Ալիևը Սերժ Սարգսյանի օրոք չէր հարձակվի, գիտեր՝ դիմացը հարբեցող խեղկատակ չէ. Հայկ Նահապետյան
2018 թվականի մայիսին Հայաստանում նոր քաղաքական ուժի իշխանության գալու պահից ակնհայտ դարձավ, որ Ղարաբաղը հանձնվելու է, բայց մենք չէինք ենթադրում, որ դա տեղի կունենա այնպես, ինչպես տեղի ունեցավ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։
Քաղաքագետն ընդգծել է, որ Ալիևը Սերժ Սարգսյանի օրոք չէր համարձակվի պատերազմի գնալ։
«Սերժ Սարգսյանի ռեժիմի դրական և բացասական կողմերի մասին թող հայերը դատեն, բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը շատ փորձառու և ուժեղ էր։ Ինչ վերաբերում է Հայաստանի գործող իշխանությանը, ապա մենք գործ ունենք փորձառության պակաս ունեցող դեմագոգների հետ։ Հայաստանի իշխանությունները ժողովրդի շահերը ձմերուկի կամ սպանախի պես վաճառքի հանեցին և, ի վերջո, կորցրին և՛ տարածքներ, և՛ մարդկային կյանքեր։ Ինչո՞ւ դա արվեց, երբ այս հարցը կարելի էր այլ կերպ լուծել»,- ասել է նա։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, վերահաստատելով Տարասովի տեսակետը՝ ընդգծեց.
«Չէր հանդգնի, որովհետև հրաշալի գիտեր՝ այն ժամանակ իր առաջ կանգնածը խեղկատակ հարբեցող չէ, սակայն 2018 թվականի մայիսից Հայաստանի քաղաքացիներն իշխանության բերեցին մի խեղկատակ հարբեցողի՝ իր դիլետանտների խմբի հետ։ Այնպես որ, մենք այս իշխանության հետ շարունակելու ենք ունենալ կորուստներ, և թող Հայաստանի քաղաքացիները դրա համար որևէ մեկին, բացի այս իշխանությունից, չմեղադրեն։ Կորուստներ լինելու են, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանը ցանկանում են տեսնել 9700 քառակուսի կիլոմետրով՝ որպես մի թուրքական քարվանսարա»,- ասաց Նահապետյանը և հիշեցրեց, թեև նախկինում ՄԱԿ ԱԽ չորս բանաձև է եղել՝ հօգուտ Ադրբեջանի, սակայն այն ժամանակվա Հայաստանի իշխանության վարած հայանպաստ քաղաքականության արդյունքում դրանք այդպես էլ չեն կատարվել, և հայկական զորքը չի հեռացել Արցախից, ինչը կատարվեց Փաշինյանի իշխանության օրոք։
Ըստ Նահապետյանի՝ հայկական զորքը կարողացել է կանգնած լինել Արցախում, որովհետև Հայաստանի նախորդ իշխանությունները կարողացել են ռազմավարական մակարդակի հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, ստանալ զենք՝ ներքին գներով, միևնույն ժամանակ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ կնքել զենք գնելու վերաբերյալ պայմանագրեր։
«Նախորդ իշխանությունները, ունենալով Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագրեր, կարողացել են նաև ՆԱՏՕ անդամ երկրներից զենք գնել։ Դա Ռուսաստանի մոտ խանդ չի առաջացրել, ավելին, Ռուսաստանը շարունակել է Հայաստանին զենք վաճառել՝ գործարանային գներով։ Հիմա Հայաստանը Ֆրանսիայի հետ կնքել է ընդամենը զենքի գնման ցանկությունների հուշագիր, և մենք տեսնում ենք Ռուսաստանից եկող արձագանքները։ Հայաստանը Ֆրանսիայից զենք է գնում՝ ենթարկվելով Արևմուտքի պահանջներին»,- ասաց Նահապետյանը։
Ռազմական փորձագետի կարծիքով՝ Արևմուտքի կողմից թելադրված գործողություն էր նաև 2018 թվականին իշխանության եկածների կողմից այն պայմանագրերի չեղարկումը, որոնցով Հայաստանը մի քանի հարյուր դոլարի զենք էր գնելու Ռուսաստանից՝ ինքնարժեքով և Ռուսաստանի տված վարկով։
«Փաշինյանը 2018 թվականին իշխանության գալուց անմիջապես հետո չեղարկել է Սերժ Սարգսյանի օրոք ստորագրված զենքի գնման պայմանագրերը, ըստ որոնց, ռուսական վարկով էլ պետք է Հայաստանը զենք գներ ՌԴ-ից՝ ինքնարժեքով. մի քանի հարյուր միլիոն դոլարի զենք պետք է գնվեր, սակայն Փաշինյանը հենց այդ պայմանագրերը չեղարկեց, ինչը մեր պետությանը կանգնեցրեց ծանրագույն հետևանքների առաջ»,- խոսքը եզրափակեց Նահապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։