Մի անգամ է նման բան եղել, Վեհափառին խեղդել են. Փաշինյանը դրա՞ն է պատրաստվում. Հայկ Մամիջանյան
Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հրավիրված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։
Ընդդիմադիր քաղաքական ուժերը դատարանի բակում են:
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին մեր ազգային ամոթն է տեղի ունենում:
«Վեհափառ Հայրապետին ՀՀ դատարանը փորձում է դատել: Մեր Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսը դատարանում է, էլ ի՞նչ կա էդտեղ մեկնաբանելու: Նման բան պատմության մեջ եղել է մի անգամ. խեղդամահ են արել կաթողիկոսին սովետական իշխանությունների ժամանակ: Փաշինյանը դրա՞ն է պատրաստվում: Այստեղ քաղաքականություն չկա, այստեղ ազգային արժեքներ են, ազգային ինքնությունն է: Ես վստահ եմ, որ աշխարհում չկա մի հայ, որը հաշտ է այն մտքի հետ, որ Վեհափառ Հայրապետին դատարան են հրավիրել»,- շարունակեց նա՝ հավելելով, որ իշխանությունը հույս ունի քանդել Հայ Առաքելական եկեղեցին, բայց նա դիմացել է շատ ավելի մեծ ասպատակումների, քան մի խումբ նիկոլականներն ու մարգինալները:
«Ինչու համար է սա արվում, որովհետև եկեղեցին եղել է մեր պաշտպանական և մեր ինքնության պահպանման վերջին խրամատը, երբ նույնիսկ պետականություն չի եղել: Ու հիմա էլ բավական զուգահեռներ կան, իշխանությունները չեն պաշտպանում ու ներկայացնում ՀՀ շահերը և ուզում են վերացնել այն ինստիտուտը, որը կպաշտպաներ և կզբաղվեր մեր շահերի առաջմղմամբ»,- շեշտեց Մամիջանյանը՝ առաջարկելով բոլոր չարգելված միջոցներով պայքարել, եթե անգամ հիմա Փաշինյանի իշխանությունը կարողացել է ԱԺ ձևավորել:
«Իմ ընկալմամբ, սա առանց փողոցային պայքարի գնացողը չի»,- ընդգծեց ՀՀԿ-ական գործիչը:
Մանրամասները՝ տեսանյութում

