Ի՞նչ է կատարվում բանկերի շահույթների հետ

Բանկային համակարգն այս տարի շարունակել է ահռելի շահույթներ ստանալ։ Նախորդ տարվա համեմատ շահույթներն ավելացել են, բայց դա տեղի է ունեցել գերազանցապես առաջին եռամսյակի հաշվին։ Երկրորդ և երրորդ եռամսյակներում բանկերի շահույթները նվազել են։

Ինն ամսում բանկերը 215 մլրդ դրամի կամ կես միլիարդ դոլարից ավելի շահույթ են կուտակել։

Մեկ-երկու տարի առաջ բանկերը պարզապես կերազեին այսպիսի բարձր շահույթներ ստանալ։ Բայց անցած տարվանից, իրենց կամքից անկախ, հայտնվել են մի միջավայրում, որտեղ փողը թափվում է երկնքից։

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված համատարած պատժամիջոցները Հայաստանի ոչ միայն տնտեսության, այլև բանկային համակարգի համար դարձան հեշտ փող աշխատելու միջոց։ Ռուսական կապիտալը, տարբեր նպատակներով, պտտվում է Հայաստանի բանկային համակարգում և բարձր շահույթներ ապահովում բանկերի համար։ Դրա արդյունքում նախորդ տարի բանկային համակարգի շահույթները հասան ռեկորդային 263 մլրդ դրամի՝ միանգամից ավելանալով 3 անգամով։ Մինչ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներն ու կապիտալի հսկայական հոսքերը դեպի Հայաստան՝ բանկերի զուտ շահույթները կազմել էին 87 մլրդ դրամ։ Անցած տարի դրանք ավելացան 176 մլրդ դրամով։

Կարդացեք նաև

Նույն գործոնների արդյունքում, այս տարի էլ բանկային համակարգն աշխատում է շահութաբերության բարձր միջավայրում։ Նախորդ տարվա համեմատ բանկերի շահույթները տարվա առաջին ինն ամիսներին ավելացել են 27 մլրդ դոլարով՝ հասնելով 215 միլիարդի։

Փաստացի աճ կա, բայց աճն այլևս նախկինը չէ։

Ավելին՝ աճը վերջին երկու եռամսյակներում ընդհանրապես դադարել է, արձանագրվել է շահութաբերության նվազում՝ նախորդ տարվա համեմատ։

Այն 27 մլրդ դրամի աճն էլ, որ կա, եղել է գերազանցապես առաջին եռամսյակի հաշվին։ Դրան նպաստել է բացառապես անցած տարվա տվյալ ժամանակահատվածի շահութաբերության ցածր մակարդակը, երբ դեռևս զգացնել չէին տվել այն գործոններ, որոնք դարձան բանկերի բարձր շահույթների ապահովման հիմնական միջոցը։

Անցած տարվա առաջին եռամսյակում կամ մինչ կսկսվեր ռուսական կապիտալի ակտիվ ներհոսքը Հայաստանի բանկային համակարգ, բանկերի շահույթները կազմել էին ընդամենը 31 մլրդ դրամ։ Այս տարվա առաջին եռամսյակում կազմեցին 70 մլրդ դրամ՝ 39 միլիարդով ավելի շատ, քան անցած տարի։

Սրա հաշվին է, որ այս տարվա ինն ամիսների արդյունքներով՝ բանկերի շահույթներն ավելացել են. Երկրորդ և երրորդ եռամսյակում արձանագրվել է շահութաբերության անկում, նախորդ տարվա նկատմամբ։

Երկրորդ եռամսյակում բանկային համակարգի շահույթները կազմել են 72 մլրդ դրամ։

Անշուշտ, սա ևս փոքր գումար չէ, բայց զիջում է շահութաբերության այն մակարդակը, որն ունեցել էին բանկերը նախորդ տարվա նույն շրջանում։ Նախորդ տարվա երկրորդ եռամսյակում բանկերը ստացել էին 80 մլրդ դրամի զուտ շահույթ, այս տարի ստացել են 72 միլիարդի կամ 8 միլիարդով քիչ։

Երկրորդ եռամսյակում բանկերի շահույթները 10 տոկոսով կրճատվել են։

Նույն միտումը պահպանվել է նաև երրորդ եռամսյակում։ Էլի բանկերը շարունակել են գտնվել շահութաբերության բարձր միջավայրում, բայց շահույթներն ավելի քիչ են եղել, քան անցած տարի։ Անցած տարվա երրորդ եռամսյակում համակարգը ստացել էր՝ 77 մլրդ դրամի, այս տարի ստացել է 73 միլիարդի զուտ շահույթ։

Երրորդ եռամսյակում բանկերի շահույթները նախորդ տարվա համեմատ կրճատվել են գրեթե 5,2 տոկոսով։

Այս միտումը, ըստ էության, կշարունակվի նաև չորրորդ եռամսյակում, և արդեն տարեվերջին բանկերի շահույթների տարբերությունն ավելի կփոքրանա։ Աճ կգրանցվի, բայց ավելի քիչ, քան տարեսկզբի առաջին երեք եռամսյակներին արձանագրված 27 միլիարդն է։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա չորրորդ եռամսյակում բանկային համակարգի շահույթները կազմել էին 75 մլրդ դրամ։ Այս տարվա որևէ եռամսյակում շահույթները դրան չեն հասել։

Սպասվում է, որ արդեն հաջորդ տարվանից բանկային համակարգի շահույթների ակտիվ աճերը ոչ միայն կդադարեն, այլ կսկսեն նվազել։ Մինչ այդ, իհարկե, բանկերը հասցրեցին բավական մեծ օգուտներ ստանալ։ Անցած տարի շահույթները կազմեցին շուրջ 600 մլն դոլար։ Այս տարի 600 միլիոնը նույնիսկ կգերազանցեն։

Սա լավ հնարավորություն էր բանկերի համար, թեև այս գումարները խիստ անհամաչափ են բաշխվել նրանց միջև։ Մեծ մասի պարագայում շահութաբերության մակարդակն անհամեմատ ցածր է, քան առաջին մեկ-երկու հորիզոնականներում գտնվողներինը։

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի շահութաբերությամբ առաջատարն «Արդշինբանկն» է, որն ինն ամսում ստացել է գրեթե 57 մլրդ դրամի կամ, մոտավոր հաշվարկներով, 140-145 մլն դոլարի շահույթ։

Սա բանկային համակարգում գեներացված ընդհանուր շահույթների ավելի քան 26 տոկոսն է։

Նախորդ տարվա համեմատ՝ «Արդշինբանկի» շահույթները շարունակել են բարձր տեմպերով աճել։ Դրանք 15,8 միլիարդով կամ 38 տոկոսով ավելացել են։ Աճը շատ ավելի բարձր է, քան ամբողջ բանկային համակարգինը, ինչի արդյունքում «Արդշինբանկի» շահույթների կշիռը բանկային համակարգի ընդհանուր շահույթների մեջ զգալիորեն ավելացել է։ Նախորդ տարի այն 22 տոկոսից ցածր էր, այս տարի անցնում է 26 տոկոսից։

Շահութաբերության մակարդակով երկրորդն «Ամերիաբանկն» է, բայց այն զգալիորեն զիջում է առաջատարին։ «Ամերիան» տարեսկզբի ինը ամիսներին ստացել է 34,3 մլրդ դրամի շահույթ։ Բանկի շահույթներն ավելացել են 11 տոկոսով կամ 3,3 մլրդ դրամով։

Բանկային համակարգի բոլոր 18 բանկերն անխտիր շահութաբերությամբ են աշխատել։ Սակայն մի մասի մոտ շահույթները նախորդ տարվա համեմատ կրճատվել են։

Դա առավել ակնհայտ է հատկապես «Էվոկաբանկի» պարագայում։ Նախորդ տարվա առաջին երեք եռամսյակներում այս բանկը ստացել էր գրեթե 20,6 մլրդ դրամի շահույթ։ Այս տարի շահույթները կրճատվել են ավելի քան 2,3 անգամով և կազմել 8,8 մլրդ դրամ։

Ոչ մեծ չափով, բայց նվազել են նաև «Արարատ» և «Կոնվերս» բանկերի շահույթները։

Շահույթների նվազում է տեղի ունեցել նաև «Արցախբանկի» մոտ։ Նախորդ տարի դրանք  կազմել էին գրեթե 6,2 մլրդ դրամ, այս տարի կազմել են 4,4 միլիարդ։

Շահույթի գրեթե 2,9 մլրդ դրամի նվազում է ունեցել նաև ոչ վաղ անցյալում բանկային գրանցում ստացած «Ֆաստ Բանկը»։

Չնայած արձանագրված աճին, զուտ շահույթի բավական ցածր մակարդակ ունեն «Բիբլոս Բանկ Արմենիան» և «Հայբիզնեսբանկը»։ Այս բանկերի շահույթները եղել են 1 մլրդ դրամի սահմաններում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս