
Անընչության մասին

Հայր Աղաթոնի մասին ասում էին, թե բազում օրեր իր աշակերտների հետ սենյակ էր շինում: Երբ ավարտեց տունը և կամենում էր բնակվել այնտեղ, այդ օրը տեսիլք տեսավ, որ իր գործը բարի չէ, և աշակերտներին ասաց. «Եկե՛ք գնանք այստեղից»: Իսկ նրանք սաստիկ տրտմեցին և իրենց մեջ ասացին.
«Եթե կամենում էր այստեղից գնալ, մենք ինչո՞ւ զուր աշխատեցինք և շինեցինք դա: Հիմա ոմանք կծաղրեն մեզ և կասեն. «Դարձյալ գնացին այդ թափառաշրջիկները»:
Երբ ծերը նրանց տեսավ այդպես տրտմած՝ ասաց. «Թեկուզ և ոմանք ծաղրեն մեզ, սակայն ոմանք էլ օգուտ կքաղեն և կասեն. «Երանի սրանց, որովհետև հանուն Աստծո են շրջում և աշխարհիկ ամեն ինչ արհամարհում են»: Որդյակնե՛ր, եթե դուք չգաք էլ, ես գնալու եմ»:
Եվ նրանք գնացին նրա հետևից, և ուր էլ շրջում էր նա՝ ոչինչ չէր վերցնում իր հետ, բացի իր ունեցած արմավահատ մկրատից:
Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016