Այն, ինչ այսօր անում են նիկոլփաշինյանները, քրեորեն պատժելի գործողություն է․ բոլոր տեսակի սրիկայությունները միշտ արվում են ժողովրդի անունից․ իրավապաշտպան
Փաշինյանի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնն այսօր զեկույց է հրապարակել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» վերնագրով զեկույցի պատրաստումը, ըստ ՊՈԱԿ-ի, բխում է ՀՀ Կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է Փաշինյանի հանձնարարությամբ։
«Զեկույցի նպատակն է բաց աղբյուրների ուսումնասիրության հիման վրա փաստագրել ՀԱՍԵ-ում առաջացած ճգնաժամը և առաջարկել լուծման ուղիներ։ Սույն զեկույցը չի վիճարկում Եկեղեցու դավանաբանական հիմքերը, Սրբազան Ավանդությունը և կանոնական կարգը։ Հակառակը՝ այն փաստագրում է հենց այդ հիմքերի խախտումները՝ ի պաշտպանություն Եկեղեցու ինքնության և ինքնավարության»,- ասված է զեկույցում։
Սրան զուգահեռ՝ ՔՊ-ականները դարձյալ սկսել են իրենց նախաձեռնությունը փաթաթել ժողովրդի վզին՝ վստահեցնելով, թե «ժողովուրդն իրենց մանդատ է տվել»։
Մինչ այս դրվագը դարձել է քննարկումների առարկա, Փաշինյանը Նյու Յորքից տեսանյութ է ձայնագրել՝ վերահաստատելով, որ իր հանձնարարությամբ է կառավարությանը կից ՊՈԱԿ-ը կազմել Եկեղեցու վերաբերյալ «զեկույցը»։ Նա նաև նկատել է, թե Եկեղեցին «բռնազավթված է», ու խոստացել այս խնդրին կրկին անդրադառնալ։
Ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ որևէ այլ ՔՊ-ական այս ընթացքում այդպես էլ չի խոսել փաստի մասին, որ Հայ Առաքելական եկեղեցու ինքնավարությունը պաշտպանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, 168․am-ի հարցադրումներին ի պատասխան անդրադառնալով հակաեկեղեցական հերթական դրվագին, նշեց, որ անկախ բովանդակությունից, անկախ, թե ինչ «հիմնավորումներ» են ներկայացվում, այդ պրոցեսը հակասահմանադրական է և հակակոնվենցիոն է։
«Այս պրոցեսը քրեորեն պատժելի գործողություն է․ այն, ինչ որ անում են հիմա նիկոլփաշինյաններն ու իր պրոպագանդիստ ծառայող տարբեր շրջանակները, իրենց փորձագետ ներկայացնողները, և, հետևաբար, այդ մարդիկ պիտի շատ լավ գիտակցեն, որ իրենք մի ֆունկցիա ունեն՝ պատրաստվել իշխանափոխությունից հետո քրեական պատասխանատվության ենթարկվելու։ Այստեղ այլ հարց չի կարող քննարկվել։ Ինչ էլ որ դրած լինեն իրենց առաջարկների մեջ, սա հակասահմանադրական և հակակոնվենցիոն է»,- մանրամասնեց Նինա Կարապետյանցը։
Դիտարկմանը, թե իշխանության տարբեր խոսափողներ ասում են՝ ընտրություններով իրենց «մանդատ է տվել ժողովուրդը», իրավապաշտպանն արձագանքեց․ «Բոլոր տեսակի հանցագործությունները, սրիկայությունները միշտ արվում են ժողովրդի անունից։ Սա առաջին դեպքը չէ։ Նիկոլ Փաշինյանի ծավալը, իհարկե, ոչ ոք երբեք չի ունեցել, բայց հատկապես Նիկոլ Փաշինյանն այդ գործիքը շատ վաղուց է օգտագործում։ Անգամ մանդատ ունենալը որևէ կերպ չի չեղարկում քրեորեն պատժելի գործողություններ լինել-չլինելը»։
Մեր զրուցակիցն արձանագրեց, որ «ԿԸՀ-ի կողմից նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական ծրագիրը գրանցելը և հանցագործություն է, և քրեորեն պատժելի գործողություն»։ Ի թիվս այլնի՝ նա հիշեցրեց նաև Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագիրը՝ հավելելով, որ բոլոր «հակա»-ները կարող են վերաբերել նաև դրան։
«Եթե վաղն իսկապես ժողովուրդը պահանջեց, օրինակ, Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո միջնադարյան պատիժ նշանակել, ի՞նչ պիտի անի հաջորդ եկող իշխանությունը՝ պիտի պատժի՞, թե՞ այնուամենայնիվ պիտի առաջնորդվի օրենքով, կոնվենցիաներով, Սահմանադրությամբ և այլն։ Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, պատիժ պիտի կրի, բայց օրենքով։
Եթե էս մարդիկ այժմ օրենքից դուրս գործողություններ են փորձում օրինականացնել, իրենք շատ լավ պիտի հասկանան, որ վաղը՝ իրենց իշխանություն չլինելու պարագայում, իրենց սպասվում է նույն տեսակի վերաբերմունք, այսինքն` օրենքից դուրս վերաբերմունք։ Ու քանի որ իրենք այս ժողովրդին, մեր պետությանն այնքան վնաս են պատճառել, հետևաբար՝ թող սպասեն նաև անհամաչափ ինչ-որ վերաբերմունքի մարդկանց այն մասսայի կողմից, որ իրենց քարոզների հետևանքով կընդունի, որ կարելի է օրենքից դուրս գործողություններ անել»,- ամփոփեց նա։

