Փաշինյանը ստորագրել, Ալիևին տվել է Հայաստանի վրա հարձակվելու իրավունք՝ Տավուշի գյուղերը ստանալու համար. Միքայել Նահապետյան

Նոյեմբերի 10-ին «GALLUP International Association» կազմակերպությունը հրապարակեց հերթական սոցիոլոգիական հարցման տվյալները, ըստ որոնց, հարցված քաղաքացիների 80 տոկոսը չի վստահում քաղաքական որևէ ուժի, շուրջ 55 տոկոսը չի վստահում Փաշինյանին։

Նիկոլ Փաշինյանի աշխատանքը չի հավանում հարցվածների 52.6 տոկոսը, ԱԺ-ինը՝ 64 տոկոսը, նախագահինը՝ 53.7 տոկոսը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը հրապարակված սոցիոլոգիական հարցման նման պատկերի պատճառ համարեց հայ հասարակության՝ այլևս երազանք չունենալն ու պետության հետ կապված պլանների բացակայությունը։

«Այս թվերի պատճառն այն է, որ Հայաստանի քաղաքացիները զրկված են երազանքից, ապագայի հուսալի պլանից։ Մարդիկ չգիտեն՝ ամեն ինչ դեպի ո՞ւր է գնում։ Փաստն այն է, որ, այսպես կոչված, խաղաղության ճանապարհով գնալիս՝ հայ ժողովուրդը ստացել է 4-5 ռազմական խոշոր էսկալացիա՝ մարդկային և տարածքային կորուստներով, արժանապատվության ոտնահարմամբ։ Մեզ սա են տվել, թեև կառավարող ուժը խոսում ու խոսում է խաղաղություն բերելու մասին»,- ասաց Միքայել Նահապետյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ խաղաղությունը լոկ խաղաղության մասին կենացները չեն. խաղաղությունն առաջին հերթին նշանակում է՝ ուժերի բալանս և հարաբերականորեն արդարացի պայմաններ, իսկ խաղաղության մասին խոսող Նիկոլ Փաշինյանը ո՛չ մեկն է անում, ոչ՝ մյուսը։

«Հայաստանի իշխանության առաջարկած խաղաղության մոդելը հետևյալն է՝ համաձայնել այն ամենին, ինչ մեզ առաջարկում են ուրիշները։ Հայաստանի իշխանությունը մեզ որպես որբ է նկարագրում։ Այդ մարդն ասում է, թե ինքնիշխանության միակ տարբերակը հնազանդեցումն է՝ մեզանից ուժեղ պետություններին»,- ասաց Միքայել Նահապետյանը՝ Փաշինյանին համարելով Հայաստանը հնազանդեցման և ոչ թե ինքնիշխանության տանող երկրի ղեկավար։

Խոսելով Փարիզում կայացած «Խաղաղության 6-րդ համաժողովում» Փաշինյանի կողմից իրեն ինքնիշխան երկրի ղեկավար ներկայացնելու մասին, Նահապետյանը շեշտեց՝ ուշագրավ է, որ ինքնիշխանության մասին է խոսում մի մարդ, որն Արցախի հայերի իրավունքների և անվտանգության, Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի, կարմիր գծերի մասին էր խոսում, բայց իր որևէ խոստում չկատարեց, հատեց իր իսկ կողմից հռչակած կարմիր գծերն ու Արցախը դարձրեց Ադրբեջան։

«Մենք խոսում ենք ստախոսների վարած քաղաքականության մասին, ճանապարհի կեսից սկզբունքները փոխողների, կարմիր գծեր խախտողների մասին, մենք խոսում ենք մեկի մասին, որը միակողմանի ստորագրել է մի փաստաթղթի տակ, որով հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանում տարածքներ ունի։

Նա իր այդ քայլով Ադրբեջանին մեր դեմ պատերազմ սկսելու իրավունք է տվել։ Փաշինյանը ստորագրել է փաստաթուղթ, որով Ադրբեջանին հիմք է տալիս հարձակվելու Հայաստանի վրա՝ Տավուշի գյուղերը վերցնելու համար, իսկ եթե Ադրբեջանը հարձակվի, դրան միջազգային կոշտ արձագանք չի՛ լինելու այնպես, ինչպես չեղավ Արցախի դեպքում։ Ինչո՞ւ պետք է լինի, եթե Փաշինյանը Գրանադայում ստորագրել է փաստաթուղթ, որով, կրկնում եմ, միակողմանի, ասել է՝ Հայաստանում կան ադրբեջանական գյուղեր։

Կամ՝ ինչպես է ինքն իրեն համարում ինքնիշխան երկրի ղեկավար, երբ իր երկրի Գլխավոր շտաբի պետի ընտանիքի անդամներն այլ երկրի քաղաքացիներ են, ԳՇ պետի՝ այլ երկրի քաղաքացի լինելն էլ դեռ հարցական է»,- ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամը՝ շեշտելով՝ Փաշինյանը հայ ժողովրդին հրամցնում է «եզի կարգավիճակ», որը չի կարող ունենալ նպատակներ ու պլաններ, որը պարտավոր է քարշ տալ այն ծանրությունը, որն իր վզից կկապեն այլք։

«Ասում է՝ ինքնիշխա՞ն. աբսուրդ է, երբ քո երկրում գործարան կառուցելու հարցը դու պարտավոր ես համաձայնեցնել այլ երկրի Կառավարության հետ, կամ այլ պետության դրոշը տեղադրել, որ կարողանաս կառուցել, ի՞նչ ինքնիշխան»,- խոսքը եզրափակեց Միքայել Նահապետյանը։

Հարցազրույցի մանամասները՝ տեսանյութում։ 

 

Տեսանյութեր

Լրահոս