Չիմացությո՞ւն, թե՞ «նավոդկա». ինչու է Փաշինյանի աշխատակազմը հրապարակել ԶՈՒ հատուկ նշանակության զինծառայողի և ԱԱԾ ծառայողների տվյալներն ու դեմքերը

Օգոստոսի 26-ին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը բանակային խաղերի վերաբերյալ տեսանյութ էր հրապարակել։

Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին, որի շրջանակում առանձին-առանձին մոտեցել է խաղերի մասնակիցներին՝ ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն և ՊՆ-ն ներկայացնող:

Մասնավորապես, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներից մեկը չի թաքցնում, որ ծառայում է հատուկ նշանակության գնդում, և իր տվյալները, ազգանունը հայտնում է՝ առանց դեմքը փակելու, իսկ Փաշինյանի աշխատակազմը ոչ միայն այս ամենը նկարահանում է, այլև հրապարակում՝ առանց զինծառայողի դեմքը փակելու:

Ռազմական փորձագետները սա անթույլատրելի և վտանգավոր համարեցին՝ հաշվի առնելով հատուկ նշանակության զինծառայողների ծառայության բնույթը և պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, երբ ադրբեջանական կողմը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում Ադրբեջանի դեմ գործողություններ իրականացրած քաղաքացիական և ոչ քաղաքացիական անձանց, առևանգում, գերեվարում, թիրախավորում:

Կարդացեք նաև

Ի դեպ, Փաշինյանի տեսանյութում չէին փակվել նաև ԱԱԾ ծառայողների դեմքերը:

Իսկ այն, որ Փաշինյանի աշխատակազմի արածն անթույլատրելի է, ըստ էության, այսօր փաստել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը. բանակային խաղերի փակման արարողության մասին հաղորդագրությանը կից լուսանկարներում փակ են ԱԱԾ ծառայողների և հատուկ առաջադրանք կատարողների դեմքերը, կամ չեն էլ հրապարակվել:

Այս պարագայում ինչպե՞ս որակել պատերազմից առաջ, ընթացքում և հետո պետական գաղտնիքներ հայտնող Փաշինյանի աշխատակազմի արածը՝ չիմացությո՞ւն, փնթիությո՞ւն, թե՞ դիտավորություն կամ «նավոդկա»:

Եվ սա այն դեպքում, երբ ադրբեջանական կողմն ուսումնասիրում է արցախցիների, ՀՀ քաղաքացիների, ՀՀ ԶՈՒ զինծառայողների մասնակցությամբ բոլոր տեսանյութերն ու հոդվածները, հրամանները: Այս դեպքում, թերևս, ճիշտ չէ անգամ առիթների դեպքում ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվող ՀՀ ԶՈւ սպաների և դեռ ծառայության մեջ գտնվող զինծառայողների տվյալների հրապարակումը կոնկրետ գործողությունների կամ արիության համար: Եթե, իհարկե, խնդիրը ոչ թե «նավոդկան» է, վնասելը, այլ չվնասելը:

Հիշեցնենք, որ 168.am-ը հոդվածների շարք էր հրապարակել, որտեղ մանրամասն ներկայացրել էր 44-օրյա պատերազմի ընթացքում տարբեր պաշտոնյաների, և հատկապես վարչապետ և գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառումները, հրապարակային ելույթները, ժողովրդին ուղղված ուղերձներն ու կոչերը, առանձնացնելով հատկապես այն հայտարարությունները, որոնցում առկա են ռազմական կամ պետական գաղտնիք պարունակող տարրեր:

Ավելին, Փաշինյանը պատերազմի օրերին ռազմական պլաններ է նախապես հրապարակայնացրել, ինչից, հնարավոր է, թշնամին օգտվել է, փոխել նախապես մշակված պլանները:

Տեսանյութեր

Լրահոս