Իրանը ներկայացրել է իր թվային արժույթը

Իրանը ներկայացրել է իր թվային արժույթը կիրակի օրը տեղի ունեցած արարողության ժամանակ, որին ներկա են եղել Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ֆարզինը և երկրի բանկերի մի քանի բարձրաստիճան ղեկավարներ, հաղորդում է Mehr-ը:

Թվային արժույթը թողարկվել է էլեկտրոնային տեսքով Իրանի Կենտրոնական բանկի կողմից։ Ավելի վաղ Իրանի Կենտրոնական բանկը հայտնել էր, որ ծրագրում է թվային արժույթ մտցնելել՝ երկրի բանկային ցանցի հաճախորդների համար գնումները հեշտացնելու համար:

Իրանի Կենտրոնական բանկի տվյալներով, իր թվային արժույթի փորձնական տարբերակը պատրաստ էր ներմուծման համար Իրանի հարավում գտնվող Քիշ կղզում՝ ծրագրի շրջանակներում մի քանի տարվա աշխատանքից և հետազոտություններից հետո։ Կենտրոնական բանկը հուսով է, որ փորձնական հարթակը թույլ կտա բանկին, վերջապես, գործարկել Իրանի ազգային արժույթի՝ ռիալի թվային ձևը:

Իրանական «Մելլաթ» և «Թեջարաթ» բանկերը իրենց ներդրումն են ունենալու Քիշի փորձնական նախագծում, որը պետք է գործարկվի հուլիսին: Իրանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ թվային ռիալը օգտագործվելու է մանրածախ գործարքների, այդ թվում՝ ապրանքների և ծառայությունների գնման համար։

Իրանը թվային արժույթի իր ծրագիրը սկսել է 2021 թվականին՝ նախնական ուսումնասիրությունից և երկրի Արժույթի բարձրագույն խորհրդի հաստատումից հետո: Իրանի Կենտրոնական բանկն ընդգծել է, որ թվային ռիալի գործարկումը նպատակ ունի աջակցել Իրանի թվային տնտեսությանը և բարձրացնել վճարային ենթակառուցվածքի կայունությունը։

Տեսանյութեր

Լրահոս