Լավ գիտեն՝ 7 տոկոս տնտեսական աճն իրական չէ, քանի որ իրենց ձեռքում չէ. Թադևոս Ավետիսյան
ԱԺ-ում շարունակվում են 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: 7 տոկոս տնտեսական աճի թիրախ, 1 տրիլիոն 367 միլիարդ 800 միլիոն դրամ պլանավորվող եկամտային մաս, 2018 թվականի նկատմամբ կապիտալ ծախսերի՝ 310 տոկոսով, պաշտպանության ոլորտում 2018 թվականի համեմատ 2024 թվականի բյուջեի ծախսերն ավելի քան կրկնապատկվում են՝ ավելանալով 125 տոկոսով. բյուջե 2024-ի այս տպավորիչ ցուցանիշներով էր Ազգային ժողով ներկայացել Նիկոլ Փաշինյանը:
Նկատենք, սակայն, հակառակ կառավարության լավատեսությանը՝ այս օրերին Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, նաև ՀՀ Կենտրոնական բանկը 2024 թվականի դիտարկումներում Հայաստանի համար տնտեսական աճը կանխատեսել է 4.8-5.5-ի միջակայքում:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը «Բյուջե 2024 թվականի» թիրախների առնչությամբ 168.am-ի հետ զրույցում նախ արձանագրեց.
«Թե՛ նախորդ տարվա բարձր տնտեսական աճը, թե՛ այս տարվա շարունակվող բարձր տնտեսական աճը (իհարկե, նախորդ տարվան զիջող) հիմնականում պայմանավորված է արտաքին գործոնով:
Կառավարությունն այս անգամ ևս նորից հույսը դնում է արտաքին գործոնի վրա՝ ակնկալելով, թե դեռևս կշարունակվի այդ էֆեկտը: Սակայն ակնհայտ է, որ արդեն այս տարվա կեսերից սկսած՝ այդ գործոնը թուլանում է, ինչի հետևանքները երևում են նաև տնտեսական աճի դանդաղման ձևով: Միանշանակ է, բարձր է ռիսկը»:
Այս համատեքստում պատգամավորը հիշեցրեց, որ ԱԺ-ում, ի պատասխան իր հնչեցրած հարցի՝ Ֆինանսների նախարարը չի հիմնավորել, թե ռիսկերի ինչ ֆունդամենտալ գնահատում է արվել:
Թադևոս Ավետիսյանի համոզմամբ՝ եթե չստացվի ապահովել այդ թիրախը, կդիմեն իրեն ավանդական մեթոդին` փնտրել հիմնավորումներ ձախողումների համար, ապա մեղքն այս ու այն կողմ նետել:
«Մեղավորներ գտնելու վարպետ են»,- հավելեց նա:
Անդրադառնալով բյուջեի ծախսային մասերին՝ տնտեսագետը նկատեց, որ էական զսպվածություն և վախվորածություն է դրսևորվել, քանի որ, ըստ նրա, իշխանությունները լավ գիտեն՝ 7 տոկոս տնտեսական աճն իրական չէ, որովհետև իրենց ձեռքում չէ:
«Այդ աճն արտաքին պատահական գործոնի ազդեցությամբ պետք է լինի, ինչն էլ արդեն գնալով ավելի թուլանում է: Դրա համար, օրինակ, նվազագույն աշխատավարձի բարձրացում, պետական ծառայողների վարձատրության բարձրացում, և, որ ամենակարևորն է՝ կենսաթոշակների, սոցիալական անապահովության նպաստների բարձրացումներ նախատեսված չեն և, ըստ էության, հիմնական սոցիալական նոր ծրագրեր ևս նախատեսված չեն: Դրան էլ գումարած՝ չնայած իրենց ակնկալիքներին, որ հաջորդ տարի այս տարվանից ավելի հարկային մուտքեր պետք է լինեն, միևնույն է, շուրջ 121 միլիարդ դրամի չափով նախատեսում են արտաքին աղբյուրներից պետական բյուջեի պակասորդի ֆինանսավորում: Այսինքն՝ նորից արտաքին պարտքի մեծացման բեռ»,- ամփոփեց նա: