Գրանդայում Փաշինյանը հաղթանակ չի գրանցել՝ անկլավների մասով ստեղծել է խոցելիություն. Հայկ Մամիջանյան
Բանակցություններին անգամ առանց Ալիևի մասնակցելու էլ Փաշինյանը ստորագրում է հակահայկական փաստաթղթեր, ու հակահայկական որոշումներ են կայացվում: ԱԺ ճեպազրույցների ժամանակ համոզմունք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ալիևը չբարեհաճեց ներկա գտնվել հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում, և հոկտեմբերի վերջին՝ Բրյուսելում նախատեսված հանդիպումներին:
Մամիջանյանի խոսքով՝ այն իշխանությունները, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ ասում էին՝ «հաղթելու ենք», հիմա էլ ասում են՝ հաղթել ենք Գրանադայում: Այնինչ, պատգամավորի խոսքով, անգամ այդ Ալիևի բացակայության պարագայում Գրանադայում ՀՀ-ն ո՛չ միայն որևէ հաղթանակ չի գրանցել, այլև ընդհակառակը՝ մեծ խոցելիություն է ձեռք բերել՝ առնվազն «անկլավների» հարցով:
«Առնվազն երկու միջպետական կարևորագույն ճանապարհի կորստի վտանգ է առաջանում, Տիգրանաշենի դեպքում փաստացի հստակ կորստի: Այսինքն, Սյունիքին միացնող մեր հիմնական ճանապարհը վերանում է, իսկ Տավուշի հատվածի պարագայում Ադրբեջանն առնվազն ուղիղ վերահսկողություն է ունենալու՝ Հայաստանը Վրաստանին կապող երկու ճանապարհների նկատմամբ, եթե չասեմ, որ այդ երկու ճանապարհներից մեկն էլ է կորելու՝ նայած, թե ոնց է հանձնելու այս անգամ»,- ասաց Մամիջանյանը:
Անդրադառնալով Ալիևի ոչ կառուցողականության մասին ՔՊ-ականների հայտարարություններին՝ Մամիջանյանը հիշեցրեց, թե ինչպես էր տարիներ առաջ Փաշինյանն Ադրբեջանի ղեկավարին համարում «բավականին կառուցողական»:
Նաև հավելեց. «Երբ այստեղից այնքան լկտիություն են ունենում, որ ժողովրդին խաբում են՝ ասելով, որ Հռոմի ստատուտի ստորագրությունն անվտանգային երաշխիք է… լո՞ւրջ եք ասում»։
Նրա համոզմամբ՝ առկա իրավիճակն ամեն դեպքում որևէ լավ բան չի հուշում:
Նազելի Ստեփանյան