Մակրոնը ցանկանում է շահել Թրամփի համակրանքը՝ ընթրիք կազմակերպելով Վերսալում. Politico

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է ընթրիք կազմակերպել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի համար Վերսալի պալատում՝ շահելու նրա համակրանքը և պահպանելու Վաշինգտոնի ներգրավվածությունը Եվրոպայի համար կարևոր խնդիրների, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության լուծման գործում։ Այս մասին գրել է Politico պարբերականը՝ հղում կատարելով ֆրանսիացի անանուն պաշտոնյաներին։

Նրանց տվյալներով՝ Ելիսեյան պալատն աշխատում է Մակրոնի և Թրամփի համար Լյուդովիկոս XIV-ի նստավայրում փակ ընթրիքի կազմակերպման վրա։ Այն կհամընկնի «Մեծ յոթնյակի» (G7) երկրների գագաթաժողովի հետ։ Ինչպես գրել է պարբերականը, գաղափարն այն է, որ «խաղան ճչացող ոսկեզօծ ինտերիերների հանդեպ Թրամփի թուլության վրա, որպեսզի փորձեն երաշխավորել, որ ԱՄՆ նախագահը ներգրավված կմնա Եվրոպայի համար առանցքային խնդիրների՝ ինչպես Ուկրաինայի պատերազմի, այնպես էլ Իրանում հակամարտության տնտեսական հետևանքների լուծման մեջ»։

Թրամփն ավելի վաղ հաստատել էր, որ կմասնակցի գագաթաժողովին, որը կանցկացվի հունիսի 15-17-ը ֆրանսիական Էվիանում (Վերին Սավոյա դեպարտամենտ)։ Սակայն ֆրանսիական կողմը ցանկանում է հավաստիանալ և երաշխավորել, որ նա վաղաժամ չի լքի գագաթաժողովը», գրել է պարբերականը։ Politico-ի զրուցակիցներից մեկի խոսքով՝ «հաշվի առնելով Թրամփի անկանխատեսելիությունը», Վերսալում ընթրիքը դեռ վերջնականապես հաստատված չէ, մնում են նաև ժամանցի այլ տարբերակներ Ժնևի լճի ափին։ «Ամեն ինչ հնարավոր է, Էվիանում նաև գոլֆի դաշտ կա», – ասել է պարբերականի զրուցակիցը։

Ընթրիքը կարող է կայանալ հունիսի 17-ին։ Անանուն եվրոպացի պաշտոնյան պարբերականին հիշեցրել է, որ Մակրոնն արդեն ընթրել էր Թրամփի հետ Էյֆելյան աշտարակում 2017 թվականին։ «Էլ ի՞նչ է մնում, եթե ոչ Վերսալի պալատի Հայելիների սրահը», – հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930