
Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար:
ՌԴ Պաշտպանության նախարարությունը «Տելեգրամ»-ում հաղորդագրություն է տարածել այն մասին, որ անցած գիշեր կասեցվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման փորձը դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա:
Ըստ հաղորդագրության՝ ՌԴ ՊԲ հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերը երկու անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բրյանսկի մարզի տարածքում, ևս երկուսը՝ Սմոլենսկի մարզում և մեկ անօդաչու էլ՝ Ազովի ծովի վրա։
Նշվում է, որ ի պատասխան ռուսական էներգետիկ օբյեկտներին վնաս պատճառելու փորձերի՝ այս գիշեր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը օդային և ծովային ճշգրիտ, հեռահար , ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել ուկրաինական էներգետիկ օբյեկտներին, որոնք ապահովում էին ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, ինչպես նաև զինամթերքի և ավիացիոն զենքերի պահեստները:
Ուկրաինայի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն էլ հաղորդել է, որ երեկ Խարկովում ռուսական հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 29-ը։
Նշվում է, որ հարվածներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքների, վնասվել են բնակելի շենքեր ու առանձնատներ: