Դավիթ Տոնոյանը քաղաքական հա՞յտ է ներկայացնում կամ մարտի են գնում Պաշտպանության նախկին նախարարները

Հոկտեմբերի 4-ին ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր քաղաքական պայքար սկսելու մասին՝ նշելով, որ դրան մղել է Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևմանը սպառնացող վտանգը: Իհարկե, Փաշինյանի նախկին խորհրդական, պաշտպանության նախարար գեներալն ավելի ուշ իր հարցազրույցներում նշել է, որ Փաշինյանի դավաճանության մասին փաստեր կներկայացնի միայն իշխանափոխությունից հետո: Արշակ Կարապետյանին և նրա դեռևս հայտարարված քաղաքական պայքարին դեռ առանձին կանդրադառնանք:

Մինչ այդ նշենք, որ այսօր «Մեդիամաքսին» հարցազրույց է տվել անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որտեղ նա անվտանգային մարտահրավերների համատեքստում սեղմ ժամկետում նոր ընտրությունների գնալու անհրաժեշտություն է տեսել:

«Հայաստանի Զինված ուժերը բարոյահոգեբանական շոկային իրավիճակից հանելու և մարտունակության նոր մակարդակի վրա դուրս բերելու համար պետք է առնվազն 5 տարի, իսկ ԱԺ ընտրություններ Հայաստանում կլինեն միայն 2.5 տարի հետո: Արդյո՞ք կառավարությունում առկա է ռիսկերի գնահատում առաջիկա 5 կամ 10 տարվա համար, թե «խաղաղության պայմանագրի» ստորագրումից կամ առավել ևս չստորագրելուց հետո ինչպիսին է լինելու մեր արտաքին և պաշտպանական քաղաքականությունը: Գրեթե համոզված եմ, որ այդպիսի միջգերատեսչական վերլուծություն կամ գնահատական իրավիճակին տրված չէ:

Կարդացեք նաև

Մասնավորապես, խիստ կասկածում եմ, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը կառավարությունից ստացել է ԶՈՒ կիրառման խնդիրները և նպատակները` նոր «հետԱրցախյան» պայմաններում»,- նշել է Տոնոյանը՝ հավելելով, որ Զինված ուժերի զարգացումն ապահովելու նպատակով հրատապ խնդիր է ՀՀ անվտանգության ապահովման համար ռազմաքաղաքական դաշինքային հարաբերությունների կամ ոչ բլոկային` չեզոքության կարգավիճակի ընտրությունը, որը նույնպես պետք է ամրագրվի միջազգային եղանակով:

Դավիթ Տոնոյանի խոսքով, ՀՀ իշխանությունները պարտավոր են աշխարհաքաղաքական տեսանկյունից հաշվի առնել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի՝ Հարավային Կովկասում «մնայուն շահերը» և հավաքական Արևմուտքի «մնայուն հավակնությունները»:

Եվ քանի որ, ինչպես «Մեդիամաքսին» իր հարցազրույցում ասել է կալանավայրում գտնվող պաշտպանության նախկին նախարար Տոնոյանը, այսօրվա իշխանություններն ունակ չեն այդպիսի հրատապ որոշում կայացնել, ապա պետք է սեղմ ժամկետում գնալ նոր ընտրությունների՝ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալով ընտրել այն ուժերին, որոնց կվստահեն ՀՀ անվտանգության ապահովման, դաշնակիցներին ընտրելու կամ ոչ բլոկային չեզոքության կարգավիճակի ընտրության հարցը:

«ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում ՀՀ քաղաքացիների մոտ ձևավորվել է կայուն համոզմունք, որ մեր բոլոր խնդիրները կապված են վարչապետի ասած «վեկտորի փոփոխության» կամ այն չփոփոխելու հետ:

Ռուսերեն լավ արտահայտություն կա. «устроили канитель»: Այդ «канитель»-ի մեջ անվտանգային հիմնախնդիրներին քաղաքական ուժերը, վերլուծաբանները և բլոգերներն անդրադառնում են «խորը վերլուծություններով» և «կանխատեսումներով»` ավելի շփոթեցնելով ժողովրդին ու դաշնակիցներին և գործընկեր երկրներին միամիտի տեղ դնելով: Այնինչ, օրինակ, անառարկելի են տարբերությունները ԵԱՏՄ կամ ԵՄ չափանիշներով ՀՀ տնտեսությունը զարգացնելու, ՀԱՊԿ կամ ՆԱՏՕի անդամ երկրների ռազմական ստանդարտներով Զինված ուժերը զարգացնելու մեջ»,- ասել է Տոնոյանը: Այսինքն, պաշտպանության նախկին նախարարը համեմատության մեջ է դնում ռուսական և արևմտյան ռազմական դաշինքների կարողությունը, և, ըստ էության, ընտրություն կատարում հօգուտ արևմտյան ռազմական դաշինքի:

Ի դեպ, իր նշված հարցազրույցի սկզբում Դավիթ Տոնոյանը խոսելով այն իրականությունից, որ մենք ունակ չենք ՀՀ շահերը պաշտպանելու համար դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին, նշել է.

«Խորքային պատճառներից մեկն այն է, որ 26 տարիների ընթացքում, 1994 թվականից ի վեր, ՀՀ Զինված ուժերը պաշտպանական կեցվածք որդեգրելու արդյունքում ենթարկվեցին առերևույթ լճացման, ինչը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում էր չեզոքացնել դաշնակից և գործընկեր երկրների հետ ռազմական համագործակցության միջոցով (կրթական ծրագրեր, վարժանքներ, զորավարժություններ) և, ի վերջո, ՀՀում ռազմական ներկայությամբ»:

Ի՞նչ է ակնարկում Տոնոյանը՝ ՀՀ զինված ուժերը միայն պաշտպանվե՞լ են, իրավիճակն այնպիսին էր, որ պետք է դե յուրե հարձակողակա՞ն քաղաքականություն որդեգրեին, և ռուսական ուղղությամբ Զինված ուժերի, այսպես ասած, լճացումը վերացնելու հարցում ձախողե՞լ ենք:

Եթե նույնիսկ այդպես է, ապա, ինչպես օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում նշել էր նույն Դավիթ Տոնոյանը, իշխանափոխությունից հետո ինքը ժառանգել է այնպիսի Զինված ուժեր, որն ունակ էր պաշտպանական մարտ վարելու և ապահովելու Արցախի ինքնիշխանությունը և Հայաստանի անվտանգությունը: Տոնոյանը նաև հերքել էր փաշինյանական միֆը՝ ՀԱՊԿ անդամ լինելը չի խոչընդոտում այլ երկրներից սպառազինության ձեռքբերմանը: Այսինքն, նախկինում հաջողվել է փոխլրացնող քաղաքականություն վարել:

«Մենք ՀԱՊԿ անդամ էինք, և ձեռքբերումներ էինք կատարում ՆԱՏՕի, Եվրամիության անդամ երկրներից։ Ինչպես նշեցի, սեպտեմբերի 26-ին ես գտնվել եմ ՆԱՏՕի անդամ, ԵՄ անդամ երկրում, որտեղ վարել եմ համապատասխան բանակցություններ։ Մինչ այդ էլ մատակարարումներ են եղել այդ երկրներից և սպառազինություն ձեռք բերելու որևիցե սահմանափակում չի եղել, դա միֆ է։ ՀԱՊԿ անդամակցությունը չի խոչընդոտում, ուրիշ հարց է, որ կա օպերատիվ համադրելիություն։ Այն սպառազինությունները, որոնք համադրելի էին, մենք ձեռք էինք բերում, որոնք համադրելի չէին, դրան հատուկ պատրաստություն էր պետք, կային դժվարություններ, բայց դա էլ էր հաղթահարվում կամացկամաց: Դրանք փաստեր են, չկա այդպիսի բան»,- մանրամասնել էր նույն Տոնոյանը:

Իսկ եթե պաշտպանության նախարարն այն կարծիքին է եղել, որ ՆԱՏՕ-ն ավելի մեծ դերակատարում պետք է ունենար ՀՀ անվտանգության ապահովմանը և ՀՀ զինված ուժերի զարգացմանը մասնակից լիներ ոչ միայն պաշտպանական քաղաքականության բարեփոխմանն աջակցելու համատեքստում, ապա կարո՞ղ է ասել՝ ՆԱՏՕում մեզ երբևէ սպասե՞լ են, Արևմուտքից լուրջ անվտանգային առաջարկներ ստացե՞լ ենք և մերժե՞լ: Եվ այսօր Արևմուտքը կարո՞ղ է ապահովել ՀՀ ինքնիշխանությունը և աջակցել ՀՀ զինված ուժերի սահմանադրական պարտականություննների կատարմանը, երբ անգամ 44-օրյա պատերազմի օրերին ՀՀին ռազմական օգնության լուրջ առաջարկներ չեն եղել, մասնավորապես, նույն Ֆրանսիայից:

Եվ այն, որ պատերազմից հետո Զինված ուժերը չունեն անգամ պաշտպանական երբեմնի կարողությունները, այստեղ առաջինը անվտանգային վեկտորի խնդիր չէ, և դա Դավիթ Տոնոյանը շատ լավ գիտի, առնվազն 44-օրյա պատերազմի օրերին լինելով պաշտպանության նախարար: Վեկտորի խնդիր չէր, թերևս, որ նոր պատերազմ 2020-ին ստացանք, բայց ոչ նոր տարածքներ, ավելին, կորցրեցինք մեր ունեցածը: Այլ հարց է, որ դեռ 2015 թվականին էր այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը պնդում, որ ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտին Ադրբեջանի այս սպառազինվածության պայմաններում մեզ համար այլևս բավարար չէ:

«Իսկ ո՞վ է ասում, որ 1994թ. ստեղծված անվտանգության գոտին Ադրբեջանի ներկայիս սպառազինվածության պայմաններում բավարար է իր դերը կատարելու համար: Իսկ ո՞վ է ասում, որ ԼՂՀի շուրջ ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է: Ո՞ւմ գնահատականն է։ Մեր գնահատականով՝ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում այն արդեն իսկ բավարար չէ»,- tert.am-ի հետ զրույցում ժամանակին ասել էր Տոնոյանը:

Այսինքն, ՀՀ պաշտպանության նախկին նախարարը միշտ է այս գաղափարին եղել, այլ հարց է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում, երբ Տոնոյանը պաշտպանության նախարար էր, ոչ միայն կորցրեցինք այդ բավարար չհամարվող անվտանգության գոտին, այլև խորացրեցինք և՛ Արցախի, և՛ ՀՀ տարածքների անվտանգության ապահովման խնդիրը:

Բուն ռազմական և աշխարհաքաղաքական տեսանկյունից ՀՀ պաշտպանության նախկին նախարարի՝ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում արտահայտած մտքերին և ձևակերպումներին դեռ կանդրադառնանք: Շարադրվածն ընդունեք հպանցիկ կամ անոնսային արձագանք:

Վերադառնանք Դավիթ Տոնոյանի՝ նոր ընտրությունների առաջարկությանը. կարո՞ղ ենք ենթադրել, որ պաշտպանության նախկին նախարարը կալանավայրից կամ այս հարցազրույցով քաղաքական հայտ է ներկայացնում: Թե ինչպե՞ս, ժամանակը ցույց կտա՝ գուցե իրադարձություններն այնպես զարգանան, որ նրան իշխանություններն ազատե՞ն, գուցե կան ուժեր, որոնք կարող են անվտանգային և քաղաքական վեկտորի հետ կապված իր գաղափարներն առաջ տանել, և ինքը՝ Տոնոյանը, հեռավար նրանց կառավարի՞, գուցե կան նաև այլ տարբերակներ: Ավելին, Տոնոյանի կողմից նոր, այսինքն՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկությունը պետք է դիտարկել նաև, այսպես կոչված, արևմտամետ դիրքորոշում ունեցողների միևնույն հայտարարությունների և հեռահար պլանների համատեքստում՝ որպես զուգահեռ պրոցեսներ:

Հետաքրքիր զարգացումներ են սպասվում, եթե հաշվի առնենք, որ քաղաքական հայտ է ներկայացրել նաև ռուսական կողմնորոշմամբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, ով վտանգավոր է համարում ՀՀ արտաքին վեկտորի փոփոխությունը՝ անկախ ՌԴ-ի հետ ունեցած ինչ-ինչ դժգոհություններից: Փաստ է, որ և՛ Տոնոյանը, և՛ Կարապետյանը հանրային վստահության խնդիր ունեն, ինչո՞ւ չէ՝ նաև թիմի: Եվ եթե անգամ թիմի հարցը մեկի մոտ կարող է այնքան սուր չլինել, բայց հանրային վստահության խնդիրը հաստատ երկու դեպքում էլ առկա է: Ինչևէ, սպասենք իրադարձությունների զարգացումներին, և, թե ով է առավել վտանգ ներկայացնում գործող իշխանությունների համար:

Տեսանյութեր

Լրահոս