Փաշինյանը Նաիրի Հունանյանի հոգեզավակն է. երկուսն էլ գնդակահարել են մեր պետականությունը. Սուրեն Սուրենյանց
Մինչ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգում է, որ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա, մինչ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպումից հետո հայտնի պարբերականում հրապարակվում է տեղեկություն Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու հնարավորության մասին, ինչը, սակայն, հետո հերքեց Պետդեպը, Նիկոլ Փաշինյանը, արհամարհելով Հայաստանի վրա հարձակումների մասին ահազանգերը, զբաղված է կա՛մ մանկապարտեզներ այցելելով, կա՛մ ոստիկանության բարեփոխումների մասին խորհրդակցություններ անցկացնելով։
Հերթական խորհրդակցությունը Փաշինյանն ունեցել է այսօր՝ քննարկել է ոստիկանության բարեփոխումների հետագա ծրագրերը:
«Ներկայացվել են Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի ձևավորման նախագծերը»,- նշված է Կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը նշեց՝ սահմանային անվտանգային նման լրջագույն խնդիրներ ունեցող երկրի ղեկավարի այս պահվածքը վկայում է իշխանության կողմից պետությանը սպառնացող ռիսկերին ու վտանգներին ոչ ադեկվատ արձագանքի մասին:
«Հայաստանի իշխանությունը խիստ ոչ ադեկվատ մոտեցում ունի։ Ոստիկանության, պարեկային ծառայության վերաբերյալ քննարկումներից զատ՝ եկեք հիշենք նաև նրա բարձրաձայնած «Խաղաղության խաչմերուկ» ասվածի մասին, որը ևս իրավիճակին ոչ ադեկվատ արձագանքի մասին է, որովհետև Իրանն այդ խաչմերուկը թույլ չի տա, Վրաստանը թույլ չի տա, դա ձեռնտու չէ նաև Թուրքիային և Ադրբեջանին։ Այս նախագիծ ասվածը միայն ձեռնտու է Ռուսաստանին, որին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանալիքը չտալու համար Փաշինյանը որոշել է մեկ էլ խաղարկել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիր ասվածը»,- ասաց Սուրենյանցը՝ շեշտելով, որ ինչպես Փաշինյանը Արցախը հանձնելով՝ չհասավ իր նպատակին, այնպես էլ՝ իր նպատակին չի հասնելու այս խաչմերուկ ասվածով։
«Փոխարենը՝ իրենց վարած քաղաքականությամբ Սյունիքը վերածվելու է Սիրիայի՝ արյունալի հետևանքներով»,- մտահոգություն հնչեցրեց Սուրենյանցը։
Քաղաքագետը Հայաստանը դաշնակիցներից զրկելուն միտված քաղաքականությունը որակեց իշխանության վարած քաղաքականություն, ինչի աղետալի հետևանքները կոծկելու համար նաև ՔՊ թիմը զբաղված է անհաջող շոուներ բեմադրելով։
«Որքանո՞վ են մտացածին կամ բեմադրված ահաբեկչության փորձի մեջ կասկածվողներ ձերբակալելու մասին պատմությունները, դա նման է պատերազմից հետ պետական դավաճաններ գտնելու մասին հայտարարություններին, թեև չկան դրանք ապացուցող դատավճիռներ։ Մյուս կողմից՝ զգացե՞լ եք, որ վերջին շրջանում շատ են խոսում Հոկտեմբերի 27-ի կրկնության մասին։ Իրենց չեղած հալով՝ իրենց ուզում են նմանեցնել Կարեն Դեմիրճյանին ու Վազգեն Սարգսյանին։
Ուզում են ասեն, որ Մեղրին չտալու պատճառով թիրախավորվում են, մինչդեռ, այս տրանսպորտային հաղորդակցությունների բացման տակ դրված ստորագրությունը Նիկոլ Փաշինյանինն է։ Անհարմար է, որ պետությունը նման աղետի մատնածների մտքով անցնում է իրենց համեմատել այդ մեծությունների հետ։ Գնացել, բան է ստորագրել, հիմա էլ ասում են՝ ստորագրածիդ տեր կանգնիր։
Փաշինյանը եթե ինչ-որ մեկի հոգեզավակն է, ապա միայն Նաիրի Հունանյանի. 30 տարվա մեջ Փաշինյանն ու Նաիրի Հունանյանը մեր պետականությանն այնքան ավեր են բերել։ Նրա վարած քաղաքականության հետևանքով 5000 հայ է գնդակահարվել, պետականության ողնաշարն է գնդակահարվել»,- ասաց Սուրենյանցը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։