Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. սեփական ժողովրդի հետ վախերով խոսել չի կարելի. Արթուր Դավթյան
«Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա, որովհետև կարծում եմ, որ այս օրհասական ու բարդ իրադրությունում որևէ լուծում չի առաջարկվում: ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Չի կարող լինել որևէ մեկը, ով կհակադրվի այս սահմանադրական և հոգևոր ճշմարտությանը: Ես այստեղ եմ՝ ստորագրած լինելով գիտնականների հայտարարության տակ, և այդ հայտարարության պահանջը ՀՀ գործող վարչապետի հրաժարականն է: Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա, որովհետև կարծում եմ, որ այս օրհասական ու բարդ իրադրությունում որևէ լուծում չի առաջարկվում»,-ասաց այսօր Նեմեսիսի հուշարձանի մոտ Բագրատ սրբազանի՝ դասախոսների հետ հանդիպմանը մասնակցող ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Հարցին, թե Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշում է, որ սահմանազատման այս տարբերակը լավագույն լուծումն է, Արթուր Դավթյանն ասաց, որ դա Արմեն Գրիգորյանի կարծիքն է:
«Մենք այստեղ ենք որպես ՀՀ քաղաքացիներ՝ մեր անհամաձայնությունը հայտնելու. մենք չենք գտնում, որ սահմանազատման այս ձևը լավագույն լուծումն է: Սա ոչ թե լավ կամ վատ լուծում է, այլ լուծման բացակայություն է: Ի՞նչ է առաջարկվում, ասում են՝ եթե չիրականացնենք սահմանազատման գործընթացը, կունենանք պատերազմ, բայց եթե իրականացնենք էլ, չենք կարող ասել կլինի՞ պատերազմ, թե՞ ոչ: Առաջնորդել ազգին՝ չունենալով լուծում, անընդունելի է»,-նշեց նա:
Նրա խոսքով՝ բացարձակապես անընդունելի է սեփական ժողովրդի հետ վախերով խոսելը:
«Դու նրա համար ես ՀՀ վարչապետը, որ պատերազմների դեպքում ապահովես, որ մենք հաղթանակներով պսակվենք: Դա ի՞նչ վախեցնելու եղանակ է»,-ասաց նա:
Նախկին գլխավոր դատախազը նշեց՝ լուծումներից մեկը կարող է այն լինել այն, որ սահմանազատումը իրականանա այնպես, ինչպես հիմա է իրականցվում, սակայն ունենալով միջազգային հստակ երաշխավորություն, որ դրա արդյունքում ունենալու ենք հաստատված երկարաժամկետ խաղաղություն:
«Կամ այլ տարբերակ առաջարկեմ՝ սկսենք ոչ թե Տավուշից, այլ Սև լճի հատվածից: Բայց էլի եմ ասում, ինչ որ այսօր արվում է, լուծման բացակայություն է: Սահմանազատման և սահմանագծման կարիք յուրաքանչյուր պետություն ունի, բայց ինչու՞ դա իրականացնել այն հատվածից, որտեղ մենք գտնվում ենք շահեկան վիճակում, և չունենալ որևէ երաշխիք, որ Ադրբեջանը նույնպես վերադարձ է իրականացնելու: Ինչո՞ւ ենք այդքան վախենում պատերազմից: Իհարկե, խաղաղությունն աստվածային պարգև է, դրան հասնելու համար մեծ ջանքեր է պետք, բայց ամեն օր պատերազմի վտանգի տակ տունը զիջելն անընդունելի է»,-եզրափակեց Արթուր Դավթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: