ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պնդումները, թե իրանական ուժերը հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում գործող ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչ նավի, իրականությանը չեն համապատասխանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանատարությունը X-ում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ամերիկյան «ոչ մի ռազմանավ հարվածի տակ չի հայտնվել, ԻՀՊԿ-ի հարձակման բոլոր փորձերը ձախողվել են»։
Կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամերիկյան ուժերը «հաջողությամբ ոչնչացրել են իրանական 10 լցանավ», որոնք ԻՀՊԿ-ին ֆինանսավորող «բազմամիլիարդանոց ստվերային ցանցի մասն էին կազմում»։
Գիշերը կողմերը կրկին հարվածներ են փոխանակել։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ, ինչպես նաև 10 նավ է թիրախավորել, որոնց թվում եղել է ամերիկյան ռազմածովային ուժերի երկու նավ։

