Բացահայտելով հոգեբանի հետ. կպչուն մտքերի նևրոզ
Կպչուն մտքերի, կպչուն գործողությունների նևրոզը (Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում) աշխարհում շատ տարածված է, միջազգայնորեն դասակարգված է որպես հոգեբուժական խնդիր, սակայն երևույթի հաղթահարման ուղղությամբ հոգեբանները նույնպես աշխատում են, քանի որ երկարատև թերապիան շատ դրական ազդեցություն է թողնում նման խնդիր ունեցողների վրա։
«Արմենպրես»-ի՝ «Բացահայտելով հոգեբանի հետ» փոդքասթային նախագծում հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Մարիանա Ավետիսյանը ներկայացրեց, թե ինչպես է արտահայտվում երևույթը․
«Մարդը կարող է երկարատև արարողակարգի վերածել, օրինակ, լվացվելու գործողությունը, նրան կարող են նյարդայնացնել օբյեկտները, իրերը, մարդը կարող է ֆիքսված լինել մաքրության վրա, հաճախակի ստուգել՝ փակել է դուռը, թե ոչ, կամ, օրինակ, 7 անգամ ստուգել՝ անջատել է արդյոք գազը, արդուկը։ Այսինքն՝ անընդհատ մտքեր ունի, որ դա չի արել և անընդհատ գործողությունը կրկնում է։ Երբեմն գործողությունը կրկնելուց զատ, նրա մոտ առաջանում են մտքեր, որ եթե այդ գործողությունը չանի ինչ-որ վատ բան կպատահի իր կամ հարազատների հետ, կամ կարող է այնքան անել գործողությունը մինչև միտքը հանգստանա»։
Մտքերն ու գործողությունները կրում են ռիտուալային բնույթ, որը մարդուց հսկայական ժամանակ և էներգիա է խլում։
Երևույթի առաջացման ֆիզիոլոգիական պատճառ է դիտարկվում գենային ֆոնը, այսինքն՝ գուցե գեներում եղել է որևէ խնդիր, որն ակտիվացել է։
«Բայց այսօր գենետիկայի հետ կապված էլ մենք ունենք հետաքրքիր ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են, որ մեր գեներում ցանկացած տեսակի հիվանդություն կարող է լինել, սակայն եթե դրա համար չստեղծվեն նպաստավոր պայմաններ, այդ գեները կարող են այդպես էլ չակտիվանալ, և մարդը ամբողջ կյանքում չիմանա, որ, օրինակ, ինքն ունի շիզոֆրենիայի կամ շաքարային դիաբետի գեն։ Սակայն ակտիվանում է, եթե սոցիումը նպաստավոր պայմաններ է ստեղծում։ Սոցիալական նպաստող գործոններ են տրավմանները, սթրեսերը, օրինակ՝ պատերազմը, ջրհեղեղը, հարազատ մարդու վաղաժամ կորուստը կամ ուղղակի կորուստը»,- պարզաբանում է մասնագետը։
Խոսելով երևույթի սեռատարիքային դրսևորումների մասին՝ նա նկատում է՝ եթե 10 տարի առաջ կպչուն մտքի նևրոզով այցելուները ավելի մեծ տարիքի էին, այսինքն՝ 28-ից բարձր, հիմա այն նկատվում է նաև երեխաների մոտ։ Այսինքն՝ երևույթը երիտասարդացել է։