Տավուշի մարզկենտրոնի հետ կապն ուզում են կտրե՞լ, գոնե հասկանո՞ւմ են դրա հետևանքները. Բաղանիսի նախկին համայնքապետ

Նոյեմբերի 9-ին ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից պահանջվող Տավուշի 4 գյուղերի վերաբերյալ հարցին՝ ասել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները պետք է լուծվեն սահմանազատման գործընթացով:

«Բնակավայրերի հետ կապված իրավական խնդիրները կլուծվեն սահմանազատման գործընթացում, մենք Տավուշի 4 գյուղերի հետ կապված խնդիր չենք տեսնում»,- ընդգծել էր նա:

Այդուհանդերձ, Կոստանյանը հստակ չէր պատասխանել լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանն 8 գյուղերի հանձնումը նախապայման է դարձրել՝ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու հարցում: Հայտարարել էր, որ այդ գործընթացում իրենց համար անկյունաքարային հարցերից է «ապաշրջափակման գործընթացի 4 սկզբունքների արձանագրումն ու վեճերի կարգավորման մեխանիզմի մշակումը»:

«Կա ընկալում, որ խնդիրները, որոնք կապված են դելիմիտացիայի հետ, պետք է քննարկվեն դելիմիտացիայի հանձնաժողովում»,- ի պատասխան՝ հակիրճ հայտարարել էր ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Կարդացեք նաև

Սահմանապահ Բաղանիս գյուղի նախկին ղեկավար Նարեկ Սահակյանը 168.amի հետ զրույցում վստահեցրեց, որ իր ու Բաղանիսի որևէ բնակչի համար «անկլավ» հասկացություն գոյություն չունի, իսկ հող որևէ մեկին չեն պատրաստվում զիջել:

Սահակյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները դատողություններ ու հայտարարություններ անում են՝ առանց խնդրին տեղում ծանոթանալու:

«Եթե այդ ճանապարհով հարցերը լուծվեն, մեզ համար շատ ցավոտ հետևանքներ են լինելու: Այդ դեպքում Տավուշի մարզկենտրոնի հետ կապը կտրվելու է: Գոնե պատկերացնո՞ւմ են՝ թե դա ինչ է նշանակում: Դրանից այն կողմ ի՞նչ կարող է լինել: Քարտեզի առջև նստել են ու որոշումներ են կայացնում: Բա թող մի հատ գան ու տեղում տեսնեն, թե իրենց այդ քայլերով ինչ կենսական վնաս են հասցնելու մեր էս գյուղերին: Այդ ժամանակ գուցե սկսեն հասկանալ իրենց կայացրած որոշումների արդարացիությունն ու ոչ արդարացիությունը»,- ասաց Սահակյանը:

Բաղանիսի նախկին ղեկավարը նաև ասաց, որ նախկինում երբևէ որևէ քննարկում չի եղել, այսպես կոչված, «անկլավների» վերաբերյալ: Նրա խոսքով՝ թեման առաջ է բերել Ադրբեջանը, ինչին չեն ընդդիմանում ՀՀ իշխանությունները՝ հաշվի չառնելով տեղի բնակիչների տեսակետն ու այդ գործընթացի օրինականությունը:

Իսկ արդյո՞ք, այսպես կոչված, «անկլավները» ստանալուց հետո Ադրբեջանն այդքանով կբավարարվի:

«Ես մի բան կասեմ. հին հռոմեական ասացվածք կա՝ «Ախորժակն ուտելուց է բացվում»»,- հիշեցրեց Սահակյանը՝ հավելելով, որ գյուղերն Ադրբեջանին տալուց հետո այդ երկիրը պահանջելու է նաև այլ «միջանցքներ»՝ դրանց հետ կապը պահպանելու համար:

«Կառաջանան և՛ տարածքային, և՛ կոմունիկացիոն խնդիրներ: Իսկ մեր երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրներն ավելի կխորանան: Ոչ մի խաղաղություն էլ չի լինի»,- համոզմունք հայտնեց սահմանապահ Բաղանիս գյուղի նախկին ղեկավար Նարեկ Սահակյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն իրեն համարում է 1918-1920 թվականների Ադրբեջանի Հանրապետության հետնորդ: Իսկ այսպես կոչված՝ «անկլավներն» այդ երկրին տրվել են ԽՍՀՄ ժամանակահատվածում: Խոսքն այս դեպքում վերաբերում է նաև Բաղանիսին: Ինչ վերաբերում է Արծվաշենին, ապա այն նույնպես ամբողջությամբ հայկական է եղել՝ մինչև 1927 թվականը: Ըստ մասնագետների՝  այս գործընթացն իրավական  որևէ հիմք չունի:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս