«Ցանկացած զիջում, որը վտանգ է ստեղծում մեր կյանքին, դավաճանություն է». ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ընդդեմ սյունակագիր Արմեն Գրիգորյանի

Օրեր առաջ «Ռուսաստանը Սյունիքից՝ Մեղրիից դուրս չի գալիս. Պուտինին Փաշինյանի խնդրանքի, քարոզչական շեշտերի ներքին և արտաքին նպատակները» վերտառությամբ հոդվածում  168.am-ն անդրադարձել էր Նիկոլ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Կրեմլի այն հայտարարությանը, որ հայկական կողմի խնդրանքով սահմանապահները մնալու են հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին, այսինքն, Ռուսաստանը Սյունիքից դուրս չի գալիս և շարունակում է մնալ Մեղրիում: Այս օրերին պաշտոնական արձագանք կամ հերքում չէր եղել:

Ի դեպ, Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը ևս անդրադարձել էր Պուտին-Փաշինյան հանդիպմանն ու հատկապես այս հարցին:

«Այսինքն՝ ՀՀ վարչապետը խնդրել է Պուտինին, որ Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա սահմանի վրա ՌԴ սահմանապահ զորքերն իրականացնեն իրենց ծառայությունը։ Նախ՝ Հայաստանը պաշտոնական մակարդակում նման օրակարգ չի ունեցել, որ Հայաստան-Թուրքիա կամ Հայաստան-Իրան սահմանից ռուսական սահմանապահներին պետք է հանենք: Նման պահանջ ՀՀ-ն չի ներկայացրել: Դա եղել է փորձագիտական դաշտի պահանջ: Հիմա հարց է առաջացել. Ի՞նչ է եղել Կրեմլում, որ ՀՀ վարչապետը խնդրել է Պուտինին, որ Հայաստան-Իրան սահմանի վրա շարունակեն ՌԴ սահմանապահ զորքերը ծառայել: Իրանը մեր բարեկամն է, և այնտեղից մենք վտանգ չունենք, չէ՞: Հայաստան-Թուրքիա սահմանի մասով ակնհայտ է, որ երկկողմ հարաբերություններ չկան, և Թուրքիան մեր բարեկամը չի, չնայած ՀՀ-ում մեծ ջանքեր են գործադրվում Ցեղասպանության ուրացման առումով, որը թուրքական լոբբինգ է, թուրքերն են ուզում՝ դա լինի, և ՀՀ-ում դա իրականացվում է, միևնույն ժամանակ ՌԴ-ին խնդրում ենք, որ հայ-թուրքական սահմանին ռուսական զորքերը շարունակեն ծառայությունը»,- ասել էր Մարուքյանը՝ առաջարկելով, որ փորձագիտական և մեդիադաշտում այս հարցը բացվի:

Եվ ահա մայիսի 16-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում  ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, թե իրենք չեն խնդրել ՌԴ-ին, որ ռուս սահմանապահները մնան ՀՀ-ում՝ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին:

Կարդացեք նաև

«Նրանք հարցրել են՝ արդյոք Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմաններից նո՞ւյնպես ուզում եք դուրս գանք։ Մենք ասել ենք, որ այս՝ «Զվարթնոց», 17 կետեր, Սիսիանի և Գորիսի բազաներ, այդտեղ բանավոր պայմանավորվածություններ են, և խնդրել ենք այդտեղից դուրս գաք, ինչ վերաբերում է Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանին, դրանք պայմանագրային են, մենք դա այս պահին ձեզ հետ չենք քննարկում»,- շեշտել է Գրիգորյանը։

Հիմա Արմեն Գրիգորյանը խոսում է Նիկոլ Փաշինյանի շուրթերո՞վ, և հերքո՞ւմ է Կրեմլին, թե՞ իր առանձին խաղն է խաղում, ժամանակը ցույց կտա, թեպետ այնպես չի, որ ՌԴ-ին առնչվող տարբեր հարցերում Արմեն Գրիգորյանի կարծիքը չի տարբերվել իշխանության այլ ներկայացուցիչների կարծիքից:

Բնականաբար, Արմեն Գրիգորյանը չի մոռացել խոսել ՌԴ-ի կողմից պարտավորությունների չկատարման մասին, որ «նոյեմբերի 9-ի համաձայնագիրը որոշակի առանձնահատկություններ ուներ, կար ՌԴ-ի մասնակցությունն ակտին, բայց երբ ՌԴ-ն 2022թ․-ից այլ գործողություններով սկսեց զբաղվել, մեր տարածաշրջանում այլ արդյունք ստացվեց»։

Բազմիցս նշել ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն առաջինը Նիկոլ Փաշինյանն է խախտել՝ Սյունիքից զորքի հետքաշման որոշում կայացնելով: Սա՝ առաջին: Երկրորդ՝ ընդունենք, որ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները և իրեն ճիշտ չի պահել, այսպես ասած, Արցախի և ՀՀ-ի նկատմամբ, արդյո՞ք այստեղ նաև ՀՀ մեղավորությունը չկա: Ինչու եմ այս հարցադրումն անում:

2012 թվականին «Մեդիամաքսի» սյունակագիր Արմեն Գրիգորյանը «Արտաքին քաղաքականության ֆիասկո» վերտառությամբ իր հոդվածում, մասնավորապես, գրել էր 

«Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին Հայաստանի համար բարձրացնում է արտաքին ու ներքին քաղաքական մի շարք հարցեր: Ներքաղաքական մի շարք քննարկումներում մարդիկ փորձում են գլխավոր մեղավոր տեսնել Հունգարիային կամ Ադրբեջանին:

Մինչդեռ, հաշվի առնելով միջազգային հարաբերությունների անարխիկ իրավիճակը, հենց Հայաստանի վրա է ընկնում ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատվությունը: Հարց է առաջանում, թե Հայաստանում ո՞ր կառույցներն են պատասխանատու ստեղծված իրավիճակի համար: Սահմանադրության համաձայն, Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում և իրականացնում է Հանրապետության նախագահի հետ համատեղ:

Հենց կառավարությունը պետք է կարողանար նախագահի հետ միասին կանխեր նման ելքը: Իրականում Հունգարիան և Ադրբեջանը կատարել են այն ամենը, ինչը, ըստ իրենց, բխել է իրենց երկրների շահերից: Սակայն Հայաստանը չկարողացավ կանխել Սաֆարովի արտահանձնումը և պետական համակարգի գլխավոր գործողությունները տեղի ունեցան Սաֆարովի արտահանձնումից հետո միայն:

Մինչև Սաֆարովի արտահանձնումը Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել նման ելքը կանխելու համար: 2009 թ. նոյեմբերին Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնել էր Հունգարիա, և դա ամենամեծ հնարավորությունն էր կանխելու նման ելքը: Ի դեպ, Իլհամ Ալիևը Հունգարիայում եղել էր 2008թ. փետրվարին:

Արտաքին գործերի նախարարությունը չի կարողացել հասնել նրան, որպեսզի մեր դաշնակից երկրները դեպքը դատապարտող հայտարարությամբ հանդես գան:

…Հայաստանի արտաքին քաղաքականություն մշակողները չեն կարողացել կանխել Սաֆարովի Ադրբեջան վերադարձը, իսկ դեպքից հետո էլ չեն կարողացել վերականգնել Հայաստանի ոտնահարված շահերը, ինչն էլ խոսում է արտաքին քաղաքական կարողությունների մասին»:

Այստեղից հարց՝ իսկ գուցե Հայաստա՞նն էր մեղավոր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մնացել էր մեն-մենակ՝ Ադրբեջանին, Թուրքիային դեմ հանդիման, և այսօր էլ, մեծ հաշվով, մենք իրական արտաքին քաղաքական և անվտանգային աշխարհաքաղաքական «թիկունք» չունենք:

Եվ քանի որ Արմեն Գրիգորյանն իր այս հոդվածում հիշատակել էր Հունգարիային, հիշեցնենք, որ մոտ 20 օր առաջ հայտնի էր դարձել, որ Հունգարիան արգելափակել է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը:

Հունգարիան պահանջել էր, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչը, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։

«Ազատության» փոխանցմամբ ՝ ապրիլի կեսերին «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել 10 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին Եվրամիության Խաղաղության հիմնադրամից, որը ստեղծվել է 2021 թվականին՝ աշխարհում խաղաղությանը նպաստելու, հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար: Հայաստանն այս հիմնադրամից օգնություն ստանալու հայտ էր ներկայացրել անցած տարի:

Ո՞վ է մեղավոր՝ ըստ արդեն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Հայաստա՞նը, թե՞ Հունգարիան:

2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունում մեծամասամբ հաշվի են առնվել Ադրբեջանի պահանջները, Ադրբեջան-Հայաստան հարաբերություններին առնչվող հետպատերազմյան ցանկացած հայտարարությունում գերիշխել են Ադրբեջանի պահանջները, Տավուշում սահմանազատում և սահմանագծում իրականացվում է Ադրբեջանի պահանջով և պայմաններով, Խաղաղության պայմանագիրը դարձյալ բխելու է Ադրբեջանի շահերից: Այսինքն, Հայաստանը կատարել և կատարում է Ադրբեջանի և Թուրքիայի ցանկացած պահանջ և պայման, թեպետ 2021-2022 թվականից Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները՝ ավելի քան 150 քկմ: Բայց արի ու տես, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խնդիրներ չի տեսնում այստեղ, Ադրբեջանից սպառնալիքներ չի տեսնում, հաջողություն է համարում Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը:

Իսկ ինչ էր ասում 2012-ին «Մեդիամաքսի» սյունակագիր Արմեն Գրիգորյանը՝ «Ոչ մի թիզ»-ի արդիականությունը» վերնագրով հոդվածում:

«…Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը «Der Standard» օրաթերթին տված հարցազրույցում հաստատում է, որ պատրաստ են Ադրբեջանին զիջել տարածքներ ու բանակցել Մադրիդյան սկզբունքների շուրջ:

Արդյո՞ք մեզ ոչնչացնել ցանկացող թշնամու հետ բանակցելը և նրանց զիջումներ խոստանալը դավաճանություն չէ հայ ժողովրդի նկատմամբ: Ժամանակը չէ՞ հրաժարվել դիվանագիտական խաղերից և կոնկրետ քաղաքականություն վարել Արցախի թերբնակեցված կամ, այսպես կոչված, ազատագրված տարածքների համար:

Մի բան հստակ է. ցանկացած զիջում, որը վտանգ է ստեղծում մեր կյանքին, դավաճանություն է: Նաև ժամանակն է հրաժարվել զիջողական քաղաքականությունից, քանի որ հասարակությունը զիջման չի գնա: Շատերի համար ակնհայտ է, որ զիջումն անմիջապես վտանգ է ստեղծում հայ ժողովրդի կյանքի համար:

…Վերը նշված վտանգները, ինչպես նաև Ադրբեջանի վարքագիծը, ժամանակ առ ժամանակ մեզ հուշում են, որ «ոչ մի թիզ հող» զիջելու թեզն արդիական խնդիր է, սակայն այն օրակարգային դարձնելու և մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտություն կա:

20-րդ դարի սկզբից սկսած Ադրբեջանը բազմիցս հուշել է մեզ, որ ցանկացած իրավիճակում պատրաստ է ոչնչացնել հայերին, և այսքանից հետո նրանց հետ զիջումների շուրջ բանակցելն առնվազն հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ»,– ավելի քան 10 տարի առաջ գրել է Գրիգորյանը:

Իսկ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսելով սահմանազատման և սահմանագծման գործընթացից, մարտական դիրքերի վերացումը ճիշտ է համարել:

«Մինչ այս պահն այդ տարածքներում ԶՈՒ-ն էր ծառայություն իրականացնում, և դրա պատճառով որտեղ դիրքեր կան, համայնքներն այդ հողերին հասանելիություն չեն ունեցել։ Հիմա, երբ որ սահմանապահ զորքերն են տեղակայվում, այդ տարածքներն ազատվում են և անցնում գյուղացիների վերահսկողության տակ։ Այս առումով ևս մեկ անգամ կարող եմ պնդել, որ սահմանազատման գործընթացը հաջող է և նախադեպ է, որ շարունակենք այն հենց 1976 թվականի քարտեզներով»,- շեշտել է նա:

Այսինքն, Գրիգորյանն էլ Փաշինյանի նման բանակի դուրս գալը Տավուշից լավ բանի նշան է համարում, այսինքն, դիրքերի առկայությունը և այդտեղ զինվորի կանգնած լինելը չի հուշում խաղաղության մասին՝ «քանի դեռ սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ, խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ»:

Այլ կերպ՝ Փաշինյանն ու Գրիգորյանը երազախաբությամբ են զբաղվում և փորձում մանիպուլացնել հանրությանը, թե այս ամենը խաղաղություն է բերելու և պատերազմ բերողը միայն միակողմանի և զիջողական ՀՀ իշխանությունների գործարքներին դեմ լինողներն են:

2012 թվականին «Մեդիամաքսի» սյունակագիր Արմեն Գրիգորյանը, թերևս, այլ պատկերացում ուներ, մյուս կողմից, այստեղ մարգարեական բան կա՝ նայած՝ ուղի՞ղ կհասկանանք գրվածը, թե՞ տողատակը կտեսնենք:

Մասնավորապես, «Պատերազմը` խաղաղության հաստատման միջոց» հոդվածում  Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, գրել էր.
«1999 թ. Էդուարդ Լաթուակը (Edward Luttwak) հրապարակեց իր «Հնարավորություն տվեք պատերազմին» «Give war a chance» հայտնի հոդվածը Foreign Affairs պարբերականում: Հեղինակը հոդվածում փաստարկում է, որ հրադադարը, երբեմն, ավելի թանկ է արժենում հասարակություններին, քանի որ մրցավազքը կողմերի միջև բազմաթիվ կյանքեր է խլում: Իսկ երկարատև հրադադարից հետո սկսված պատերազմները ավելի լայնածավալ են լինում և ավելի մեծ գին են ունենում:

Այդ իսկ պատճառով հեղինակը փաստարկում է, որ պետք է պատերազմ սկսել, որպեսզի խաղաղություն ստեղծելու հնարավորություն լինի: Ըստ հեղինակի, պատերազմի պարադոքսալ տրամաբանությունը կայանում է նրանում, որ հնարավորության դեպքում այն օգտակար գործառույթ է կատարում` խաղաղություն է բերում:

Լաթուակի փաստարկները, կարծես, մեր իրականությանը շատ մոտ են: Հայաստանը զինադադարի պայմաններում շարունակում է կորուստներ կրել և մեծ միջոցներ է ծախսում մրցավազքից հետ չմնալու համար: Կարծես թե պատերազմը անհրաժեշտություն է դառնում, որպեսզի վերջնական հաղթանակ հաստատելու հնարավորություն ստեղծվի: Հակառակ դեպքում մենք պետք է շարունակենք խաղաղ պայմաններում զոհեր ունենալ ու մրցել նավթային դոլարների հետ»:

Եթե Արմեն Գրիգորյանի հոդվածի վերնագիրն ուղիղ հասկանանք, ուրեմն՝ կարող ենք ասել, որ այսօր պատերազմը՝ Փաշինյանի խոստացած, ավելի լավ է, իհարկե, եթե գերագույնը ինքը չլինի: Եթե հոդվածի տողատակը նայենք, կարո՞ղ ենք ենթադրել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը, այսպես ասած, «բխում էր» նաև Փաշինյանի իշխանության հայտնի և անհայտ քաղաքական շահերից, և գուցե դրա համար կարող էին կանխել պատերազմը և չկանխեցին, այլապես դավաճան համարվել չցանկանալը ինչ-որ տեղ ռոմանտիկայի շարքից է, այն էլ՝ Փաշինյանի դեպքում: Գուցե: Եվ հիմա ինչ են ասում Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Գրիգորյանը՝ «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է», և ոչինչ, որ այդ տեղը, մեծ հաշվով, Հայաստանը չի որոշում, և ոչինչ, որ ինչպես 2012-ին էր նկատել Արմեն Գրիգորյանը՝ «զիջումը անմիջապես վտանգ է ստեղծում հայ ժողովրդի կյանքի համար», ինչը դավաճանություն է:

Ասում են՝ Տավուշում Ադրբեջանին են վերադարձնում «ադրբեջանական տարածքները, գյուղերը»: Ավելի քան 20 տարի առաջ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ», որը հետո շահարկել էր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, բայց շարունակության մեջ մի շատ կարևոր ձևակերպում կար, որին այսօր, ըստ էության, հետևում է Ադրբեջանը:

«Սահմաններն անցնում են այնտեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը»,-մասնավորապես, ընդգծել էր Սերժ Սարգսյանը: Եվ հենց սա է ինքնիշխանության պահպանման իրական գրավականը:

Տեսանյութեր

Լրահոս