Սահմանադրության խախտմամբ Բագրատ սրբազանին վարչապետ ընտրելու դեպքում Արևմուտքը կհամարի ոչ լեգիտիմ. քաղաքական տեսանկյունից Սրբազանը կարող է լրջագույն դեր ունենալ՝ առանց որևէ պաշտոն ստանձնելու. Գրիգոր Մուրադյան

«Եթե ԱԺ-ում անվստահության գործընթաց սկսվի, ապա անպայման վարչապետի թեկնածուի անուն պետք է հնչի։ Այդ առումով այս շարժումը պարտադիր է»,-«Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ, ՍԴ նախագահի նախկին խորհրդական Գրիգոր Մուրադյանը։

Նրա խոսքով՝ Իշխանությունը և մերձիշխանական շրջանակը քաջ գիտակցում են, որ իշխանության տապալումը ողջ իշխանական նավի տապալում է նշանակելու։

«Իհարկե,Բագրատ սրբազանի երկքաղաքացիությունը խոչընդոտ է՝ խնդիր է իրավունքի տեսանկյունից։ Եթե այդ ճանապարհով են գնում, ապա պետք է հաղթահարվի այդ խոչընդոտը, այսինքն՝ Բագրատ սրբազանի փոխարեն՝ վարչապետի այլ թեկնածու պետք է լինի»,- ասաց Գրիգոր Մուրադյանը:

Վերջինս նկատեց՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կարող են նաև վայր դնել պատգամավորական մանդատները, բայց միայն այն ժամանակ, երբ շարժումը մոտ լինի հաջողության։ Մանդատները վայր դնելու ճիշտ պահը պետք է ընտրեն, երբ շարժման օգնությամբ առկա լինի քաղաքական խորը ճգնաժամ:

Կարդացեք նաև

«Պետք է ոչ շտապել, և ոչ էլ ուշանալ, պետք է ճիշտ պահին կատարել կարևոր քայլեր»,- նկատեց սահմանադրագետը:

Նախկին փոխնախարարը նշեց՝ հաջողության հասնելու իրավական և քաղաքական ճանապարհներ կան:
«Սահմանադրական մի քանի լուծում կա, բայց այս դեպքում Սահմանադրությունը լռում է: Ամեն ինչ կախված է քաղաքական գործընթացներից: Եթե քաղաքական և իրավական գործընթացները զուգահեռ ընթանան, հնարավոր է հասնել վարչապետի հրաժարականին։ Իսկ քաղաքական այս գործընթացի հանգուցալուծումն արտահերթ ընտրություններն են։ Նրանք, ովքեր պնդում են միայն ու միայն Բագրատ սրբազանի թեկնածությունը՝ որպես վարչապետ, արջի ծառայություն են նրան մատուցում»,- ասաց Գրիգոր Մուրադյանը:

Նրա պնդմամբ՝ շատ վտանգավոր է և պետք չէ կրկնել այս իշխանությունների սխալներն ու խախտումները, որի համար նրանք վաղ թե ուշ ենթարկվելու են պատասխանատվության։

«Սահմանադրության խախտումով հրաժարականի հասնելու և Բագրատ սրբազանին վարչապետ ընտրելու դեպքում Արևմուտքը կթիրախավորի և կհամարի ոչ լեգիտիմ: Պետք է ընտրել իրավական և սահմանադրական նորմերին համապատասխանող առաջնորդ, իսկ Եկեղեցին կարող է հանդես գալ՝ որպես ինտեգրող ուժ, որի դերը Սահմանադրությամբ պետք է կատարեր հանրապետության նախագահը: Քաղաքական տեսանկյունից Բագրատ սրբազանը կարող է լրջագույն դերակատարություն ունենալ՝ առանց որևէ պաշտոն ստանձնելու»,- եզրափակեց Գրիգոր Մուրադյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս