Փաշինյանը թող լավ հիշի՝ ինչ որակումների էր արժանանում Սպարապետի կողմից իր՝ հայոց փառապանծ բանակի մասին յուրաքանչյուր հաջորդ զրպարտությունից հետո. Հայկ Մամիջանյան
«Պատմությունը ցույց է տալիս, որ հայ ազգին հաղթել արտաքին ներգործությամբ, ուղիղ թշնամական գործունեությամբ անհնար է լինում կամ շատ բարդ: Տարբեր ժամանակներում տարբեր եղանակներով հայ ազգի վրա ներազդել հնարավոր է լինում ներսից: Այդպիսի օրինակ էր Հոկտեմբերի 27-ը, և նաև վերջին նորագույն պատմությունը ցույց տվեց, որ Արցախի հանձնումը, ՀՀ անվտանգային երաշխիքների թուլացումը մեր հակառակորդների համար հեշտ եղավ ապահովել՝ ներսից թուլացնելով երկիրը»,- այսօր՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24-րդ տարելիցի օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը:
Վերջինս նկատեց՝ գուցե մինչև 2020թ. պատերազմն ինքն ասեր՝ ոչ մի հայ քաղաքական դիվիդենտներ չի հավաքի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության վրա:
«Բայց հիմա ես ոչ մի բանի վրա չեմ զարմանում: Սրանք ունակ են ցանկացած ոճրագործություն, ցանկացած արհավիրք, ծանր, դառը, ցավոտ իրադարձություն փորձել օգտագործել իրենց կեղտոտ քաղաքական խաղերի համար: Իրենց չի հետաքրքրում ճշմարտության բացահայտումը: Իրենց հետաքրքրում է իրենց իշխանությունը պահելը, երկու լայք ավել փախցնելը, մի քանի հայի ավելի շատ խաբելը և որպես արդյունք՝ մեր երկրի համար ավելի մեծ վտանգ ստեղծելը»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Նրա խոսքով՝ իր տարիքով ընկերները շատ լավ գիտեն՝ ով է Փաշինյանը, և թե ինչպես էր Սպարապետը վերաբերվում Փաշինյանին:
«Փաշինյանը պիտի լավ հիշի՝ 1990-ականներին հայոց փառապանծ բանակի հասցեին զրպարտություններ հրապարակելու համար ինչ որակումների էր արժանացել Սպարապետի կողմից: Պիտի լավ հիշի, թե իր տարբեր թերթոններում ինչ կեղտ էր թափում հերոսների վրա, մասնավորապես՝ Սպարապետի: Ես ամեն անգամ զարմանում եմ, թե ինչքան կարելի է քաղաքականության խաթր զզվելի արշավներ անել»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: