «Առաջարկվող լուծումները») նկարագրվում է բարեփոխման հնգափուլ սխեման՝ ՀԱԵ բարեփոխման համակարգող խմբի ստեղծում, ներկա Կաթողիկոսի հրաժարական, տեղապահի ընտրություն, որը պետք է նախապատրաստի Ազգային-եկեղեցական ժողովը, գույքի և ֆինանսների աուդիտ, նոր կանոնադրական փաստաթղթերի մշակում, կանոնադրության ընդունում, Ազգային-եկեղեցական ժողովի գումարում և նոր առաջնորդի ընտրություն:
4. Փաստաթուղթն, անշուշտ, հռչակում է Եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը:
Համաձայն տեքստի՝ բարեփոխումը պետք է իրականացնի հենց Եկեղեցին՝ հոգևորականության և հավատացյալների միջոցով, իսկ պետությունը պետք է «գործի միայն իր սահմանադրական և օրենսդրական լիազորությունների շրջանակներում»:
Հիմա հարց՝ մի՞թե ՀԱԵ-ի բարեփոխումն արդեն աշխարհիկ իշխանության արտոնությունն է: Չէ՞ որ հենց նրան են պետք այս փոխակերպումները, նա է դրանք նախաձեռնում, և ոչ թե եկեղեցական խորհուրդը: Ավելին, Էջմիածինը Հայաստանի կառավարության գործողությունները բնութագրում է որպես միջամտություն Եկեղեցու ինքնավարությանը: Այս դիրքորոշումը պաշտոնապես շարադրվել էր դեռևս օգոստոսի 26-ին և վերահաստատվել ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհրդի սեպտեմբերի 15-17-ի նիստում:
5. Հայ Առաքելական եկեղեցին իր պատմության մեջ մի անգամ չէ, որ վերապրել է թե՛ քաղաքական ճնշումներ, թե՛ բռնաճնշումներ: Բայց այլ բան է, երբ նրա դեմ պայքարում էին այլադավան (և այլազգի) պետությունները (Օսմանյան կայսրություն) կամ իշխանությունները, որոնք աթեիզմը դրել էին որպես գաղափարական հիմք (ԽՍՀՄ): Կամ կայսերական կառույցները, որոնք վախենում էին նրա անհավատարմությունից (Ռուսական կայսրությունը ՀԱԵ գույքն առգրավեց 1903 թվականի հունիսի 12-ին, բայց արդեն 1905 թվականի օգոստոսի 1-ին հրաժարվեց այդ միջոցից):
Այսօր ՀԱԵ-ի դեմ պայքար է մղում հայկական պետական իշխանությունը, և ոչ թե զանազան իմպերիալիստներն ու աթեիստները:
6. Այդ ճնշման պատճառներն ակնհայտ են: ՀԱԵ-ն այլ կերպ է տեսնում հայկական ազգային ինքնությունն ու պետականությունը, նա ամբողջ ծավալով պատրաստ չէ «ապաղարաբաղացմանը» և «Իրական Հայաստանի»՝ որպես ազգաշինության հիմքի ճանաչմանը:
ՀԱԵ-ն պատմականորեն ոչ միայն պարզապես կրոնական կազմակերպություն է եղել, այլև հայկական ինքնության գլխավոր կրողներից մեկը Փաշինյանի կողմից այդքան չսիրված «պատմական Հայաստանի» պայմաններում: Նրա շարքերից ժամանակ առ ժամանակ դուրս են գալիս ընդդիմադիրներ (տե՛ս արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի պայքարի փորձը): Եվ, ի վերջո, այն պահպանում է որոշակի ինքնավարություն, ինչը ներքաղաքական համասեռացման (հոմոգենացման) գործընթացների համատեքստում խիստ դուրս է ընկնում ընդհանուր շարքից:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը

