Բաժիններ՝

Ucom-ի պլատինե հովանավորությամբ կայացավ «Խելացի երկրի» մարտահրավերներին նվիրված Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը

Հոկտեմբերի 17-ին «Յուքոմ» ընկերության պլատինե հովանավորությամբ «Խելացի երկրի» մարտահրավերներին նվիրված Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովն արդեն հինգերորդ անգամ է համախմբել ՏՀՏ ոլորտի տեղական և միջազգային բարձրակարգ փորձագետներին։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Silicon Mountains 2023 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի կազմակերպիչ՝ ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։ Պանելային քննարկումները ծավալվել են երեք հիմնական թեմաներով՝ «Խելացի երկիր», «Խելացի բիզնես» և «Խելացի քաղաքացի»:

«Խելացի լինելու տիրույթում է, որ երկրները ցուցադրում են իրենց մրցակցային առավելությունները՝ որպես ազգ և որպես պետություն, որպես գործարար և որպես անհատ: Մենք պետք է գիտակցենք, որ երկրի ամենաարժեքավոր ռեսուրսը մարդն է, և այդ ռեսուրսը անգին է և սահմաններ չունի։ Մարդու ստեղծած գիտելիքների և դրա հիման վրա ստեղծած տեխնոլոգիաների և ներդրած ջանքերի շնորհիվ է, որ կարելի է հասնել կայուն զարգացման», նշել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

«Խելացի բիզնես» պանելային քննարկման խոսնակ, միջոցառման պլատինե հովանավոր «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր խոսքում ընդգծել է ոչ միայն խելացի տեխնոլոգիաների, այլև բիզնեսի ճկուն կառավարման անհրաժեշտությունը․ «Հեռահաղորդակցությունը միշտ մոտ է եղել տեխնոլոգիական առաջընթացին, բայց անհրաժեշտ է համընդհանուր երկարաժամկետ, հեռանկարային ռազմավարություն, տեսլական, որը պետք է դառնա երկրի զարգացման բիզնես պլան, որպեսզի տարբեր ոլորտների բիզնեսների և պետության միջև գործակցություն լինի։ Բոլորս մեկ նավի վրա պետք է լինենք և ուղղությունը հասկանանք, որ ավելի ստեղծագործ լինենք հօգուտ երկրի տնտեսության և վերջնական սպառողի՝ կիրառելով այսօրվա տեխնոլոգիաները։ Աշխարհում հիմա ներդրվում են 5-րդ սերնդի ցանցային տեխնոլոգիաները, փորձարկման մեջ է 6-րդ սերնդինը, ոչ հեռու ապագայում, համոզված եմ, 7-րդ սերունդն էլ կլինի, որի փորձարկումները ևս ընթանում են լաբորատորիաներում։ Սրանք իրենց հետ զուգահեռ բերելու են շատ այլ փոփոխություններ և դրանից վախենալ պետք չէ, քանի որ տեխնոլոգիան միջոց է, բանալի է, տրանսպորտ է, որը կտանի ավելի զարգացած ապագայի», – նշել է նա։

Խելացի երկրի մարտահրավերներին նվիրված գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով հատուկ ծրարի մարման արարողությունը, որն իրականացրել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակի արժանացած 13-րդ դափնեկիր Շանթանու Նարայենը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: ՀՀ պետական մրցանակի 2022թ. դափնեկիրն է Adobe ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, ում մրցանակը հանձնվել է գագաթնաժողովի ընթացքում:

Հավելենք, որ Silicon Mountains 2023-ի պանելային քննարկումների և զեկույցով հանդես եկող մասնակիցներից էին նաև Siemens EDA, EMEA-ի փոխնախագահ Ադրիան Բաքլին, Cisco EMEA-ի կիբեռանվտանգության գծով տնօրեն Էրիկ Վեդելը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան փոխդեսպան Չիփ Լեյտինեն, Միացյալ Թագավորության բիզնեսի և առևտրի զարգացման նախարարության՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության և ներդրումների հարցերով տարածաշրջանային տնօրենը և առևտրի գծով խորհրդական Էնդրյու Ուիթեն և այլք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս