Մեղադրանք չեխաբնակ գեղանկարչին Հայաստանում՝ ֆեյսբուքյան գրառման համար
Հայաստանի, Արցախի և Չեխիայի նկարիչների միության անդամ, պատմաբան, ծնունդով Արցախից Աշոտ Առաքելյանը Հայաստան հերթական այցի ժամանակ՝ շուրջ 20 օր առաջ, պարզել է՝ անցնում է քրեական գործով. արգելում են վերադառնալ Չեխիա:
Պատճառը ֆեյսբուքյան ինչ-որ մեկի գրառման տակ արված մեկնաբանությունն է: Իր հայրենիք Նգնի գյուղի անկումից, սեփական տան կորստից հետո Աշոտ Առաքելյանը ֆեսյբուքյան հարթակում անցյալ տարի ընդամենը հիշեցրել է՝ յուրաքանչյուր երկրի օրենքի համաձայն՝ տվյալ երկրի ղեկավարին կամ հեռացնում են ընտրությունների ժամանակ, կամ վերացնել են տալիս նրա մոտ եղած սխալները, թերությունները: Ասում է՝ մեկնաբանությունն անորոշ պայմաններում կրճատվել է՝ դարձել ««հեռացնել և վերացնել», և իրեն վերագրվել է մի բան, որն ինքը չի գրել»:
Աշոտ Առաքելյանը Հայաստանի և Չեխիայի քաղաքացի է, նաև չեխական ամենամեծ՝ Դենիկ թերթի արտահաստիքային քաղաքական մեկնաբանն Է: Իր դեմ հարուցված քրեական գործի պատկան մարմինների հիմնավորումները չի ընդունում.
«Ինքս մշտապես բնակվում եմ Չեխիայում. Հայաստան գալիս եմ յուրաքանչյուր տարի՝ մեկ ամսով: Այժմ ինձ թույլ չեն տալիս վերադառնալ Չեխիա՝ անմիտ, անհիմն մեկնաբանությամբ՝ ինչ-որ մեկին պատասխանելու համար:
Դա ուղղակի մի բան է, որ մարդու մտքով չի անցնում. կարելի՞ է այս աստիճանի հասնել, մարդկանց հոգևոր ստրուկ դարձնել»:
Ի դեպ, նրան զարմացրել է նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների պահվածքը, որոնք առանց ծանուցման ուղղակի ներխուժել են իր բնակարան:
Քննչական կոմիտեից 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով սույն գործին՝ մասնավորապես նշեցին՝ Աշոտ Առաքելյանը քրեական վարույթով անցնում է որպես մեղադրյալ. «Մեղադրանքը ներկայացված է ՔՕ 330 հոդվածի երրորդ կետի հատկանիշներով՝ (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) : Մեղադրանքն ավելի վաղ է եղել. իր նկատմամբ հետախուզում է հայտարարված եղել»:
Չեխական թերթի տնօրինությունն արդեն գրությամբ միջնորդել է հարգել իր աշխատակցի իրավունքներն ու անհապաղ թույլատրել նրա վերադարձը, ինչը, սակայն, Հայաստանի իրավապահ համակարգի ներկայացուցիչները հաշվի չեն առել:
Աշոտ Առաքելյանը շուտով դիմելու է նաև Հայաստանում Չեխիայի դեսպանություն և Չեխիայի պատկան մարմիններին՝ քանի որ, ցավով արձանագրում է՝ իր հայրենիքում ոտնահարել են իր իրավունքները:
Մանրամասները՝ տեսանյութում