Բանակին առնչվող՝ Հայկ Սարգսյանի հերթական օրինագիծը. 27 տարին լրացած և չծառայածներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին ի՞նչ էին մտածում նախկինում և հիմա
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվելու 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։
Ըստ պատգամավորի` նրանք այդ հնարավորությունը կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։
«Մասնավորապես.
Նախագծով 27-37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝
1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,
2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,
3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դրամ,
4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դրամ,
5) զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դրամ»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իշխանական պատգամավորը:
Օրինագծի հեղինակն ակնկալում է՝
բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք,
2) ՀՀ զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, նրանք սահմանված կարգով ծառայության կանցնեն ՀՀ զինված ուժերում, կտան զինվորական երդում, իսկ ծառայությունից արձակվելուց հետո կհաշվառվեն պահեստազորում,
3) լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե,
4) կխնայվեն 27 տարին լրացած, զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, անազատության մեջ նրանց պահելու համար ծախսվող ֆինանսական և նյութական միջոցները,
5) որոշակի չափով կթոթափվի ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության, դատարանների, պրոբացիայի ծառայության և իրավասու մյուս մարմինների համապատասխան գործառութային ծանրաբեռնվածությունը,
6) բազմաթիվ երիտասարդներ՝ շատերն ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություներում կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքում, ինչպես նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր,
7) այն երիտասարդները, ովքեր չեն տեղափոխվի ՀՀ մշտական բնակության, առնվազն՝ որպես զբոսաշրջիկ, հաճախակի անխոչընդոտ կայցելեն հայրենիք:
Թե ինչ կարծիք ունի իշխանական պատգամավորի օրինագծի վերաբերյալ խորհրդարանական ընդդիմությունը, դեռ կհասցենք պարզել, հնարավոր է՝ ձեռնպահ դիրք բռնեն, քանի որ այս խնդիրը նախկինում էլ քննարկման օրակարգում է եղել, և, ըստ էության, ժամանակավոր լուծումներ են գտնվել:
Մասնավորապես, 2017-ի նոյեմբերին ՀՀ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի լրամշակված տարբերակին, որի համաձայն՝ զինծառայությունից խուսափածները քրեական հետապնդումից պետք է ազատվեին ամեն զորակոչի համար 200.000 դրամի դիմաց՝ նախկին 100.000 դրամի փոխարեն: Նշվում էր, որ 27 տարին լրացած քաղաքացիները քրեական հետապնդումից ազատվելու համար գումարը կարող են վճարել ոչ ուշ, քան 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:
«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել էր, որ ծառայությունից խուսափած անձանց տույժի դիմաց քրեական հետապնդումից ազատելու օրենքը, ըստ էության, հայրենիքից դեպի սփյուռք մղելու օրենսդրություն է:
«Ես չեմ համարում, որ դա լավ քաղաքականություն է, որովհետև եթե այդ քաղաքականությունն ի սկզբանե ստեղծվում էր որպես դրսից դեպի հայրենիք երիտասարդներին վերադարձնելու գործիք, ապա փաստն այն է, և կյանքն ապացուցեց, որ այդ օրենսդրությունը հայրենիքից դեպի սփյուռք մղելու օրենսդրություն է, որովհետև 13-14 տարեկանում տղա երեխաներին փորձում են դուրս տանել, իմանալով, որ 27 տարին լրանալուց հետո կվճարեն գումարը և կվերադառնան:
Իրականում շատ քչերը, կամ գրեթե ոչ ոք չի վերադառնում: Սովորաբար այդ գումարը վճարում են Հայաստանում մեկ անգամ կնունք, մեկ անգամ հարսանիք անելու իրավունք ձեռք բերելու համար: Ես չեմ կարծում, որ դա այն արդյունքն է, որի համար արժե նման քաղաքականություն ունենալ…Ես փորձեցի մի պահ ցույց տալ, որ այն մարդիկ, որոնք այդ օրենսդրությունն առաջարկելիս փորձում են շղարշել այն բարի ցանկություններով, այնքան էլ անկեղծ չեն։ Մեր ընդդիմախոսների հիմնական փաստարկն այն է, թե ի՞նչ է եղել, թող չծառայողը երկու պայմանագրայինի գումար վճարի, այդ գումարով երկու հոգի ծառայեն, և այդպես ավելի արդյունավետ կլինի: Այդ համակարգի ոչ արդար և անարդյունավետ լինելու մասին ես խոսել եմ, բայց խնդիրն այլ է: Հենց այդ պահին էր, որ ես ասացի՝ դե եկե՛ք գումարը դարձնենք ինը միլիոն դրամ, որովհետև մոտավորապես այդքան է կազմում երկու պայմանագրային զինծառայողի ծառայության գումարը: Եվ միանգամից սկսվեց աղմուկը, թե հիմա էլ պաշտպանության նախարարը որոշել է այս գումարը բարձրացնել։ Մենք միանգամից ասացինք, որ իրականում ոչ այդ գումարն ենք ուզում, ոչ էլ այն գումարը, որ այսօր կա, որ դա չի լուծում այն խնդիրը, որը պետք է լուծի»,- մանրամասնել էր Վիգեն Սարգսյանը:
Հակադարձմանը, թե՝ այսինքն՝ կա՛մ թող փախած մնա՞ն, կա՛մ թող գան և դատվե՞ն, Պաշտպանության նախկին նախարարը պատասխանել էր՝ թող գան և ծառայեն:
«Դա շատ ավելի պատվաբեր է, քան և՛ փախած մնալը, և՛ դատվելը»,- ընդգծել էր Սարգսյանը:
Իսկ 2017-ին ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Պաշտպանության նախարարից հետաքրքրվել էր, թե ինչ մոտեցում ունի Վիգեն Սարգսյանը հարցի վերաբերյալ, որ 27 տարին լրացած և օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են տուգանք վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից, ինչին Վիգեն Սարգսյանը պատասխանել էր.
«Ես դեմ եմ այդ օրենքին, առիթ ունեցել եմ խոսելու կառավարությունում և այս դահլիճում՝ իմ մոտեցումները չեն փոխվել։ Ես կարծում եմ, որ չի կարելի գումարով ազատվել սահմանադրական պարտավորություններից։ Կարծում եմ, որ չի կարելի, անընդունելի է, որ փող ունեցողը կարող է չծառայել, իսկ ով փող չունի, անապահով է, գնա ու առաջնագծում ծառայի»:
Հավելենք, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի իրավապահ մարմինների հետախուզության մեջ էր 12698 մարդ: Նրանցից 10741 հոգին հետախուզվում էր ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու հատկանիշներով:
Ի դեպ, իշխանափոխությունից հետո 2018 թվականի հունիսին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համաձայնել էր Վիգեն Սարգսյանի այն տեսակետի հետ, որ որոշակի տարիքից հետո բանակից խուսափելու և դրա համար գումար վճարելու գործընթացը պետք է կանգնի։
«Իմ խորին համոզմամբ, ինչ-որ պահի այդ գործընթացը պետք է կանգնի, որովհետև 14 կամ 15 տարեկանը, արդեն 27 տարեկանում պետք է իրավունք չունենա էդպիսի հնարավորություն ունենալու այսօր: Հասկանո՞ւմ եք՝ ինչ-որ պահի այդ գործընթացը պետք է կանգնի, թե չէ ստացվում է՝ մենք անընդհատ խրախուսում ենք՝ գնացեք, 27 տարին կլրանա, վերադարձեք և հնարավորություն կունենաք որոշ մուծումներ անելով՝ ազատվել բանակային ծառայությունից: Այսինքն, պետք է կանգնել: Իմ անձնական մոտեցումն այն է, որ ինչ-որ պահի այդ գործընթացը պետք է կանգնի, որովհետև դա ստացվում է խրախուսում բանակից խուսափելու համար: Այսօրվա 15 տարեկանը, որ այսօր լքում է Հայաստանը զինվորական ծառայությունից խուսափելու համար, 12-13 տարի հետո ես իրեն այդ հնարավորությունը տա՞մ, ո՞նց կարելի է էդպես անել»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Տոնոյանը:
Ի դեպ, 2019-ին Դավիթ Տոնոյանի ղեկավարած Պաշտպանության նախարարությունը դեմ էր արտահայտվել իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին» օրենքի նախագծին, որով քաղաքացին 10 մլն դրամ վճարելով՝ կարող էր 1 ամիս ժամկետով արագացված ծառայություն անցնել:
Իսկ 2022-ին արդեն անազատության մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարարը «փրկագին սահմանել» էր որակել 24 միլիոն դրամ վճարելու դեպքում զիծառայության ժամկետը կրճատելու նախագիծը, որը վերջնագծին չհասցվեց:
Հիշեցնենք, որ 2017-ին Վիգեն Սարգսյանը ԱԺ մի նախագիծ էր ներկայացրել, որով բոլորը պետք է ծառայեն: Մասնավորապես, 2017-ին հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովը քննարկել էր կառավարության կողմից ներկայացված ու հանրային քննարկման փուլում բազմաթիվ խնդիրների հետ բախված «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ՀՀ քաղաքացիների զինապարտության ապահովման գործընթացի շրջանակներում այդ ժամանակ գործող կարգավորումների համեմատ փոփոխություններ էր ենթադրում պարտադիր զինվորական ծառայությունից ազատման և զորակոչից տարկետումների տրամադրման, զորակոչի կազմակերպման գործընթացի հետ կապված հարաբերություններում։
Այսինքն, զորակոչի հայտարարությունը վերապահվել էր կառավարությանը, վերանայվել էին տարկետման հիմքերը, և դրանց մեծ մասը փոխարինվել արտոնություններով։ Հատկապես վերանայվել էր արտոնությունների համակարգը՝ ձևական բնույթից փոխարինվելով բովանդակային արտոնություններով։
«Խոսքը վերաբերում է ծնողազուրկ, հաշմանդամ ծնողներ ունեցողներին: Այն բոլոր արտոնությունները, որը ունենք, ավելի բովանդակային են դառնում, երկու արձակուրդի իրավունք են ստանում, ինչպես նաև մարտական հերթապահության մեջ նրանց ներգրավումը կատարվում է միայն նրանց ցանկությամբ»,- նշել էր Վիգեն Սարգսյանը՝ շարունակելով, որ ուսման տարկետումը փոխկապակցվելու էր հետագա ծառայության բնույթի հետ։ Այսինքն, քաղաքացին կարող էր տարկետում ստանալ զինծառայությունից, եթե այնուհետև պատրաստ լիներ ծառայել որպես սպա՝ ստանալով սպայի աշխատավարձ, ինչպես նաև կրթության վարձի փոխհատուցում՝ ինչպես բակալավրիատում, այնպես էլ՝ մագիստրատուրայում։
«Ելք» խմբակցության սրտով չէր բոլորին բանակ ուղարկելու գաղափարը, թեպետ որոշակի բացառություններ հնարավոր էին համարվել առանձնահատուկ հաջողության հասած երիտասարդ գիտնականների համար:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, հետաքրքրել էր հարցը՝ «ինչո՞ւ պետք է պատմաբան դառնալ ցանկացողին ասեն՝ եթե ուզում ես դառնալ պատմաբան, դարձիր ծառայելուց հետո, իսկ երբ մարդն ուզում է դառնալ հոգևորական, նրան տարկետում տան»:
«Հոգևորականների հետ կապված ոչ մի տեղ չկա գրած, որ հոգևորականն ազատվում է բանակից, հոգևորականներն ազատվում են կառավարության որոշմամբ, այն պարզ պատճառով, որ այլ բուհերում կա, ինչո՞ւ պետք է Գևորգյան ճեմարանում չլինի»,- Փաշինյանին հակադարձել էր Վիգեն Սարգսյանը և հավելել, որ կաթողիկոսի հետ պայմանավորվածություն ունի՝ եթե բուհերից տարկետման իրավունքը հանվում է, ապա հոգևորականները ևս պետք է գնան ու ծառայեն:
Վերադառնանք մեր օրեր և ՔՊ-ական Հայկ Սարգսյանի առաջարկած նախագծին, և նկատենք, որ հնարավոր է՝ իշխանությունները հույս ունեն, որ տարբեր հանգամանքներից ելնելով՝ Ռուսաստանից վերադարձողներ և վերադարձվողներ կարող են լինել, ուստի որոշել են բարձր վճարներով լավություն անել՝ մտածելով, որ քանի որ վճարը բարձր է, ծառայել ցանկացողները քիչ չեն լինի: Սպասենք օրինագծի հետ կապված զարգացումներին և մասնագիտական կարծիքներին, այդ թվում՝ Սուրեն Պապիկյանի ղեկավարած Պաշտպանության նախարարության դիրքորոշմանը: