ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին

Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն՝ անդրադառնալով սոցցանցերում տարածված տեղեկություններին:

«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր կեղծ և մանիպուլյատիվ բնույթի տեղեկություններ են շրջանառում ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ: Անհարկի շահարկումներ են նաև նրա ընտանիքի անդամների՝ միայն ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրերը:

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են: ԳՇ պետի կինն ու երեխաները ոչ միայն ունեն ՀՀ քաղաքացիություն, այլև 2006 թվականից մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում»,- նշված է հայտարարության մեջ:

ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈՒ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին:

Տեսանյութեր

Լրահոս