Բաժիններ՝

Իտալերեն ամսագրի թղթակիցն անդրադարձել է Ռուբեն Էլբակյանի փարիզյան համերգին

Ֆրանսիայում հրատարակվող «La Voce» իտալերեն ամսագրի թղթակից Մարիո Վեկչիոնեն հոդվածով անդրադարձել է Ռուբեն Էլբակյանի՝ հունիսի 12-ին Փարիզի հանրահայտ Սեն Ռոհ եկեղեցում ունեցած համերգին։

Ներկայացնում ենք  «Ոգեղեն Հայաստանի նշանավոր զավակ Ռուբեն Էլբակյանը իր հայրենիքի երաժշտական ժառանգությունն է փառաբանում Փարիզի սրտում` հայտնի Սեն Ռոհ եկեղեցում» վերտառությամբ հոդվածի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը։

«2024 թվականը որպես Ֆրանսիայում Հայաստանի տարի հռչակելու ծրագրի շրջանակներում, հունիսի 12-ին Փարիզի հանրահայտ Սեն Ռոհ եկեղեցում «Հայկական երաժշտության անթոլոգիա» եզակի երաժշտական միջոցառում է անցկացվել, Ֆրանսիայի Մշակույթի նախարարության աջակցությամբ և ֆրանս-հայկական մշակութային նշանավոր դեսպան Ռուբեն Էլբակյանի կատարմամբ։

Ժամը 20:45-ն է, սրահը լի է հանդիսատեսով, և միայն ներկաների սրտերի բաբախումն է խախտում ծով լռությունը։ Վերջապես դաշնամուրի ստեղնի հնչյունը ազդարարում է սկիզբն այն համերգի, որի ծրագրում Մաէստրո Էլբակյանը ներառել է 20 նախնյաց և ժամանակակից մարգարիտներ՝ փայլուն դաշնակահար Գրիգորի Աբրահամյանի նվագակցությամբ:

Հնչում է մեղեդիների մի զարմանահրաշ շղթա` Լոռվա երկրագործի երգից սկսած (նեոլիթի շրջան, ակապելլա) մինչև Մաշտոց, Նարեկացի, Սայաթ-Նովա, Շերամ, Կոմիտաս։ Իր երգող ոգին` լքելով նոտաները, բռնում է մի տիեզերական ճամփորդություն` հրավիրելով հանդիսատեսին հետևել նրան։ Լքելով ներկան, մենք նավարկում ենք դեպի հին ժամանակներ։ «Ալմաստ», «Արշակ II» և «Անուշ» օպերաների մեներգերի իր կատարողական մեկնաբանությունները բառիս բուն իմաստով կախարդում են հանդիսատեսին: Զարմանալի իր ձայնի շնորհիվ մենք մտնում ենք Վան Գոգի ներկապնակի ռիթմի մեջ, ընկալում Ջոտտոյի կապույտի ներդաշնակությունը և Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզացու հողախառն զգեստը: Ինչ վերաբերում է «Բամ Որոտանի»-ն` Կանաչյանի հայրենասիրական քայլերգին, ապա այն մղում է մեզ ընդառաջ մեր ճակատագրին, առաջ` դեպի հույսի վաղվա օրը:

Այնուհետև հնչում են Եկմալյան, Ալեմշահ և որպես եզրափակիչ ծաղկեփունջ՝ Այվազյանի «Իմ Հայաստան»-ը, որը ոտքի է հանում հանդիսատեսին: Մենք մոռանում ենք այս աշխարհի փոքրությունը՝ բարձրանալով Ռուբեն Էլբակյանի արևաշող նոտաներով դեպի ջերմ Արեգակ։ Համերգն ավարտվում է ծափերի որոտով։

Այս Արտիստը Հայաստանի ու մեծն Շառլ Ազնավուրի արժանի հոգեվոր զավակն է։ Նրա զորությունը, կենսական եռանդը բխում են իր անսահման սիրուց` իր փառահեղ Հայրենիքի հանդեպ։ Grazie Maestro»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս