Ադրբեջանական առաջխաղացումների և ավելի քան 150 քկմ ՀՀ օկուպացված տարածքի համար միայն զինվորականնե՞րն են մեղավոր

Հոկտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն անդրադարձել է 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի, 2021 թվականի նոյեմբերի 14-16-ն ընկած ժամանակահատվածում՝ Իշխանասարի և Ջերմուկի, 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում՝ Ջերմուկի, Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի և այլ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի և ՀՀ սուվերեն տարածք մխրճվելու և օկուպացնելու դեպքերին:

«Մասնավորապես՝ պարզվել են 2021 թվականի մայիսի 12-ին Գեղարքունիքի մարզի ուղղությամբ պաշտպանություն իրականացնող բարձրաստիճան սպաների՝ բանակային կորպուսի հրամանատարի և զորամասի հրամանատարի կողմից մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հանգամանքները, որի հետևանքով հակառակորդն անարգել, մինչև 3.5 կմ խորությամբ, մխրճվել է ՀՀ սուվերեն տարածք։ Մեղադրանք է ներկայացվել գեներալ-մայորի և գնդապետի կոչումներ ունեցող բարձրաստիճան սպաների և որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Բացի այդ, պարզվել են 2021 թվականի նոյեմբերի 14-ին Զինված ուժերի` Իշխանասար լեռան ուղղությամբ գործող բանակային կորպուսի և զորամասի հրամանատարների, այլ սպաների կողմից մարտական հերթապահության կրման կանոնների խախտման, ինչպես նաև՝ նոյեմբերի 16-ին նույն ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող մարտական 3 դիրքերի անձնակազմի կողմից մարտական հերթապահությունը ոչ ճիշտ կազմակերպելու և իրականացնելու հանգամանքները, որի հետևանքով հակառակորդը գերեվարել է 21 զինծառայողների, սպանել 3-ին։

Նշված հանցավոր արարքները կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել բանակային կորպուսի հրամանատարի, զորամասի հրամանատարի, գումարտակի, վաշտի, դասակի, ջոկի հրամանատարական պաշտոններ զբաղեցրած ընդհանուր 10 զինծառայողների նկատմամբ։ Քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան»,- մանրամասնել է ՔԿ նախագահը՝ հավելելով, որ քննության առարկա են դարձվել նաև 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ակտի ընթացքում ՀՀ զինված ուժերի զինծառայողների առանձին գործողությունները, որոնց վերաբերյալ նախաձեռնվել է 27 քրեական վարույթ։ Նշված վարույթների շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 17 զինծառայողի, որոնցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթներից 5-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, մյուսներով նախաքննությունը շարունակվում է:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ 2021-ի մայիսին ադրբեջանական ներխուժումների գործով մեղադրվում է գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը, որն այդ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն է:

2022 թվականի դեկտեմբերին տարածված դատախազության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում էր, որ 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ հրամանատարության անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ:

Այս գործով անցնում է նաև ՊՆ N զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Վիգեն Սիմոնյանը: Գեներալ Հարությունյանի գործն արդեն դատարանում է:

Ի դեպ, 2021-ի մայիսին ադրբեջանական ներխուժումներից հետո՝ 2021-ի օգոստոսի 9-ին, Արայիկ Հարությունյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, որից ազատվել էր 2022 թվականի փետրվարի 18-ին:

168.am-ը գրել էր, որ ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արայիկ Հարությունյանը նշանակվել էր Հատուկ հանձնարարություններով ավագ սպա: Այսինքն, գեներալ Հարությունյանին 2021 թվականի մայիսին ադրբեջանական ներխուժումների փաստով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեղադրել է միայն դեպքից ավելի քան 1 տարի հետո:

Հիշեցնենք նաև, որ 2021 թվականի՝ Ադրբեջանի կողմից մայիսյան առաջխաղացումներից օրեր անց Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կութ, 2-րդ բանակային կորպուս, և տեսագրության մեջ երևում է, որ այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը Փաշինյանին ցույց է տալիս ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցիներին, ինչ-որ քայլեր անելու առաջարկներ անում, որին Փաշինյանը բացասական պատասխան է տալիս:

Մինչ այժմ հայտնի չէ՝ արդյոք քննության առարկա դարձա՞վ այս տեսանյութը, թե՞ ոչ՝ չնայած մեր տարբեր փորձերին:

Իսկ այսօր՝ 2023 թվականի հոկտեմբերի 10-ին, ՀՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշվում է.

«Վ.Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, 2021 թվականի նոյեմբերի 14-ին ժամը 08:30-ին զորամասի հրամանատար Ա.Մ.-ին թույլատրել է ներկայանալ հակառակորդի հետ նախատեսված բանակցություններին: Այնուհետև, Ա.Մ.-ից ստացել է զեկույց, որ հակառակորդը ճանապարհը բացելու վերաբերյալ կոնկրետ պատասխանի է սպասում, որից հետո անձնակազմին տվել է մարտական հերթապահության պարտականությունների կատարումից շեղող հրաման:

Տվյալ բնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՊՆ N զորամասի հրամանատար Ա.Մ.-ն բանակցությունները դադարեցնելու և հակառակորդի առաջխաղացումը մարտ վարելով կանխելու վերաբերյալ ժամանակին հրաման արձակելու փոխարեն՝ բանակցություններին ներկայացած հակառակորդի մյուս սպաների հետ շտապել է ՀՀ ՊՆ N զորամասի համահավաք վաշտի զինծառայողների կողմից զբաղեցված բնագիծ և բավարարվել միայն իր տեղակալ Գ.Ի.-ի կողմից նշված վաշտի զինծառայողներին՝ «Մարտական դիրք» կեցվածք ընդունելու, նախազգուշական կրակ բացելու և հակառակորդի առաջխաղացումը կանգնեցնելու ու ՀՀ տարածք ներթափանցումը չթույլատրելու վերաբերյալ հրամանով, ինչի արդյունքում անձնակազմի հետ միասին հայտնվել է շրջափակման մեջ:

Համահավաք ստորաբաժանման վաշտի հրամանատարներ Մ.Փ.-ն և Ա.Թ.-ն, Գ.Ի.-ի հրամանով գործելու փոխարեն, տրվել են հակառակորդի հոգեբանական ճնշմանը և, առանց դիմադրության ու վերադասի թույլտվության, թողել զբաղեցրած բնագիծը՝ զորամասի հրամանատարի հետ ընկնելով շրջափակման մեջ:

Դրա հետևանքով, հակառակորդն առանց դիմադրության ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք և վերահսկողության տակ վերցրել մի շարք մարտական դիրքեր»:

Դատախազի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 6-ին որոշում է կայացվել Վ.Գ.-ի, Ա.Մ.-ի, Մ.Փ.-ի և Ա.Թ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումները փոփոխելու և նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը):

Այստեղ խոսքը, ըստ էության, Վահրամ Գրիգորյանի մասին է, ում 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատեցին Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհից հետո, որին զոհ գնաց 15 զինծառայող:

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ էր հրավիրել, որտեղ տեղեկացրել էր, որ որոշում է կայացրել Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել Սուրեն Պապիկյանին:

«Այս որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում: Ես պարոն Կարապետյանին առավոտյան հրավիրել եմ և շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, ասել եմ, որ գնահատում եմ կատարված աշխատանքը, բայց այս պահին իրադրությունն ինձ հանգեցրել է որոշման, որ պիտի Պաշտպանության նախարարի փոփոխություն տեղի ունենա:

Այսօր մենք նախ կլսենք Գլխավոր շտաբի պետի՝ պարոն Դավթյանի զեկույցը ստեղծված իրադրության և ընդհանուր առմամբ օպերատիվ իրավիճակի մասին, նաև իրավիճակի վերլուծություն կանենք և մի քանի ուղղություններով կփորձենք որոշում կայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված մեր գործողությունների վերաբերյալ»,- նշել էր Փաշինյանը:

2023 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր տեսաուղերձում անդրադառնալով իր ազատման պատճառներին, պնդել էր.

«Ես գեներալ-մայոր Արշակ Հենզրիկի Կարապետյանը՝ ՀՀ նախկին պաշտպանության նախարար…, որը պաշտոնից հեռացվեց այն պատճառով, որ չընդունեց ադրբեջանական կողմի պահանջները՝ ուլտիմատումը, որը հրաման տվեց կրակ բացել հակառակորդի վրա նրա առաջխաղացման դեպքում, և այն դեպքերում, երբ նա կփորձի ներխուժել ՀՀ տարածք․․․»։

Ի դեպ, 2021-ի նոյեմբերի 15-ին Արշակ Կարապետյանին ազատելու որոշումից օրեր անց՝ նոյեմբերի 17-ին, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր.

«Ի բնե հնարավոր չի այնպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման, դա կլինի ուղիղ պետական դավաճանություն»:

Արշակ Կարապետյանի՝ քաղաքական պայքար սկսելու համատեքստում նրա և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների թեմային դեռ կանդրադառնանք, ինչպես նաև՝ 2021 թվականի նոյեմբերյան մարտերին՝ ով էր տվել կրելու հրաման և ով չէր տվել, ինչ չէին արել Արշակ Կարապետյանը կամ Սուրեն Պապիկյանը, և ինչ էին արել Արշակ Կարապետյանը և Սուրեն Պապիկյանը:

Մի բան հստակ է՝ Նիկոլ Փաշինյանը հատկապես զինվորականներին մեղադրում է ըստ քաղաքական նպատակահարմարության, ինչը նշանակում է, որ որևէ բարձրաստիճան զինվորական դրանից ապահովագրված չէ:

Տեսանյութեր

Լրահոս