Ինչպե՞ս են անվանում այն տղամարդուն, ով իր ասածին տրամագծորեն հակառակ բանն է անում. հարց՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին
Շուրջ 2 շաբաթ առաջ ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) քննիչները՝ բավականին տպավորիչ կազմով, նաև պարեկների ներգրավվածությամբ, գնացել էին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենք՝ առգրավելու համար Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող, բայց նրա օգնական Աշոտ Դանիելյանի կողմից շահագործվող ծառայողական ավտոմեքենան:
Այդ օրը ավտոմեքենան տանել չհաջողվեց, և մի քանի ժամ Արցախի ներկայացուցչությունում մնալուց, Աշոտ Դանիելյանին, նրա փաստաբանին համոզելու ապարդյուն փորձերից հետո, որ բացեն դարպասները, քննիչները ուշ գիշերով հեռացան ձեռնունայն՝ իհարկե, կաշկանդվելով նաև լրագրողների ներկայությունից: Մի քանի ժամ տևող ողջ գործընթացն իրականացվում էր ուղիղ եթերում:
Աշոտ Դանիելյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ գործընթացն ապօրինի էր:
«Արցախի ներկայացուցչության շենքին հարող տարածքը հանդիսանում է բնակարան և ունի սեփականության գրանցման վկայական: Քննիչները պատրաստվում են առգրավում իրականացնել բնակարանից՝ առանց դատարանի որոշման»,- հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոման Երիցյանը՝ հավելելով՝ տեղի ունեցողը բացահայտ ճնշում է Արցախի պաշտոնյաների նկատմամբ, որպեսզի նրանք իրենց հեղինակությունը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում չօգտագործեն:
Այս չստացված առևանգման գործողությունից օրեր անց՝ հունիսի 13-ին, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը եկել էր աջակցելու Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին, երբ դատարանում քննվում էր վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու հարցը:
Սամվել Շահրամանյանն այդ օրը լրագրողների հետ զրույցում թեև իրեն բնորոշ զուսպ ոճով, սակայն բավականին կոշտ գնահատականներ հնչեցրեց ՀՀ գործող իշխանության ու, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ:
«Ես իմ ելույթներում նշել եմ՝ ժամեր անց մենք հասկացել ենք, որ մենակ ենք, և դիմադրել Ադրբեջանի զինված ուժերին՝ 1/12 հարաբերակցությամբ, հնարավոր չէր: Եվ պետք էր փրկել կյանքեր, գնալ ամեն քայլի և փրկել կյանքերը, ինչն Արցախի կառավարությունն արել է: Իսկ Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կենդանի պատանդ էր մնացել և ապահովել մեր բնակչության դուրսբերումը: Ավելի մանրամասն հետագայում կանդրադառնամ: Ինչ վերաբերում է հարցին, որ այդտեղ միլիարդավոր զենքեր ենք թողել՝ սարքին, կարգին, յուղած, ես ուզում եմ տեղեկացնել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է որ լավ իմանա՝ սպառազինությունն ում հաշվեկշռում էր գտնվում, ով էր պատասխանատու այդ սպառազինության համար, ում էր ենթարկվում Պաշտպանության բանակը (ՊԲ): Սամվել Բաբայանը վերջերս անդրադարձել է այդ հարցին, որ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին վայրկյանը ենթարկվել էր ՀՀ կառավարությանը և հանդիսանում էր ՀՀ ՊՆ-ի կառուցվածքային ստորաբաժանումը»,- շեշտել էր նա:
Այդ ճեպազրույցից շուրջ 8 օր անց՝ երեկ, Քննչական կոմիտեի քննիչները, հատուկջոկատային դիմակավորված ծառայողների հետ միասին, կրկին եկան Արցախի ներկայացուցչություն և դարպասները կրկին փակ գտան: Ռոման Երիցյանի խոսքով՝ չսպասելով անգամ 7 րոպե որոշակի ճշտումներ կատարելու համար, ջարդեցին դարպասները, քանդեցին մեքենայի անիվներն ու տարան այն:
Ի պատասխան ՔԿ հաղորդագրության, թե գործընթացը քաղաքական չէ, փաստաբան Ռոման Երիցյանը նկատում է՝ եթե քաղաքական չէ, թմրանյութերի գործի շրջանակում մեքենան մի քանի ամիս առաջ կրկին առգրավվել, ստուգվել ու վերադարձվել է Աշոտ Դանիելյանին՝ ի տնօրինումն Արցախի նախագահի, այդ դեպքում ինչո՞ւ են հիմա կրկին մեքենան այս մեթոդներով տանում:
Գիշերը՝ 22:30-ին, Արցախի նեկայացուցչություն այցելեց «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով դեռ ժամեր առաջ՝ Կիրանցում գտնվելու ժամանակ էր իմացել Արցախի նախագահի շուրջ կատարվող իրադարձությունների ու նրան սպասարկող մեքենայի առգրավման մասին, ասել էր՝ Երևան հասնելուն պես կայցելի նախագահին ու նրան կնվիրի իր մեքենան:
Բագրատ սրբազանը հենց այդպես էլ արեց. Սամվել Շահրամանյանին նվիրեց իր մեքենայի բանալիները, և թեպետ վերջինս ասաց՝ դրա կարիքը չկա, սակայն Սրբազանը պնդեց՝ սա անհրաժեշտ է, որպեսզի հստակ ուղերձ լինի այն մարդկանց, ովքեր չնչին, էժան կերպով փորձում են ճնշել մարդկանց:
Բագրատ սրբազանի հետ ֆակ ֆորմատով հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում, սակայն, Արցախի նախագահն ուշագրավ բացահայտումներ արեց՝ նախ հայտարարելով, որ իշխանության կռիվը մեքենայի դեմ չէ, սա ուղղակի Արցախի մնացորդների վերացման հարց է։
«Այն, ինչ կատարվեց այսօր, ընդհանրապես դրա անհրաժեշտությունը չկար: Հունիսի 7-ին, երբ Քննչական կոմիտեի քննիչները եկել ու փորձել են տանել մեքենան, հետո հասկացել են, որ դա անօրինական է, և դրա համար պետք է լինի դատարանի համապատասխան որոշում, հեռացել են։ Այդ նույն երեկոյան ես հեռախոսազրույց եմ ունեցել Քննչական կոմիտեի ղեկավարի հետ՝ իր նախաձեռնությամբ։ Մեր վերջնական խոսակցության արդյունքը եղել է այն, որ ինքն ասաց՝ իրեն սխալ են զեկուցել, և այդ սխալ զեկույցը փակելու համար ինքնագլուխ որոշումներ են կայացրել՝ մեքենան առգրավելու, և ինքը չի իմացել, որ այդ մեքենան սպասարկում է Արցախի նախագահին, և եթե իմանար, այդպիսի բան չէր լինի։ Ես իրեն փոխանցել եմ, որ անհրաժեշտության դեպքում անհետաձգելի ինչ-որ քննչական գործողություններ անելու համար պատրաստ եմ այդ մեքենան, որտեղ ասեք՝ ուղարկեմ: Եվ այսօր այս իրավիճակը որ ստեղծվել է ինձ ՔԿ հրավիրելուց հետո, անթույլատրելի եմ համարում և դատապարտում եմ, որովհետև դրա իմաստը չեմ տեսնում: Մենք էդ մեքենան որտեղ ասեին, կուղարկեինք: Եվ մեր պայմանավորվածությունն այդպիսին էր: Եվ այն իրավիճակը, որը ստեղծվել էր այստեղ՝ մուտքի դռները ջարդելով՝ մեքենան բռնի տանելով, դա ուղղակի ցույց է տալիս վերաբերմունքն Արցախի նկատմամբ»,- ասաց Սամվել Շահրամանյանը:
Այսինքն՝ ստացվում է, հունիսի 7-ի դեպքերից հետո՝ երեկոյան, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, նույն այն Քյարամյանը, ով որպես Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում էր, ու առնվազն տեսել է՝ ինչ է այնտեղ կատարվում, և ով, ըստ չհերքված տեղեկությունների, առաջիններից մեկն է լքել հանձնվող Շուշին, զանգում է Արցախի նախագահին ու նախ ընդունում, որ իր աշխատողներն իրեն խաբել են (բայց դա իրենց ներքին խնդիրն է, և Քյարամյանն ինքը թող հասկանա՝ ոնց է լինում, որ իրեն խաբում են, եթե, իհարկե, եղել է նման բան,- Գ.Ս.), հետո ասում՝ ինքը չգիտեր, որ այդ մեքենան սպասարկում է Արցախի նախագահին, ապա ասում՝ նման բան չի կրկնվի:
Միգուցեև չկրկնվեր, եթե Սամվել Շահրամանյանը կոշտ չարտահայտվեր Նիկոլ Փաշինյանի հասցեին, բայց քանի որ Արգիշտի Քյարամյանի համար Փաշինյանը սրբության սրբոց է, ու նրան չի կարելի քննադատել անգամ, ուրեմն բոլոր պայմանավորվածությունները չեղարկվում են, և օրեր անց արդեն նրա իսկ հրահանգով ջարդվում են Արցախի ներկայացուցչության դարպասները, ու մեքենան տանում են: Ու սա այն դեպքում, երբ Արցախի նախագահն ասում է՝ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում մեքենան ուր ասեն՝ կուղարկի:
Հիմա Արգիշտի Քյարամյանը, եթե փոքր ժամանակ երբևէ բակ իջել է, խաղացել է, հասակակից տղաների հետ կռվել, ծեծվել, ընկերացել, հետո դպրոց է ավարտել, ուսանող եղել, աշխատել, մեծացել ու դարձել ՔԿ նախագահ, կարո՞ղ է ասել՝ ինչպե՞ս են անվանում այն տղամարդուն, էլ չենք ասում՝ պաշտոնյային, ով իր ասած խոսքին տրամագծորեն հակառակ գործողությունն է անում:
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ով երևի շատ անգամներ եղել է Արցախում, քայլել Վերածննդի հրապարակում, սուրճ խմել «Արմենիա» հյուրանոցի բացօթյա հատվածում, կենաց ասել Արցախի մասին, վայելել Արցախի բնությունը, ինքնամոռաց ծափահարել իր կուռքի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» բոթաբեր նախադասությանը, ի՞նչ է մտածել, երբ տեսել է՝ ինչպես են ջարդում հայրենիք կորցրած արցախցիների տան դռները Հայաստանում:
ՔԿ աստվածավախ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ով գերազանց տիրապետում է պատարագի, դրա վարման ու ընթացքի բոլոր նրբություններին, երբ հերթական անգամ կիրակնօրյա պատարագի կմասնակցի եկեղեցում, թող շատ ուշադիր լինի. եկեղեցիներում՝ պատարագների ժամանակ, հաճախ են հիշում Արցախի մասին: Հանկարծ ինքն էլ մեխանիկորեն չաղոթի Արցախի համար: Դա, վստահաբար, դուր չի գա «շեֆին»: