Փաշինյանի և Զելենսկիի հատկանիշները նրանց դարձնում են իդեալական գործակալ՝ իրենց ֆունկցիաները շատ լավ են կատարում. Գագիկ Հարությունյան

Ասել, որ հնարավոր չէ ադրբեջանաթուրքական տանդեմի ներխուժումը Հայաստան, սխալ կլինի, նման ներխուժման միշտ պետք է սպասել՝ ամեն ժամ։ Այլ խնդիր է, թե որքանով է Լեմկինի ինստիտուտի տարածած հայտարարությունը նշան, որ հարձակումը լինելու է։ 168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպես մեկնաբանեց  Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը՝ հոկտեմբերի 31-ին Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտի տարածած հայտարարությունն Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժելու հավանականության մասին:

Քաղաքագետը հիշեցրեց՝ դեռևս  2019 թվականին է ասել, որ մշտապես հնչելու են Հայաստանին ուղղված սպառնալիքներ, սա հիբիդային պատերազմներին  բնորոշ մեթոդներից է։

Գագիկ Հարությունյանը վստահ է, որ Միացյալ Նահանգները որևէ բան չի անելու, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, չնայած Լեմկինի ինստիտուտի տարածած հայտարարությունից հետո ԱՄՆ Պետքարտուղարությունն ասել էր, որ աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

«Եկան այստեղ համատեղ զորավարժություններ անցկացրեցին, բայց դա ոչինչ չի նշանակում։ Բնական է, որ ոչինչ էլ չի արվելու, որովհետև այդ բոլոր մեթոդիկաների ստրատեգիայում իր բաժին չափն ունի Միացյալ Նահանգները, և երբեմն մենք բացարձակացնում ենք ԱՄՆ-ի դերը։ Շատ հետաքրքիր նրբություններ կան, այդ գործունեությանն ավելի շատ մասնակցում է բրիտանական կայսրությունը, կա մի ասացվածք, որ Միացյալ Նահանգների նավատորմն ունի բազմաթիվ գծանավեր, հածանավեր, բայց առջևից գնում է  մի փոքր հածանավ, որն ուղղորդում է, թե ուր գնա այդ ուժը»,- նշեց Գ. Հարությունյանը։

Կարդացեք նաև

Գագիկ Հարությունյանը  դժվարացավ  պատասխանել հարցին, թե այս պահին Ադրբեջանը Հայաստանից կոնկրետ ի՞նչ է ուզում, գոյություն ունի քաղաքակրթական անհամատեղելիության տարր, և թուրքական էթնոսն այն հազվագյուտ ժողովուրդներից է, որը քաղաքակրթություն չունի։

«Նրանք որևէ բան չեն ստեղծել, բայց եղել են կայսերական ազգ, որոնք հասել ու Եվրոպայի կեսն են նվաճել, բազմաթիվ մարտեր են ունեցել։ Քաղաքական ինստինկտը մնացել է, և նրանք ուզում են ոչնչացնել Հայաստանը, սա գենոտիպ է, որը դրված է նրանց ծրագրում։

Կան նաև աշխարհաքաղաքական խնդիրներ, հավաքական Արևմուտքում շատ լավ կարողանում է հարմարվել Թուրքիան,  կարողանում է իրականացնել «կծան շան» պարտավորությունները և անում է  այն վատ գործերը, որոնք կան, ինչը անում էր և Հայոց ցեղասպանության ժամանակ։ Այնպես որ, ամեն ինչ ճիշտ է և շարունակվում է, և պետք է հայերս հիշենք մեկ բան՝ միակ փրկող ուժը, որը մեր դուրը գալիս է կամ չի գալիս, Ռուսաստանն է»,- նշեց նա։

Դիտարկմանը, եթե փրկող ուժը Ռուսաստանն է, ապա ինչո՞ւ թույլ տվեցին, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը զինված հարձակում կատարի Արցախի դեմ և բռնի տեղահանի արցախահայությանը, չէ՞ որ այնտեղ ռուս խաղաղապահներ կային, Գագիկ Հարությունյանը պատասխանեց, թե այսօր Ռուսաստանն ապրում է իր վերածնունդը, նա դարձել է ինքնուրույն պետություն։

«Հիմա նա ունի ուրիշ առաքելություն, հիմա իրենք զբաղված են իրենց Ղարաբաղով, Դոնեցկն ու Լուգանսկը դրանք ռուսական հողեր են ու ժողովուրդներ են, որոնք ենթարկվում են ճնշումների։ Եվ նրանք ազատագրում են իրենց երկիրը, նման պարագայում, հատկապես իմանալով, որ այստեղ իշխում է մեկը, որ ատելով ատում է Ռուսաստանը, հետևաբար՝ ինչո՞ւ ՌԴ-ն պետք է թողնի իր ազգային գործերը և զբաղվի մի երկրով, որի ղեկավարը նման քայլեր է անում, և որի ժողովուրդն անգամ պատերազմից հետո ընտրում է նույն ղեկավարին»,- շեշտեց նա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մասին էլ, թե ՀՀ ԱԽ քարտուղարի հանդիպումը Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի հետ հակառուսական քայլ է, և Հայաստանի իշխանությունը համառ ու նպատակաուղղված քայլերով ոչնչացնում է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները, Գագիկ Հարությունյանն ասաց, որ Մարիա Զախարովան ոչինչ չի ակնարկել, նա ամեն ինչ շատ ուղիղ ասել է։

«Այդ քայլն անում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը, որին ես համարում եմ, որ երկրորդ մարդն է Նիկոլի խունտայում։ Մենք էլ ունենք Ռուսաստանին քննադատելու տեղ, բայց պետք է հասկանանք, որ այլընտրանք չունենք։ Զելենսկուն Ուկրաինայում դարձրել են նախագահ, որպեսզի պայքարի մինչև վերջին ուկրաինացին։ Նիկոլ Փաշինյանի և նրա միջև նմանություն կա այն առումով, որ երկուսն էլ ունեն այն հատկանիշները, որոնք նրանց դարձնում են իդեալական գործակալ, և նրանք իրենց ֆունկցիաները շատ լավ են կատարում։

Բայց հիմա Հայաստանում գլխիվայր ամեն ինչ շուռ են տվել, սկսած դպրոցներից, նույնիսկ ասում են՝ Արարատին մի նայեք, Արագածին նայեք։

Ես խուսափում եմ դիտարկել, նույնիսկ քննադատել այն ամենը, ինչ կապված է Նիկոլի գործունեության հետ։ Դրանք բոլորը քայլեր են՝ ուղղված Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ, ինչպես տեսանք Արցախի օրինակում։ Այնպես որ, ես կխուսափեմ խոսել նաև «Խաղաղության խաչմերուկ»-ից, քանի որ դա հերթական խայտառակությունն է, որ կատարելու է Նիկոլը»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս