Չի բացառվում՝ որոշակի փուլում Թբիլիսին միանա 3+3 պրոյեկտին. վրացական ընդվզման ճակատագիրն ունենալու է ռեգիոնալ նշանակություն․ ռուս արևելագետ

Վրաստանում օտարերկրյա գործակալների օրինագծի դեմ բազմամարդ հանրահավաքների ֆոնին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով Թուրքիայում էր։ Ուշագրավն այն է, որ Վրաստանի ներքին խժդժությունների, ինչպես նաև Արևմուտք-Վրաստան տարաձայնությունների ֆոնին Թուրքիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել Վրաստանին։

Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում նշել է, որ երկու բարեկամ երկրներն արդյունավետ հանդիպում են անցկացրել, հավելել, որ կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցերի, միջազգային և տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ՝ ընդգծելով, որ Թուրքիան ապահովում է ամուր աջակցություն Վրաստանին։

Թուրքիայի նախագահն ասել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում քայլերին, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարը։ Նշվել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության նպատակային ծավալը սահմանվել է 5 մլրդ դոլար։ Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան կաջակցի Վրաստանի խոշոր ենթակառուցվածքային նախագծերին, այդ թվում՝ օդանավակայանների, նավահանգիստների և ճանապարհների կառուցմանը։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր հերթին նշել է, որ Վրաստանի և Թուրքիայի միջև սերտ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն, և ընդգծել, որ Թուրքիան Վրաստանի հիմնական առևտրային գործընկերն է։Նշելով, որ Վրաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, վարչապետ Կոբախիձեն Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանի զարգացման կարևոր փուլ է համարել։ Իսկ Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար։

Կարդացեք նաև

Սրան զուգահեռ՝ հարկ է նշել, որ Վրաստանի իշխանությունները և մասնավորապես վարչապետ Կոբախիձեն բավական համարձակ հայտարարություններ են անում` ուղղված Արևմուտքին, այն դեպքում, երբ ամիսներ առաջ է Վրաստանը ստացել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Կոբախիձեն, նախ, մայիսի սկզբին հրաժարվեց ԱՄՆ այցից, որի ընթացքում ամենայն հավանականությամբ առաջարկվելու էր հրաժարվել օտարերկրյա գործակալների թափանցիկության մասին օրենքից, ավելին, Վրաստանի վարչապետն ԱՄՆ-ի կողմից Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին խոսակցություններն անլուրջ է համարում։ Սրա հետ մեկտեղ՝ նա նշում է, որ վրաց իշխանությունների դիրքորոշումը հստակ է՝ պատրաստ են Արևմուտքի հետ էլ ավելի սերտ հարաբերությունների` կոչ անելով վիզային ազատականացումն ԱՄՆ-ի հետ արագացնել։ Ավելին, հայտնի դարձավ, որ օրերս Վրաստանի իշխող կուսակցությունը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանի հետ, ով այցով Վրաստանում էր։

168․am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Ուկրաինայի պատերազմի սկսվելուն պես Վրաստանի իշխանությունները, ունենալով եվրոատլանտյան կողմնորոշում, զգուշավոր և ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն են սկսել իրականացնել։ Նա նշեց, որ այդ քաղաքականությունը Վրաստանին ու Արևմուտքին հասցրել է ներկայիս հանգրվանին, երբ Արևմուտքն ամուր աջակցություն է ցուցաբերում վրաց ընդդիմությանը, որի հետևանքով Անդրկովկասում չեն բացառում հերթական գունավոր հեղափոխությունը։

Ըստ մեր զրուցակցի, Վրաստանի ներկայիս իշխանությունները լավ մտածված քաղաքականություն են վարում, հիանալի կերպով դիմադրում են Արևմուտքի ճնշումներին և դեռևս բացարձակ չեն փորձում հրաժարվել եվրոատլանտյան կուրսից, ինչը քիչ հավանական է։ Սակայն, վերլուծաբանի կարծիքով, չի բացառվում, որ ինչ-որ փուլում Վրաստանը համաձայնի աշխատել ռեգիոնալ վեցակողմ հարթակում։

 

«Վրաստանին վարչապետի պաշտոնական այցի ընթացքում Էրդողանի աջակցությունը Վրաստանի համար նման շրջափուլում աջակցություն է Վրաստանի ներկայիս իշխանություններին՝ ընդդեմ համաժողովրդական ընդվզման։ Ակնհայտ է, որ նման ընդվզումը զսպելը բարդ է, հատկապես, երբ այն ունի Արևմուտքի նման ուժեղ աջակցություն։ Հայտնի չէ՝ կհաջողվի՞ պահել իշխանությունը, թե՞ Վրաստանում իշխանության կգան մարդիկ, որոնք կվարեն է՛լ ավելի արևմտամետ քաղաքականություն՝ առանց սեփական դիրքորոշման, որն Արևմուտքում չհանդուրժեցին։ Ստեղծված իրավիճակը և Արևմուտքի կողմից աջակցության բացակայությունը Վրաստանին ստիպում է աջակցություն փնտրել աշխարհաքաղաքական այլ բևեռներում»,-նշեց վերլուծաբանը՝ հավելելով, որ այդ բևեռներից մեկն էլ ռեգիոնալն է, որտեղ էական հավակնություններ ունի Թուրքիան, այդ թվում՝ Վրաստանի նկատմամբ։ Ուստի, այս այցը, նրա որակմամբ, հենց այդ կոնտեքստում է պետք ընկալել։

«Ինչպես հայտնի է, տարածաշրջանային 3+3 ձևաչափից միայն Վրաստանն էր, որ չէր մասնակցում այդ հարթակի աշխատանքներին, որոնք դեռևս հազվադեպ բնույթ են կրում։ Սակայն բազմաբևեռ աշխարհի հաստատմանը զուգահեռ և Վրաստանում իշխանության դիրքերի ամրապնդման հետ մեկտեղ՝ հնարավոր է, որ այս հարթակն աշխատի հենց վեցակողմ ձևաչափով։ Սա նաև ազդեցություն կունենա Հայաստանի վրա, որը, առաջնորդվելով Թբիլիսիի և Արևմուտքի դիրքորոշումներով, ակնհայտ հեռավորություն է պահպանում այս հարթակից։ Սակայն այս հարթակն ամրապնդելու և ռեգիոնալ հարցերը լուծելուն ուղղված աշխատանքներ են տանում Ռուսաստանը, իսկ ավելի ակտիվ՝ Իրանն ու Թուրքիան։ Սակայն սա, ինչպես հասկանալի է, տևական գործընթաց է, սցենարները տարբեր են՝ կախված տարբեր տեսակի զարգացումներից։

Ուստի Վրաստանում ներկայումս տեղի ունեցող ընդվզման ճակատագիրը ռեգիոնալ նշանակության հարց կարող է լինել»,-նկատեց նա։ Ըստ նրա, այդ դեպքում սա վերաբերելու է Հայաստանին ու Ադրբեջանին, ինչպես նաև ռեգիոնում ավելի մեծ ուժերի միջև ազդեցության հարաբերակցություններին։

Տեսանյութեր

Լրահոս