
Ազնավուրի երգերի հայտնի կատարող Ղասսան Յամմինը երևանյան համերգով տոն կնվիրի երաժշտասերներին

Աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի շրջանակում շանսոնյեի երգերը կներկայացնի լիբանանցի երգիչ Ղասսան Յամմինը:
Նա ելույթ կունենա Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան:
«Շառլ Ազնավուր 100» խորագրով համերգը տեղի կունենա հունիսի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երեկոյին կհնչեն մեծն շանսոնյեի հայտնի ու սիրված երգերը:
Ղասսան Յամմինը Եվրոպայում հաճախ է տարբեր նվագախմբերի հետ հանդես եկել, տարիներ շարունակ կատարել է Ազնավուրի երգերը աշխարհի մի շարք բեմերում:
Առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին: Ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ նա մեր երկիր կայցելի «Նյու ջեներեյշն փրոջեքթի» հրավերով: