Բարձր գնաճից հետո կտրուկ անկումն ուղղակի փաստում է մեր տնտեսության շատ բարձր կախվածության և զգայունության մասին. Տնտեսագետ
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2023թ. հոկտեմբերը 2022թ. հոկտեմբերի նկատմամբ, կազմել է 0.1 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.3 տոկոս. Վիճակագրական կոմիտեն է հրապարակել հերթական ամփոփումը:
2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.0 տոկոս գնանկում, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.4 տոկոս գնաճ: Ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակն աճել է 0.4 տոկոսով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.8 տոկոսով: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ սակագներն աճել են 2.9 տոկոսով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.2 տոկոս նվազում:
Տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը 168.am-ի հետ զրույցում նկատեց՝ սպառողական գների ինդեքսի վրա ազդող գործոնները մի քանիսն են:
«Ինչպես միշտ, մեր տնտեսությունն արագ է արձագանքում արտաքին գնաճային ճնշումների ազդեցություններին, իսկ վերջին ժամանակահատվածում համաշխարհային տնտեսությունից խիստ գնաճային ճնշումները նվազեցին:
Դրան զուգահեռ՝ մեր ԿԲ-ն սկսեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը գնաճը ճնշելու հիմնական գործիքակազմն է,- մանրամասնեց տնտեսագետը՝ հավելելով, սակայն, որ ԿԲ-ն դեռևս փոքր քայլերով է իջեցնում, ինչն իր հերթին՝ վկայում է համաշխարհային իրավիճակով պայմանավորված ռիսկերի ու անորոշությունների պահպանման մասին,- Այսինքն՝ բոլոր կոնֆլիկտները, որ եռում են, ուժեղ մարտահրավեր ու ռիսկ են համաշխարհային տնտեսության համար»:
Լիլիա Ամիրխանյանն անդրադարձավ նաև թիրախային մակարդակից՝ 4 տոկոսից ցածր գնաճի հետևանքներին՝ ընդգծելով, որ թեև սոցիալական առումով լրջագույն խնդիրներ կային թանկացումներով պայմանավորված, այդուհանդերձ, նման ցուցանիշի երկարատև առկայությունը ևս խնդրահարույց է տնտեսության համար:
«Թիրախայինից ցածր մակարդակի գնաճի դեպքում եկամուտները (հիմնականում՝ աշխատավարձերը) ճշգրտվում են դեպի ներքև: Այսինքն՝ եթե գնաճի պարագայում եկամուտների որոշակի ինդեքսավորում լինում է, հակառակի դեպքում՝ տեղի է ունենում հակառակ գործընթացը, ինչն ուղիղ հարված է քաղաքացիների գրպաններին:
Այդ դեպքում՝ նաև ԿԲ-ն ՎՖՏ գործիքակազմով շատ ավելի քիչ մանևրելու հնարավորություն է ունենում, որպեսզի կարողանա նպաստել տնտեսական ակտիվությանը:
Մյուս գործոնը վերաբերում է ֆինանսական շուկաների խաղացողներին՝ պայմանավորված է տոկոսադրույքների խնդրի հետ առհասարակ. ներդրումային գրավչությունը նվազում է»,- ասաց նա:
Տնտեսագետն արձանագրեց նաև, որ նախկինում եղած բարձր գնաճից հետո կտրուկ անկումն ուղղակի փաստում է մեր տնտեսության շատ բարձր կախվածության և զգայունության մասին՝ քաղաքական, տնտեսական, արտաքին, այդ թվում՝ անվտանգային գործոններից:
Ըստ նրա՝ առկա է նաև բռնի տեղահանված մեր 120 հազար արցախահայերի գործոնով պայմանավորված գնաճային ճնշումների մարտահրավերը, քանի որ նրանք ձևավորում են ներքին պահանջարկ, և նաև՝ սոցիալական հատկացումները, որոնք արվում են, ևս աճին նպաստող գործընթացներ են:
«Ընդհանուր առմամբ, եթե ներքին պահանջարկի գեներացիայի խնդրին ենք անդրադառնում, պետք է հաշվի առնել նույն 2024 թվականի բյուջեի նախագիծը, տարբեր հատկացումները, որոնք ոչ թե սոցիալական բնույթի են՝ նվազագույն կենսաթոշակ, նվազագույն աշխատավարձ, այլ տարբեր գերատեսչությունների հատկացումներ են, որոնք պահանջարկի գեներացիայի տեսանկյունից՝ կրկին մարտահրավերներ ու ռիսկ կարող են առաջացնել»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Քանի որ այս օրերին ականատես ենք ռուբլու փոխարժեքի կայունացման, տնտեսագետին խնդրեցինք անդրադառնալ նաև դրանով պայմանավորված գնաճային հնարավոր ճնշումներին: Ի պատասխան՝ նա նկատեց, որ կայունացումը ռուսական շուկաների հետ առևտրաշրջանառության տեսանկյունից դարձյալ լրացուցիչ գնաճային ճնշման միջավայր կարող է ստեղծել, այդուհանդերձ, հավելեց, որ փոխարժեքները շատ զգայուն են, հետևաբար, մի քանի օրվա կայունացմամբ դեռ հստակ կանխատեսում չենք կարող անել:
Ինչ վերաբերում է այսօրվա գնաճի որակական ցուցանիշին, ապա Լիլյա Ամիրխանյանը նկատեց, որ սպառողական ապրանքներում բանջարեղենի ապրանքախմբում թանկացումը վկայում է գյուղատնտեսության ոլորտում առկա պահպանվող խնդիրների, իսկ ոչ պարենային ապրանքախմբում առկա փոփոխությունները՝ ներքին պահանջարկում առկա շարժերի մասին: