
«Լուկաշենկոյի հայտարարությունները ցինիկ են, անգամ իր համար ստորաքարշ». Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լուկաշենկոյի հայտարարությունները իհարկե ցինիկ են, և, եթե կուզեք՝ անգամ իր համար ստորաքարշ: Նա Արցախի օկուպացված տարածքներում բելառուսական ընկերությունների համար շինարարական պատվեր ստանալու նպատակով ըստ էության մինչև գետին խոնարհվել է Ալիևի առաջ:
Ամբողջ հարցն այն է սակայն, ու ամբողջ ցավը, որ նրա հայտարարությունները, որ արել է Բաքվում, ըստ էության չեն «հակասում» այն հռետորաբանությանը, որ վերջին գրեթե երկու տարվա ընթացքում կիրառում է պաշտոնական Երևանը, և հատկապես վերջին տարվա ընթացքում:
Հետևաբար, մեղմ ասած մի փոքր իրար չեն «համադրվում» պատկերները, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները հալած յուղի տեղ ընդունելով, մեղմ ասած ընդդիմախոսություն է հնչում Լուկաշենկոյի հայտարարությունների դեմ:
Ընդդիմախոսությունը կամ պետք է լինի երկու դեպքում էլ, կամ մի դեպքում չլինելու պարագայում, լռություն լինի մյուս դեպքում:
Եվ սա Լուկաշենկոյի մասին չէ, այլ ըստ էության մեր մասին, գոնե ինքներս մեր սխալների վրա սովորելու մասին: Մենք իհարկե կարող ենք Լուկաշենկոյին հանել մայրուղի և գոնե հոգեբանական բավարարվածություն ստանանք դրանից, մխիթարություն, բայց դրանից ոչ մի բան չի փոխվի մեր կյանքում և մեր շուրջ:
Որովհետև մեր հանդեպ արտաքին վերաբերմունքի ձեւավորման հիմքը նախ պետք է մենք կարողանանք ձեւավորել մեր երկրի ներսում, մենք՝ ինքներս մեր հանդեպ, մեր խնդիրների հանդեպ, մեր անելիքների, մեր թերությունների ու առավելությունների հանդեպ վերաբերմունքի կենսունակ համակարգեր ու կանոններ ձևավորելով»: