Փակվում է Հայաստանի միակ գիտատեխնիկական գրադարանը. Ի՞նչ են առաջարկում աշխատակիցները Կառավարությանը
Կառավարության 2024թ. մայիսի 2-ի նիստում որպես չզեկուցվող հարց՝ հաստատվել է «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումը։ Սրա մեջ մտնում է նաև 60 տարի գործող Հայաստանի միակ գիտատեխնիկական գրադարանը։
Խնդրի վերաբերյալ զրուցել ենք գրադարանի էլեկտրոնային քարտարանի ձևավորման բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտա Մանուկյանի հետ։
– Դեռևս 2023թ․ դեկտեմբերին եղել է շենքն օտարելու որոշում, իսկ օպտիմալացման գաղափարը եղել է 2017թ․։ Այդ ժամանակ ինչպե՞ս խուսափեցիք։
– 2017թ․ կրկին եղել է գրադարանի ճակատագրի հետ կապված խնդիր։ Որոշակի մաս Ազգային գրադարանին պետք է միացվեր, սակայն այն ժամանակվա տնօրինությունը դիմել է Հանրային խորհրդին, ԿԳՄՍ նախարարությանը, հիմնավորել են իրենց պնդումը, և պահպանվել է գրադարանը։ Հիմնավորման մեջ նշվել է, որ Գիտատեխնիկական գրադարանն իր բնույթով առանձնանում է մյուս հանրային գրադարաններից, և պետք է շարունակի իր գոյությունը՝ որպես եզակի մասնագիտացված կենտրոն։ Սակայն 2024թ․ մայիսի 2-ի որոշմամբ մենք հանկարծակիի ենք եկել, քանի որ այն իրականում ՆՁԱԿ-ի լուծարման մասին է, և պատշաճ ձևով անդրադարձ չկա այն հարցին, որ ՊՈԱԿ-ի վարչական միավորումում է գտնվում հանրապետության խոշորագույն, երբեմնի հանրապետական կարգավիճակով գիտատեխնիկական գրադարանը՝ 22 միլիոն հատուկ տեխնիկական փաստաթղթերի հարուստ ֆոնդերով։
Անտեսվում է այն, որ գրադարանների կառավարման լիազոր մարմինը ՀՀ «Գրադարանների և գրադարանային գործունեության մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ լիազոր պետական մարմինը ԿԳՄՍ նախարարությունն է, իսկ այս որոշման մեջ կարծես անտեսված է այդ կարևոր փաստը։ Նախարարությունն ընդգրկված չի եղել այս լուծարման որոշման քննարկման աշխատանքներում, չի եղել լուծարման հանձնաժողովի կազմում, ինչը համարում ենք մեծ բացթողում, քանի որ ոտնահարվում են գրադարանի շահերը։
– Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը», ֆինանսավորվելով պետական բյուջեից՝ ամբողջովին չի կատարել իր գործառույթները։ Միայն աշխատել է գրադարանը։ Հիմա ինչո՞ւ են փակում միակ աշխատող գրադարանը։ Աշխատողների հետ քննարկում եղե՞լ է։
– ՆՁԱԿ-ը ստեղծվել է 2009թ․ Կառավարության որոշմամբ։ Իրավահաջորդը Գիտատեխնիկական ինֆորմացիայի հայկական ինստիտուտն էր՝ ստեղծված 1962թ․։ Իսկ 1963թ․, որպես առանձին միավոր, ստեղծվել է հանրապետական Գիտատեխնիկական գրադարանը, որը ստեղծվեց երկրում տնտեսության համաչափ զարգացումն ու կառավարումն ապահովելու համար։ 1990-ականներին անցել է Էկոնոմիկայի նախարարության ենթակայության ներքո։ Ցավոք, 2003թ․-ից կորցրել է հանրապետականի կարգավիճակը։ ՆՁԱԿ-ը պետք է զբաղվեր նորամուծություններով և գյուտերի առևտրայնացումով, սպասարկումով, սակայն Կառավարության կողմից ՊՈԱԿ-ը ֆինանսավորում ստացել է միայն գիտատեխնիկական գրադարանի ծառայությունների հիման վրա։ Ֆինանսավորվել են գրադարանի 7 արդյունքային ցուցանիշները, ինչը գրադարանը 2009-2023թթ․ հաջողությամբ իրականացրել է, մինչ այն պահը, երբ Կառավարության կողմից փոխվեց ֆինանսավորումը, և գրադարանը դուրս մնաց այդ արդյունքային ցուցանիշներից։
– Շատերին անհայտ է Գիտատեխնիկական գրադարանը․ ովքե՞ր են ընթերցողները, ինչպիսի՞ գրականություն կամ փաստաթղթեր են ներկայացված։
– Գրադարանի ֆոնդը 22 միլիոն է, որի 91 տոկոսը կազմում են հատուկ տեխնիկական ֆոնդերը, դրանցից է արտոնագրային ֆոնդը, որն աշխարհի մակարդակով 200 երկրի 77 լեզվով արտոնագրեր, գյուտերի նկարագրություններ, ապրանքային նշաններ է ներառում։ Արտոնագրային ֆոնդը 17,5 միլիոն անուն է կազմում։ Գրադարանի համալրումը 90-ականներից հետո որոշակի նվազում է գրանցել։ Արտոնագրային ֆոնդը մինչև 2008թ․ է համալրվել ԱՊՀ երկրների տարածաշրջանային արտոնագրային վարչության էլեկտրոնային խտասկավառակների վրա գրվող պարտադիր օրինակների ձևով ստացվող գրականությամբ, իսկ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի ֆոնդը համալրվում է հիմնականում ամսական տեղեկատուներով, ցուցիչներով, և հարցումների դեպքում կարողանում ենք ուղղորդել ընթերցողին։ Այն թանկ գրականությունը, որ չենք կարողանում ձեռք բերել՝ սպասարկում ենք համացանցից։
– Նոր, ժամանակակից գրքեր մինչև ո՞ր թվականն եք ստացել։
– Մինչև 2023թ․։ Գրադարանի համալրման ուղիները հիմնականում պարտադիր օրինակն է և նվիրատվությունը՝ անհատների, կազմակերպությունների, հրատարակչությունների կողմից։ Նույնիսկ 2024թ․ անհատներից նվիրատվություններ ենք ունեցել։
– Ընթերցողները գիտության կամ տնտեսության ոլորտի մարդի՞կ են։
– Այո։ Գիտատեխնիկական բնույթի, արտադրության մասին ամեն գրականություն կա․ կոշիկի, օճառի, սանրի, չրեղենի, կաթնամթերքի, հացաբուլկեղենի, հագուստի մասին։ Այսինքն, արտադրության ինչ ոլորտ կա՝ դրա վերաբերյալ կան ստանդարտները, տեխնոլոգիաները, որոնց միջոցով կարող են նոր ապրանքատեսակ մշակել, իրենց արտադրատեսակները բարելավել։
1990-ականներին, երբ հանրապետությունում դժվարին իրավիճակ էր, արդյունաբերական միավորները չէին աշխատում, հենց մեր գրադարանում պահվող փաստաթղթերի շնորհիվ բազմաթիվ կազմակերպություններ, որոնք այսօր կայացած են, աշխատատեղեր են ապահովում, ստեղծել են հայրենական արտադրության միավորներ։ Հավելեմ, որ 1990-ական թթ․ այդ դժվարին տարիներին գրադարանի ֆոնդերում գտնվող ռազմարդյունաբերության գրականության հատուկ բաժին է ստեղծվում, այն ժամանակ նորաստեղծ հայկական բանակին ինֆորմացիոն մեծ օգնություն է ցուցաբերվում, և մեծ դերակատարում է ունենում Արցախյան գոյամարտում մեր հաղթանակի կերտմանմեջ։
Ցավալի է, որ այսօր անտեսվում է դրա նշանակությունը, կարծես չեղարկվում է գիտությանը, տնտեսությանը ծառայելու հնարավորությունը։ Պարբերաբար խոսվում է գիտելիքահեն տնտեսության մասին, բայց դրան սպասարկող Գիտատեխնիկական գրադարանն անտեսվում է։
– Գրադարանն Էկոնոմիկայի նախարարության ենթակայության ներքո է, սակայն, աշխատակիցներն առաջարկել են, որպեսզի այն անցնի ԿԳՄՍՆ ենթակայությանը։ Քննարկում եղե՞լ է։
– Ոչ։ Երբ Էկոնոմիկայի նախարարությունը լուծարման որոշումը ներկայացրեց մեզ, ասաց, որ ապագայում գրադարանի ֆինանսավորումն իրենց կառույցում չեն տեսնում, և հարց առաջացավ՝ ի՞նչ է լինելու գրադարանը՝ փակվելո՞ւ է, ոչնչանալո՞ւ է, թե բ՝ա չենք փակում, մի մասը կտանք Ազգային գրադարանին, մնացած մասը համարում ենք, որ ենթակա չէ պահպանման, քանի որ համացանցում մեծ մասը կա, ուստի ենթակա է արխիվացման։
Գրադարանի ֆոնդերի մասնատումը և տարրալուծումն ուղղակի գրադարանի հարստության փոշիացում է ենթադրում։ Մարդիկ պետք է իմանան արտոնագրերի թիվը, երկիրը, տարեթիվը, որոնք նեղ մասնագիտական առանձնահատկություններ են։
– Գրականությունը թվայնացվա՞ծ է։
– Ոչ։ Ունենք 1880-90-ականներից սկսվող գրականություն, և հաշվարկվել էր, թե ֆոնդի ո՞ր մասն է ենթակա այդ պահին թվայնացման։ Մեծ գումար էր կազմում, նաև սարքավորումներով պետք է հագեցվեր գրադարանը, ուստի ընթացք չեն տվել։
– Գրականության մեծ մասը ռուսաց լեզվո՞վ է։
– Հիմնականում։ Բայց արտոնագրային ֆոնդը, որ ամենամեծն է՝ 17․5 միլիոն անուն, մեծ մասը բնագրերով է՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն։ Աշխարհի 77 լեզուներով։ Արտոնագիրը որ երկրում տրվել է տվյալ գյուտի համար՝ հենց բնագիր լեզուներով է։ Ստանդարտների, շինարարական նորմատիվների, արդյունաբերական կատալոգների ֆոնդը ռուսաց լեզվով է, քանի որ ԽՍՀՄ տարիներին շփման լեզու է համարվել։
– Գրադարանը մասնաճյուղեր ունի մարզերում․ նաև դրա՞նք են փակվելու։
– Այո։ 1960-ականների վերջում անհրաժեշտություն է առաջացել հանրապետության խոշոր արդյունաբերական քաղաքներում նույնպես ունենալ մասնաճյուղեր, և ստեղծվել է Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Հրազդանում։
Յուրաքանչյուր մասնաճյուղ համալրվել է համապատասխան գրականությամբ․ Կապանում՝ քիմիական արդյունաբերության, հանքարդյունաբերության, Գյումրիում՝ տեքստիլ արդյունաբերության և այլն։ Նայած՝ որ տարածաշրջանում ինչպիսի արտադրական միավորներ են գործել։
– Գրադարանը տարեկան քանի՞ ընթերցողի է սպասարկում։
– Գրադարանն ունի 8500 ընթերցող, մոտ 200 անհատներ և կազմակերպություններ սպասարկվում են մշտապես՝ էլեկտրոնային առաքման միջոցով։
– Ի՞նչ է սպասվում աշխատողներին։
– Գործազրկություն։ 4 մասնաճյուղը ներառյալ՝ աշխատողների թիվը 72 է, ու համալրելու են գործազուրկների բանակը։ Ցավը ոչ միայն սեփական աշխատատեղ կորցնելն է, այլ մենք պայքարում ենք գրադարանի գոյությունը պահպանելու համար։ Գիտատեխնիկական գրադարանը միայն մեր աշխատատեղը չէ, այն ամբողջ հանրապետության միակ և եզակի հարուստ պաշարները պարունակող, պահող, ժամանակի մեջ փոխանցող միակ գրադարանն է և պետք է շարունակի իր գործունեությունը։ Ցանկալի է, որ համալրվի նոր, ժամանակակից գրականությամբ, թվայնացման աշխատանքներ արվեն։ Լուծարման ճանապարհով տանելու փոխարեն՝ ավելի կառուցողական մոտեցում պետք է լիներ և վերազինվեր, տեխնիկական համալրումներ ունենար։
Նշեմ, որ շենքերը դրված են օտարման, մի քանի աճուրդ է տեղի ունեցել։ Գրադարանի մեծ շենքը գտնվում է Կոմիտաս 49/3 հասցեում, և կառուցվել է հենց գրադարանի և գիտատեխնիկական ինֆորմացիայի ինստիտուտի համար։ Մեր խնդրանքը, պահանջն է՝ պահպանել գրադարանը։