Զարմանում եմ, որ նման հեղինակավոր թերթին հարցազրույց տալուց՝ Փաշինյանը նման մանիպուլյացիայի է գնում. Սուրեն Սուրենյանց
«Նախ ես ուզում եմ՝ մենք ընդգծենք, որ, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի և Նախիջևանի կապի վերաբերյալ առանձին վերցրած օրակարգ գոյություն չունի: Նման օրակարգ գոյություն ունի տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում, երբ պետք է տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացվեն: Սա՝ երկրորդը:
Երրորդը՝ որևէ տեղ գրված չէ, որ Ռուսաստանի Դաշնության որևէ մարմին Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի վրա պետք է ունենա վերահսկողություն: Որևէ տեղ գրված չէ, որ Հայաստանի Հանրապետությունը համաձայն է կամ նախատեսված է ՀՀ որևէ սուվերեն իրավունքի կրճատման կամ սահմանափակման:
Որևէ տեղ գրված չէ, որ ՀՀ պետական ինստիտուտներին վերապահվող որևէ գործառույթ պետք է պատվիրակվի որևէ այլ մեկի: Որևէ տեղ գրված չէ և նախատեսված չէ, նման բան չի եղել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ինչ-որ ուրիշ մեկը պետք է ապահովի անվտանգություն: Այդպիսի բան գրած չի եղել»:
Սա Նիկոլ Փաշինյանի արձագանքն է The Wall Street Journal-ի լրագրող Յարոսլավ Տրոֆիմովի՝ Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանզիտի մասին հարցադրմանը և այն դիտարկման, թե առկա համաձայնություններով նախատեսվում է, որպեսզի Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայությունը կառավարի այդ երթևեկությունը:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Նիկոլ Փաշինյանի այս պատասխանները որակում է սուտ և մանիպուլյացիա՝ պարզաբանելով.
«Ես հենվում եմ բացառապես այն փաստաթղթերի վրա, որոնք հրապարակվել են, պաշտոնական են և չեն հերքվել պաշտոնական Երևանի կողմից:
2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրել է եռակողմ հայտարարություն, որի 9-րդ կետում նախ՝ Սյունիքով անցնող հնարավոր այդ տրանսպորտային հաղորդակցությունն առանձին հիշատակվում է մյուս կոմունիկացիաներից: Սա՝ առաջին մանիպուլյացիա:
Երկրորդը՝ այնտեղ կա մի շատ վիճելի ձևակերպում, որը ենթադրում է տրանսպորտային հաղորդակցություն, ռուսական վերահսկողություն: Իհարկե, դա չի ենթադրում դասական «միջանցք», բայց դա ավելին է, քան սովորական ճանապարհը, որովհետև, թեև ոտնձգություն տեղի չի ունենում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, բայց ակնհայտ է, որ ինչ-որ ֆունկցիաներ, այդ ձևակերպմամբ, պաշտոնական Երևանը պետք է վերապահի երրորդ երկրի, այս դեպքում՝ ՌԴ Անվտանգային ծառայությանը:
Ու ես զարմանում եմ, որ նման հեղինակավոր թերթին հարցազրույց տալուց Փաշինյանը նման մանիպուլյացիայի է գնում»:
Քաղաքագետը շեշտում է՝ խանդավառված չէ Փաշինյանի ստորագրած այս փաստաթղթով, սակայն, ըստ նրա, ավելի վատ է, երբ նա փորձում է մանիպուլացնել բոլորին՝ ասելով, թե նման պարտավորություն Հայաստանը չի ստանձնել, քանի որ դա առիթ է տալիս Ադրբեջանին բոլոր տեղերում պնդել, որ Հայաստանը կառուցողական դիրքորոշում չունի:
«Ի դեպ, մինչև Ղարաբաղի անկումը՝ իշխանությունները նարատիվ էին առաջ տանում, թե՝ «փուռը տանք» Արցախը, որպեսզի 9-րդ կետով ստանձնած պարտավորությունը չանենք: Այսինքն՝ եթե Արցախը հանձնենք, այլևս Սյունիքով անցնող ճանապարհը կորցնելու է ակտուալությունը:
Բացի այն, որ բարոյական չէ նման մոտեցումը, մենք տեսանք նաև, որ դա քաղաքական առումով հաշվարկված չէր: Եվ տեսանք, որ ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումներից ու ցեղասպան քաղաքականությունից, Արցախի կորստից հետո Զանգեզուրի միջանցքի թեման Անկարայի ու Բաքվի խոսույթից չանհետացավ»,- հավելեց նա:
Սուրեն Սուրենյանցը համոզված է՝ այսքանը բավարար էր, որ Փաշինյանը հասկանա՝ իր քաղաքականությունը ծայրից ծայր չհաշվարկված է եղել, և որ, այսպես կոչված, բրյուսելյան հարթակում միայն ձախողումներ են արձանագրվել:
«Այսինքն՝ այնտեղ ինքը, ըստ էության, ճանաչել է Արցախն ունիտար Ադրբեջանի մաս՝ դիմացը չստանալով որևէ խոստում կամ պարտավորություն Ադրբեջանի կողմից»,- շեշտեց վերլուծաբանը:
Ի պատասխան հարցին, թե այդուհանդերձ, օբյեկտիվ չե՞ն ՀՀ իշխանությունների փորձերը՝ հրաժարվել նոյեմբերի 9-ի փաստաթղթից՝ հաշվի առնելով, որ այդ եռակողմ հայտարարության մինչև 9-րդ կետը եղած բազմաթիվ կետեր, պարտավորություններ այդպես էլ չիրագործվեցին, քաղաքագետը նշեց.
«Ի՞նչ ռեսուրսով։ Իհարկե, Ադրբեջանն էլ, Ռուսաստանն էլ այդ եռակողմ հայտարարության բազմաթիվ կետեր չեն կատարել: Եվ, առաջին հերթին, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Ռուսաստանի մեղքով է, որ այդ ստատուս-քվոն հիմա չի գործում, բայց արդյո՞ք Փաշինյանն ունի այնպիսի մի արտաքին աջակցություն, որ կարողանա նույնիսկ գոյություն չունեցող փաստաթղթի ռեժիմից դուրս գալ:
Որովհետև եթե անգամ ՀՀ-ն իր մասով չեղարկի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, փաստ չէ, որ ՀՀ գրավոր պարտավորությունը Բաքուն չի վերցնելու և այդ հիմքով չի պահանջելու այդ տրանսպորտային հաղորդակցությունը»:
Հիշեցնենք Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարության 9-րդ կետը. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: