ՊՆ-ն խուսափում է թվային կոնկրետությունից, կամ` ինչպես երկար մտածել, բայց ըստ էության չպատասխանել

2018-ի հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է, թե Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ոչ միայն՝ ամենամարտունակ, այլև՝ ամենաինտելեկտուալ բանակը:

Իսկ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո իշխանական շրջանակները սկսեցին քննադատել ռուսական ռազմական միտքը՝ բարձր գնահատելով արևմտյան ռազմական դպրոցը, գուցե շատ հարցերում՝ արդարացի: Բայց սա, ինչպես նաև այն, թե որքանով Նիկոլ Փաշինյանը ՀՀ բանակը դարձրեց ամենամարտունակն ու ամենաինտելեկտուալը՝ այլ քննարկման թեմա է:

Եվ հետագայում նաև մանրակրկիտ այս հարցերը քննարկելու նպատակով 168.am-ը հոկտեմբերի 26-ին Պաշտպանության նախարարություն հարցում էր ուղարկել՝ հետևյալ հարցադրմամբ.

«Հեղափոխությունից առաջ և դրանից հետո քանի՞ հոգի է ՀՀ-ից մեկնել արտասահմանյան ռազմական ուսումնական հաստատություններ սովորելու: Խնդրում ենք մանրամասնել՝ քանի հոգի է մինչև հեղափոխությունը և դրանից հետո դիմել ռուսաստանյան ռազմական բուհեր, քանիսը՝ ոչ ռուսաստանյան՝ Հունաստան, Իտալիա, և այլն: Այսինքն, ցանկանում ենք պարզել՝ վերջին 4 տարիներին աճե՞լ է արտերկրի բուհեր դիմող հայ դիմորդների թիվը, թե՞ ոչ, և որ երկրի ռազմական բարձրագույն հաստատություն են ամենաշատը դիմել»:

Մոտ երկու շաբաթ հետո մեր հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունը ուղարկած գրության մեջ մեր հարցին ոչ լիարժեք պատասխան է տվել:

«Ի պատասխան 26.10.2022 թվականի գրությամբ բարձրացված հարցին՝ տեղեկացնում ենք, որ 2018-ից հետո ՌԴ ռազմաուսումնական հաստատություններ ընդունվել են 46 տոկոսով ավելի, իսկ այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ՝ 315 տոկոսով ավելի զինծառայողներ»:

Հետաքրքիր է՝ եթե 2018-ից հետո ավելացել է օտար պետությունների ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմորդների թիվը, ինչո՞ւ է Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանական կառույցն առհասարակ շրջանցել նախահեղափոխական ժամանակահատվածը, իսկ հեղափոխական ժամանակահատվածի մասով էլ զերծ մնացել ոչ տոկոսային թվային կոնկրետ տվյալներ, երկրների անունները նշելուց:

Ի վերջո, նման տվյալները նաև հուշում են ոչ միայն ՀՀ ռազմակրթական քաղաքականության, դրա ուղղվածության, այլև այս կամ այն երկրի հետ պաշտպանական ոլորտում ունեցած հարաբերությունների, համագործակցության մակարդակի մասին:

Այսինքն, օտար պետություններից յուրաքանչյուրն իր ռազմական հաստատություններում ուսանելու համար ՀՀ-ի համար որոշակի քվոտա է նախատեսում: Սակայն կոնկրետ ֆիքսված թիվ չկա, ամեն տարի այն կարող է տարբեր լինել կամ փոփոխվել՝ պայմանավորված տվյալ երկրի հետ ՀՀ-ի համագործակցության մակարդակից ու աստիճանից, իսկ դիմորդների թիվը՝ նաև ՀՀ ֆինանսական վիճակից:

Ստացվում է՝ Պաշտպանության նախարարությունը տոկոսային տվյալների քողի տակ կամա թե ակամա թաքցնում է տարբեր երկրների հետ ռազմակրթական համագործակցության պատկերը, որը, ինչո՞ւ չէ՝ քաղաքական ինչ-ինչ տարրեր է պարունակում:

Ի դեպ, ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը 168.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ՌՈՒ հաստատություններ ընդունվածների թիվը գաղտնիք էր համարել, մինչդեռ այդ տվյալները միշտ էլ հրապարակվել են և այդ ժամանակ գործող օրենքով պետական գաղտնիք չեն համարվել:

Տեսանյութեր

Լրահոս