Կենսաբանը խոսել է նրբաբլիթների չափից շատ ուտելու վտանգների մասին
ՌԴ Կրթության պետական համալսարանի ֆիզիոլոգիայի, մարդու էկոլոգիայի և կենսաբժշկական գիտելիքի ամբիոնի պրոֆեսոր Վլադիմիր Սապրիկինը «Իզվեստիային» պատմել է նրբաբլիթների չափից շատ ուտելու վտանգների մասին։
«Բլիթները բավականին առողջարար սննդամթերք են: Նրանք հարուստ են կալցիումով և կալիումով (գտնվում է կաթի և ձվի մեջ)։ Դրանք պարունակում են պարզ ածխաջրեր, որոնք «արագ» էներգիա են ապահովում մարմնին: Ալյուրի մեջ առկա մանրաթելը դրական է ազդում մարսողական խողովակի շարժունակության վրա»,- ասել է նա։
Բայց չպետք է տարվել նրբաբլիթներով, քանի որ այն շատ յուղոտ ուտեստ է։ Ամեն օր նրբաբլիթ ուտելը, հատկապես տաք, օրգանիզմին լրացուցիչ ծանրաբեռնվածություն է հաղորդում, ինչը հանգեցնում է աղեստամոքսային տրակտի (ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղապարկի և աղիների) հետ կապված խնդիրների, նկատել է մասնագետը։
«Նրբաբլիթների հիմնական վնասը նրանց բարձր կալորիականությունն է։ Կարագով և ջեմով երկու նրբաբլիթը մոտավորապես 520 կկալ է՝ օրական արժեքի մեկ չորրորդը, ուստի բլիթների չափից ավելի օգտագործումը հանգեցնում է գիրության: Նրբաբլիթների կալորիականությունը կարելի է նվազեցնել՝ կաթը ջրով փոխարինելով, քաղցր միջուկները վերացնելով և բլիթներին մանրաթել և/կամ թեփ ավելացնելով: Առողջ հավելումներով նրբաբլիթների չափավոր օգտագործումը առանձնահատուկ վնաս չի հասցնում մարդու օրգանիզմին։ Եթե ցանկանում եք, որ նրբաբլիթները ավելի հագեցած լինեն, ապա ձեր բաղադրատոմսում պետք է ներառեք բարդ ածխաջրերով հարուստ հնդկացորենի կամ տարեկանի ալյուր, որը երկարատև հագեցման էֆեկտ է ստեղծում»,- ըստ shantnews-ի՝ ասել է Սապրիկինը։
Խորհուրդ չի տրվում բլիթներ ուտել աղեստամոքսային տրակտի հիվանդություններ՝ քրոնիկ գաստրիտ և էզոֆագիտ, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց, խրոնիկ պանկրեատիտ, խոլեցիստիտ, ինչպես նաև շաքարային դիաբետ և ավելորդ քաշ ունեցող մարդկանց։ Եթե ալերգիա ունեք ձվի սպիտակուցի նկատմամբ, ապա պետք է խուսափել դրանից նրբաբլիթներ պատրաստելիս։
«Հակացուցված է ցորենի ալյուրից պատրաստված նրբաբլիթներ օգտագործել գլյուտենի անհանդուրժողականությամբ մարդկանց։ Այս դեպքերում պետք է օգտագործել բրինձ, հնդկաձավար կամ կտավատի ալյուր»,- եզրափակել է կենսաբանը։