Ինչո՞ւ զենքը ժամանակին չհանեցիք, այնքան չկայի՞ք՝ Արցախի ռազմաքաղաքական իշխանության ներկայացուցիչներին ապահով հասցնեիք Հայաստան, թե՞ ձեզ ձեռք է տալիս, որ նրանք Բաքվի բանտերում են. Արտակ Զաքարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, պաշտպանության նախկին 1-ին փոխնախարար Արտակ Զաքարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Եթե իշխանությունները Ստեփանակերտի պայթյունի առնչությամբ լյուստրացիայից են խոսում, թող մի հատ էլ լյուստրացիա անեն Սուրմալուի պայթյունը, Ազատ գյուղի կացարանի հրդեհը, ի վերջո՝ 44-օրյա պատերազմը, տեսնեն՝ իրենք փրկարար ծառայություն ունե՞ն, որ Արցախի փրկարար ծառայության կոմպետենտությունն են կասկածի տակ դնում՝ մեղադրելով նրանց։
  • Այս իշխանությունները Ադրբեջանի քաղաքականության տեղայնացնողներն են Հայաստանում, և դրա համար էլ Ադրբեջանին չեն մեղադրում որևէ բանում։
  • Անպատժելիության ու անպատասխանատվության մթնոլորտը բերել է նրան, որ սրանք իրենց ամեն ինչ կարող են թույլ տալ, և դա ուղիղ հարված է պետականության հիմքերին։ Իրենք չեն էլ հասկանում, թե իրենց բարբաջանքներն ինչ վնաս կարող են հասցնել մեր պետականությանը։
  • Դուք այնքան չկայի՞ք, որ Արցախի ռազմաքաղաքական իշխանության ներկայացուցիչներին կարողանայիք ապահով բերել-հասցնել Հայաստան, թե՞ ձեզ ձեռք է տալիս, որ նրանք Բաքվի բանտերում են։
  • Հիմա էլ այս իշխանություններն ասում են՝ բոլորս ենք մեղավոր։ Ո՛չ, բոլորս մեղավոր չենք, որովհետև մեր մի զգալի հատվածը ամենասկզբից զգուշացնում էր՝ ինչն է լինելու այս իշխանության անհեռատես ու սխալ քայլերի հետևանքը, ինչ աղետ են բերելու մեր երկրի և ժողովրդի գլխին։
  • Այո՛, ռուսները մեզ չպաշտպանեցին, բայց ինչո՞ւ… Այդ հարցը մենք մեզ տալի՞ս ենք։ Վաղը, որ Արևմուտքը մեզ չպաշտպանի, սկսելու եք հակաարևմտյան հիստերիա՞ն զարգացնել, հիմա էլ Արևմուտքի՞ն եք մեղադրելու։
  • Հակաարցախյան հիստերիկ ալիքը զարգացնելու փոխարեն՝ սրանք շատ լավ կանեն՝ մի հանձնաժողով ստեղծեն, որ պատասխանատուները բացատրեն, թե ինչո՞ւ Արցախում այսպես եղավ ամեն ինչ։ Եվ այն ժամանակ ՔՊ-ի համակիրները երանի կտան չբացահայտվելուն։
  • Երբ Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա, ու Հայաստանի Հանրապետությունն անմիջապես հայտարարում է, որ դա իր հետ կապ չունի, ունի՞ բարոյական իրավունք Արցախի իշխանություններից ինչ-որ բան պահանջել։
  • Արցախի իշխանություններն ի՞նչ պիտի անեին այդ զենքը… Հանձնեին Հայաստանի՞ն, երբ բլոկադա էր, ու բրինձ անգամ չէր մտնում։ Արցախահայերը գոնե պատվով և հերոսաբար մարտնչել են, միանգամից սպիտակ դրոշ չեն պարզել ու հանձնվել։
  • Եթե այս իշխանություններն այդքան կարևորում էին Արցախում եղած զենքը, թող գնային ու բերեին ժամանակին։ Զենքը նրա համար է, որ պաշտպանի քաղաքացիական բնակչությանը։ Պաշտպանել են, ինչպես որ կարողացել են։ Արցախն ունեցել է 200-ից մի փոքր ավելի զոհ, Ադրբեջանը՝ 2000 և ավելի։ 
  • Ամենամեծ կեղծիքն ու սուտը եղել է այն, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զենքի պակաս կար։ Զենքի պակաս չի եղել ո՛չ 44–օրյայի ժամանակ, ո՛չ հիմա։
  • Մեր տիպի երկրների համար պատերազմավտանգ տարածաշրջաններում ապրելը ենթադրում է դիվանագիտական լուրջ աշխատանք։ Դրա համար մենք 44-օրյա պատերազմի ժամանակ աջակիցներ չունեցանք, նախորդ տարվա սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ չեղան պատշաճ արձագանքներ և, ի վերջո, հիմա էլ ունեցանք բռնի տեղահանվածներ։

  • Սրանց համար օդ ու ջրի նման կարևոր է իշխանությունը պահելը։ Ու հոգ չէ, որ Արցախը չկա, իսկ Հայաստանի գլխին մեծ վտանգ է կախված։
  • Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին շատ հստակ գործում էին իրավական մեխանիզմները, երբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում միջազգային մակարդակով հարցը քննվում էր։
  • Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Արցախն այսպես հեշտ ու հանգիստ բռնի տեղահանելը չի մարսելու, հետևաբար՝ նա ամեն ինչ անում է իրավական առումով պինդ լինելու համար։ Այդ պատճառով էլ հիմա ցուցադրական կերպով առևանգվել ու Բաքվում են գտնվում Արցախի իշխանության ներկա ու նախկին ներկայացուցիչները։
  • Ադրբեջանն Արցախը կռազմականացնի, քանի որ դա կարևոր է իրենց հետագա պլանների համար։ Եվ քանի որ Հայաստանի նկատմամբ նրանք հավակնություններ ունեն, ու դա անելու են ռազմական ճանապարհով, իրենց թիկունքը պետք է ապահով լինի։ Նաև այդ պատճառով Արցախը չեն բնակեցնի։
  • Ռուսներն ամեն ինչ անելու են Արցախում իրենց խաղաղապահ մանդատը պաշտպանելու համար։
  • Մեր երկրի անկախությունը, ինքնիշխանությունը հարցականի տակ դնող Փաշինյանը հայտարարում է Հայաստանի անկախության համար պայքարի շարժում սկսելու մասին և իրեն էլ հռչակում է առաջնորդ։
  • Շոլցը Արցախի ինքնորոշման իրավունքի մասին խոսեց, որովհետև շատ լավ ծանոթ է Սերժ Սարգսյանի օրոք բանակցված CEPA-ի պայմանագրի տեքստին, որը վավերացրել էր Եվրամիության 28 երկրի խորհրդարան։ Այնտեղ հստակ գրված է, որ ստորագրող երկրները պարտավորվում են աջակցել Արցախի ինքնորոշման իրավունքին։ 
  • Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի մեջ կա մի մեծ տարբերություն․ Սերժ Սարգսյանը պատրաստ է իրեն, իր իշխանությունը զոհաբերել հանուն Հայաստանի ու Արցախի, իսկ Նիկոլ Փաշինյանը զոհաբերեց Արցախը՝ հանուն իր իշխանության։
  • Երբ Հայաստանում լինի նոր քաղաքական միջավայր, իսկ աշխարհում էլ շահերը փոխվեն, մեծ դերակատարները սկսելու են հարցեր տալ՝ այդ ինչպե՞ս եղավ, որ Արցախի բնիկ ժողովուրդը միջազգային հանրության աչքի առաջ բռնի տեղահանվեց։ Արցախի հարցը կրկին վերադառնալու է միջազգային օրակարգ։
  • Եթե Հայաստանը, որպես գործոն, արանքից դուրս եկավ, Թուրքիայի ու Ադրբեջանի համար հաջորդ թիրախը լինելու է Վրաստանը, հետո՝ Ռուսաստանը։
  • Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին սպառնալիք է հայ ժողովրդի համար․ մյուս տերություններն իրենց հարցերը կլուծեն, չնայած, որ նա բոլորին է բերել բախման դաշտ։
  • «Վալդայ» ակումբում Վլադիմիր Պուտինի հայտարարությունների մասին. քաղաքականությունն այն չի, ինչ հայտարարվում է։ 95-96 %-ով իրական քաղաքականությունն այն է, ինչ չի երևում։
  • Պարզ է, որ Արևմուտքի հետ մենք ունենք շահեր, բայց որքանո՞վ են այդ շահերն առնչվում մեր անվտանգության հետ… Շատ քիչ։
  • Հայաստանի համար հավասարաչափ վտանգավոր եմ համարում բոլոր այն գործիչներին, ովքեր ասում են՝ «Կորչի Ռուսաստանը, կեցցե Արևմուտքը», և բոլոր այն գործիչներին, ովքեր ասում են՝ «Կորչի Արևմուտքը, կեցցե Ռուսաստանը»։
  • Որևէ մեկը ՌԴ-ին չի կարող տարածաշրջանից դուրս հանել։ Եթե հանեց, Հարավային Կովկասում կսկսվի պատերազմ։ 
  • Իրանը որևէ կերպ չի ողջունելու Սյունիքում արևմտյան ռազմական ներկայություն։
  • Ես չեմ հավատում, որ Ֆրանսիայի, այն է՝ հավաքական Արևմուտքի շահերի մեջ է մտնում հայ ժողովրդին պաշտպանելը։ Սյունիքում հյուպատոսություն բացելն Իրանի ու Ռուսաստանի ներկայությունը Սյունիքում հավասարակշռելու փորձ է։

Կարդացեք նաև

  • Այս իշխանությունները մարդկանց մոլորեցնում են, թե 30 տարի երկիրը թալանել են… 30 տարի մենք «թալանում» էինք, դուք խաղաղ ապրում էիք, թշնամին էլ էշի գլո՞ւխ էր։
  • Խաղաղ ու անվտանգ ապրելու համար անհրաժեշտ է Իրանի և Ռուսաստանի հետ երկարաժամկետ կայուն հարաբերություններ ձևավորել ու Արցախի հարցը բերել օրակարգ։ Հետևաբար՝ մենք պետք է մտածենք արցախցիներին Հայաստանում պահելու մասին, որ չմտածեն՝ դեպի Արցախ ճանապարհը փակված է։
  • ՀՀԿ-ն վստահ է մի բանում՝ իշխանափոխությունը սկիզբն է Հայաստանի բանակցային դիրքերին վերադառնալու համար։ Իշխանափոխությունից հետո Ալիևը բախվելու է Արցախյան հիմնախնդրի հետ, իսպառ մոռանալու է Սյունիքի ու Զանգեզուրի միջանցքի մասին, տրվելու են անվտանգային խնդիրների լուծման բանալիները, Զինված ուժերն ունենալու են զարգացման հեռանկար, ներքին անվտանգությունը լինելու է պաշտպանված։ Միայն ՀՀԿ-ն կամ այլ քաղաքական ուժ ի զորու չէ սա անել։ Սա միասնական աշխատանք պետք է լինի՝ բոլոր կարող ուժերի ներգրավմամբ։ 
  • Արմեն Աշոտյանի խափանման միջոցը չեն փոխում, որովհետև նա մեկն է այն մարդկանցից, ովքեր կարող են հասարակությանը բացատրել՝ ինչ է պետք անել մեր երկրի անվտանգային միջավայրը բարելավելու համար: 
  • Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ ոչ ստանդարտ լուծումների ժամանակն է եկել։ Առանց ժողովրդի իշխանափոխություն հնարավոր չէ։ Առաջնորդի խնդիրը երկրորդային է։ Գտնվում ենք լուրջ ճգնաժամային իրավիճակում: Մեր ժողովուրդը սովոր է անձի տեսնել, սակայն այնպիսի իրավիճակում ենք, որ այսօր մեկ անձը միայնակ ոչինչ չի կարող անել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս